Ռուբեն Վարդանյանը՝ երկընտրանքի առաջ
Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ քաղաքականություն մուտք գործելը լուրջ մտահոգություններ է առաջացրել նրա բիզնես գործընկերների շրջանում: Ըստ 168.am-ի աղբյուրների՝ նույնիսկ Վարդանյանի հարազատ «Ամերիաբանկի» ղեկավարությունն է «սվիններով ընդունել» նրա այդ քայլը՝ ցանկանալով կանխիկ գումարով ձեռք բերել նրա մասնաբաժինը և զերծ պահել բանկը քաղաքականացված Ռուբեն Վարդանյանի հետ առնչությունից: Եթե նախկինում «Ամերիաբանկը» ֆինանսական շուկայում դիրքերն ամրացնելու համար ցանկանում էր կլանել առևտրային բանկերից մեկը, ապա այժմ «Ամերիաբանկի» ղեկավարությունը կենտրոնացել է հիմնադիր Ռուբեն Վարդանյանի մասնաբաժինը ձեռք բերելու և նրա հետ գործնական հարաբերություններից, համապատասխանաբար՝ նաև քաղաքականությունից հեռու մնալու վրա: Սա նշանակում է, որ բանկը շոշափելի ֆինանսական ծախս է իրականացնելու՝ միաժամանակ առաջիկա տարիների կտրվածքով փաստացի հրաժարվելով ընդլայնվելու հավակնությունից:
Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ տարաձայնություններ են առաջացել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի միջև: Պատճառը կրկին Ռ. Վարդանյանի՝ քաղաքականություն մուտք գործելն է: Նուբար Աֆեյանը, ըստ մեր աղբյուրների, համոզված է, որ այդպիսով լուրջ վնաս կհասցվի «Ավրորային»:
Հիշեցնենք, որ բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ էր արել միանալ հանուն Արցախի պայքարին։
«Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է»,- ասել էր Ռուբեն Վարդանյանը։
Նա ասել էր նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար։
Հոկտեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել: Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում, քանի որ զոհասեղանին, որպես ազգ, մեր ապագան է դրված: Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում: Մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու հավակնությունները և համախմբենք բոլոր առողջ ուժերին ինչպես Արցախում, այնպես էլ ողջ հայկական աշխարհում՝ հստակ գիտակցելով մեր առջև ծառացած մարտահրավերների լրջությունը»: