ՀՀ-ն նպատակ է դրել ոչ միայն բարձրացնել իր ինքնաբավությունը, այլ նաև նպաստել աշխարհում պարենային հասանելիությանը. փոխնախարար
Աշխարհում այսօր 800 մլն մարդ համարվում է թերսնված, պարենի և գյուղատնտեսության ոլորտում առկա են մի շարք մարտահրավերներ. Հայաստանում պարենային անվտանգության համակարգի զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, ՀՀ-ն նպատակ է դրել ոչ միայն բարձրացնել իր ինքնաբավության մակարդակը, այլ նաև նպաստել աշխարհում պարենային հասանելիությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվեց Երևանում Պարենի համաշխարհային օրվան նվիրված համաժողովի շրջանակում:
Համաժողովի շրջանակում քննարկվեցին ագրոպարենային համակարգի խնդիրները և հնարավորությունները:
«Բնակչության պարենային ապահովումը 21-րդ դարի ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Իհարկե, տարբեր երկրներում տարբեր է իրավիճակը: ՀՀ կառավարության համար շատ կարևոր են, որ պարենային անվտանգության ապահովումը և պարենային անվտանգության բարձրացումը տեղի ունենա՝ կլիմայական պայմանները հաշվի առնելով և բնապահպանական խնդիրներն ամբողջությամբ հասցեավորելով, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ երկրի տնտեսությունը, գյուղատնտեսությունը զարգանան առավել կայուն և «կանաչ» ճանապարհով»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա վստահեցրեց՝ կառավարության առաջնահերթություններում է պարենային անվտանգության բարձրացման տեսանկյունից նաև ապահովել գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումը: Եվ կառավարության ծրագրերը հիմա հիմնականում այնպես են նախագծվում, որ գյուղացիներին, ֆերմերային տնտեսություններին դեպի առավել բարձր արտադրողական գյուղատնտեսություն տանեն: Այս առումով նա հիշեցրեց հողային բարեփոխումների ճանապարհային քարտեզի գործողությունների մասին: Բավականին ակտիվացել է հողերի խոշորացման և կոնսոլիդացիայի գործընթացը: Նախարարը վստահեցրեց՝ պարենային անվտանգության համակարգի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
«Կայուն ագրոպարենային համակարգերով է պայմանավորված այն, թե ինչպես ենք մենք սնվում, ինչպես ենք մենք ապրում և որքան առողջ ենք մենք, և հետևաբար դրանք հանդիսանում են ավելի բարեկեցիկ ապագայի հիմնական շարժիչ ուժերը: Ագրոպարենային համակարգերի փոխակերպումը չափազանց կարևոր է, եթե մենք ցանկանում ենք կատարել մեր խոստումը՝ ապահովելու ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար»,-ասաց Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նկատեց՝ այսօր աշխարհն առերեսվում է մեծ մարտահրավերների, որոնք էլ ավելի են մեծացնում սննդամթերքի նկատմամբ պահանջարկը: 689 մլն մարդ համարվում է ծայրահեղ աղքատ և չի կարողանում ապահովել սննդի նվազագույն պահանջները, ևս 800 մլն մարդ համարվում է թերսնված, իսկ գլոբալ տաքացման վտանգն ապագայում կարող է հանգեցնել համաշխարհային ջրային ռեսուրսների շուրջ 40 տոկոսի կրճատման: «Մենք ականատես ենք լինում, որ հսկայական ծավալի արտադրանք ամբողջ աշխարհում, որը կազմում է ընդհանուր արտադրանքի 1/3-րդը, չի սպառվում, փչանում է, կորսվում է տարբեր փուլերում: Այս արտադրանքը բավարար է, որ կերակրենք ընդհանուր առմամբ 3 մլրդ մարդու»,-նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության, տնտեսության մարտահրավերներից անմասն չէ նաև Հայաստանը: Ըստ Խոջոյանի՝ Հայաստանի կառավարությունն այսօր առաջարկում է բավականին լայն գործիքակազմ, գյուղատնտեսության ոլորտում նպատակային ծրագրեր է իրականացնում՝ բարձրացնելու արտադրողականությունը, առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ նվազեցնելու ինքնարժեքը, կորուստները: «Հայաստանն այսօր իր առջև նպատակ է դրել ոչ միայն իր ինքնաբավության մակարդակի բարձրացումը, այլ նաև նպաստելու աշխարհում պարենային հասանելիությանը»,-ասաց Խոջոյանը՝ հավելելով, որ այդ նպատակին միայն կարելի է հասնել համախմբված, միասնական աշխատանքի, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, կրթական մակարդակի բարձրացման և ռեսուրսախնայող, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնն էլ ընդգծեց, որ երեխաների սնուցումն այդ օրակարգի ամենակարևոր գործոններից մեկն է: «Ուստի ուրախ ենք, որ ՀՀ կառավարությունն իր ազգային քաղաքականությունների, ռազմավարությունների շրջանակում հստակ որպես առաջնահերթություն է սահմանել երեխաների սնուցումը»,-նշեց նա:
Համաժողովը կազմակերպել էր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: