Գույք ձեռք բերելը պետք է լինի ոչ թե քաղաքացիություն ստանալու երաշխիք, այլ այն ստանալու համար դիմելու պայման. քաղաքացիները՝ պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելու նախագծի մասին
Շրջանառության մեջ է դրվել «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը:
Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝ կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով, առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով, պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով, անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը (պետության կողմից հավանության արժանացած)՝ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով, 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղի հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն ունի 500 և ավելի աշխատող Հայաստանի Հանրապետությունում, 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում, 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում, Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ ունենալը և այլն:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն որոշումն ընդունելու արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը:
Հարթակում ներկայացված նախագծի քննարկումների բաժնում քաղաքացիներից մեկը, ի դեպ, առաջարկել է վերացնել երկքաղաքացիություն կոչված չարիքը:
Մյուսն էլ նախագիծը համարել է խայտառակություն՝ նշելով. «Դրամի դիմաց քաղաքացիության շնորհումը նույնն է, ինչ հայրենիքի վաճառք: Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է ունենան այդ իրավունքը, հակառակ դեպքում սա պետության վախճանն է լինելու, և արդեն մենք չպետք է հույս կապենք Հայաստանի հետագա ճակատագրի հետ»։
Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ 150.000 դոլարը չափազանց փոքր գումար է նախագծի համար։ Ըստ նրա՝ անշարժ գույքի հատվածը ընդհանրապես հանել է պետք անկախ գումարի չափից։
ՀՀ ոստիկանության և վիզաների վարչության նախկին պետ, «Միգրացիա և քաղաքացիություն» իրավաբանական գրասենյակի ղեկավար Մնացական Բիչախչյանն էլ Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու իրավունք ձեռք բերելը դեռևս իրենից չի ենթադրում պարտադիր շնորհում: Հետևաբար, առաջարկվում է որոշման նախագծում ամրագրել դրույթ, համաձայն որի՝ դիմումատուների համար պարզ դառնա, որ անշարժ գույք, պետական պարտատոմս ձեռք բերելուց, ներդրում կամ որոշմամբ սահմանված այլ գործողություններ կատարելուց հետո պետք է անցնի հատուկ ընթացակարգով, եթե ԱԱԾ-ի կողմից տրվի բացասական եզրակացություն, ապա չի ստանա ՀՀ քաղաքացիություն: Այսինքն, գույք ձեռք բերելը պետք է լինի ոչ թե քաղաքացիություն ստանալու երաշխիք, այլ այն ստանալու համար դիմելու պայման. «եթե չլինի դա, չես կարող դիմել» կոնցեպտով: Ոչ թե. «եթե ձեռք ես բերել գույք, ապա պարտադիր կստանաս քաղաքացիություն»: Որոշման նախագծով գույք ձեռք բերելու համար սահմանված է 10 տարի ժամկետ:
Անհասկանալի է պարտադիր ժամկետային պայմանով գույք ձեռք բերելը. ցանկացած պահի նա իրավունք ունի վաճառել այն, ընդ որում, նշված գույքը չի էլ կարող ծանրաբեռնվել գրավով: Ժամկետներ են սահմանված նաև մյուս գործողությունների համար: Իրավական ակտերով տրված չեն լուծումներ նշված հիմքով քաղաքացիություն ստանալուց հետո պայմանը խախտելու հետևանքների վերաբերյալ. այսինքն, եթե երկու տարի հետո վաճառեց գույքը, ի՞նչ հետևանք կարող է վրա հասնել: Իհարկե, հետևանքը չի կարող նշված որոշմամբ նախատեսվել: Եթե նախատեսվի էլ, միայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով»:
Ի դեպ, նախագծին մինչ այս պահը կողմ է քվեարկել 10 հոգի, դեմ՝ 242: