ՀՀ ցանկացած անվտանգային խնդիր այդ հատվածում ընկալվելու է՝ որպես նաև Իրանի դեմ ու Իրանի խնդիր․ իրանցի վերլուծաբան
«Հյուպատոսարանի բացումը կարծես արագացված ռեժիմով տեղի ունեցավ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացմանը ու Իրանի հղած ուղերձներին։
Կայհան Բարզեգարը նախ նկատեց, որ սա կարելի է աննախադեպ դրական քաղաքական իրադարձություն որակել հայ-իրանական հարաբերությունների համար, քանի որ այն նշանակում է, որ քաղաքական հարաբերությունները սերտանում են, նոր որակ են ձեռք բերում։
Ըստ նրա՝ պետք է նաև ընդունել, որ սա տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ու Իրանի մտահոգությունների թելադրանքն էր, քանի որ Հայաստանն ու Իրանը՝ որպես առաջնահերթություն, մշտապես դիտարկել են ոչ այնքան երկկողմ այս հարաբերությունները, որքան խնդիրները, որոնք ունեցել են թե՛ ՀՀ-ն, թե՛ Իրանը՝ ունենալով բազմաթիվ հարևաններ ու գլոբալ խնդիրներ։
«Սակայն տարածաշրջանում նոր պատերազմների վտանգը ստիպեց Իրանին քաղաքական քայլերի դիմել, որոնցից ամենաէականը հյուպատոսության բացումն է մարզում, որտեղ վտանգն ամենամեծն է, և ստիպեց անել դիվանագիտական աջակցության ամենաբարձր հայտարարությունները, որ Հայաստանի անվտանգությունը ոչ միայն կարևոր է Իրանի համար, այլև Հայաստանի անվտանգությունը դա Իրանի անվտանգությունն է և դա իրապես արտահայտում է իրավիճակը, քանի որ Հայաստանի համար նոր խնդիրների ի հայտ գալը մոտ ապագայում Իրանին է կանգնեցնելու ավելի մեծ խնդիրների առջև։
Ավելի պարզ, հստակ ու համարձակ Իրանը լինել չի կարող, Իրանի դիվանագիտությունը շատ հստակ է՝ սահմանների անքակտելիություն, խնդիրների լուծում դիվանագիտական ճանապարհով ու 3+3 ռեգիոնալ մեխանիզմի գործարկում, տարածաշրջանում օտարերկրյա ուժերի հնարավորինս քիչ ներկայություն»,- ասաց Բարզեգարը։
Նրա խոսքով, Աստանայի եռյակի ձևաչափը հաջողությամբ քննարկել է հարցեր այլ թեմաների շուրջ, Հայաստանի և ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով այդ ձևաչափով ակտիվ քննարկումներ չեն ընթանում, բայց կլինեն, քանի որ Իրանն ավելացնում է ազդեցությունը։
«Եթե մինչև հիմա այս հարցով ակտիվ երկխոսում էին Ռուսաստանն ու Թուրքիան, ապա կարծում եմ՝ մոտ ապագայում նաև Իրանը կմիանա այս խոսակցությանը, քանի որ Իրանի շահերը և կարմիր գծերը պետք է հաշվի առնվեն»,- ասաց նա։
Վերլուծաբանը գտնում է, որ հյուպատոսարանի բացումը կարծես արագացված ռեժիմով տեղի ունեցավ։ «Ինչո՞ւ, որովհետև ոչ միայն կան տարաձայնություններ, անվտանգային խնդիրներ, այլև օտարերկրյա ուժերի ակտիվություն, Հարավային Կովկասում ներկայություն ունենալու փորձեր։ Իրան-ԱՄՆ հարաբերություններում կան լարվածության տարրեր (քան մի քանի ամիս առաջ), ամեն դեպքում հռետորաբանությունը փոխվել է, ԱՄՆ-ն դեմ է Հարավային Կովկասում ՌԴ-Իրան համագործակցությանը, այս ամենը ևս Իրանի համար ազդանշան է։
Տեսնում ենք, որ կան դիտորդական առաքելություններ, իսկ հյուպատոսարան բացելու պայմանավորվածությունը վաղուց էր ձեռք բերվել, ուստի որոշում կայացվեց արագացնել, քանի որ կա նաև համաձայնագրի ստորագրման ժամկետ, այսինքն՝ զարգացումները կարող են արագանալ»,- ասաց Բարզեգարը։
Ի՞նչ կփոխի հյուպատոսարանի առկայությունը հայ-իրանական հարաբերություններում և Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակում՝ հարցին, վերլուծաբանը պատասխանեց, որ դա քաղաքական ներկայություն է այդ մարզում, որը ցույց է տալիս Իրանի համար այդ հատվածի կարևորությունը և վճռականությունը։
«Սա պետք է որ միտված լինի առկա ստատուս-քվոյի պահպանմանը։ Բարդ է խոսել հստակ զարգացումների ու հնարավոր իրանական արձագանքի մասին, քանի որ հստակ չենք կարող ասել, թե ինչ կլինի։ Բայց Իրանն արդեն ասել է, որ ՀՀ անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, ու ցանկացած անվտանգային խնդիր այդ հատվածում ընկալվելու է՝ որպես նաև Իրանի դեմ ու Իրանի խնդիր»,- ասաց նա։