Եթե միջազգային դատապարտումները չլինեին, գուցե Ադրբեջանը մեկ ամսում բոլոր հայկական հուշարձանները ոչնչացներ, հիմա իր հանցագործությունները որոշակի դադարներով է իրականացնում. Րաֆֆի Քորթոշյան
Սեպտեմբերի կեսերին Caucasus Heritage Watch-ը նոր զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու (18-19դդ.) ավերմանը, գյուղը նույնպես մեծ ավերածությունների է ենթարկվել։
Caucasus Heritage Watch-ը օգտագործել է արբանյակային պատկերներ՝ արձանագրելու հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը։ Սուրբ Սարգսի ավերումը 2021 թվականին Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին «կանխել ու պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ու պղծման գործողությունները», առաջին խոշոր խախտումն է։
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Սուրբ Սարգիսը ավերվել է 2022 թվականի մարտից հուլիսն ընկած ժամանակահատվածում։
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն ասաց՝ Ադրբեջանի ձեռնագիրը նույնն է, և այդ նույն ձեռագրով նա մշտապես շարժվելու է, իսկ հայկական կողմը, անշուշտ, որպես դրան հակադրություն՝ պայքարի տարբեր մեխանիզմներ որդեգրի։
«Պետք է այս ամենը դատապարտվի և միջազգային լծակներով կանխվի, թեպետ, ինչպես փորձն արդեն ցույց է տվել, Ադրբեջանի դեպքում այս բաները չեն աշխատում։ Ադրբեջանի իշխանությունը մարդկային ու բարոյական բոլոր հատկանիշներից զուրկ է։ Այդ հուշարձանների պահպանության միակ ու լավագույն ձևն այն է, որ դրանք լինեն հայերի վերահսկողության տակ, քանի որ Ադրբեջանը երբեք չի պահպանի դրանք։ Միջազգային կառույցներն Ադրբեջանի այս գործողությունները դատապարտում են, նրա դեմ որոշակի բանաձևեր ընդունում, սակայն այդ ամենը նրա ձեռքերը չի կապում։ Այսինքն՝ եթե մեկին ասում են՝ դու ոճրագործ ու հանցագործ ես, ու հետո չեն բռնում ու բանտարկում, նա առիթն օգտագործում է ու շարունակում հանցագործություններ կատարել։ Այսպիսով՝ միջազգային կառույցները դատապարտում են, բայց նույն հանցանքը երկրորդ անգամ կրկնվելու դեպքում չի ասում, թե ինչ պետք է անել Ադրբեջանի հետ։
Եթե միջազգային դատապարտումները չլինեին, գուցե Ադրբեջանը մեկ ամսում բոլոր հայկական հուշարձանները ոչնչացներ, բայց քանի որ կա դատապարտում, նա իր հանցագործությունները որոշակի դադարներով է իրականացնում։ Վերջնահաշվով միջազգային դատապարտումներից մենք միայն մեկ բան ենք շահում՝ ժամանակ։ Եթե Ադրբեջանն այսպես շարունակի, ապա 3-4 տարի հետո այլևս հուշարձան չի մնա»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Ըստ Րաֆֆի Քորթոշյանի՝ հուշարձանների պահպանությամբ զբաղվող հայկական կազմակերպությունները համագործակցում են միջազգային այն բոլոր կառույցների հետո, որոնք հետաքրքրված են խնդրով։ Բոլոր այդ կառույցները տեղյակ են, թե ինչ է անում Ադրբեջանն իր օկուպացրած հայկական տարածքներում գտնվող հուշարձանների հետ։
«Հայաստանը դիմում է նաև Հաագայի դատարան, չնայած, երբ Հաագայի դատարանը որևէ որոշում է կայացնում, Ադրբեջանի իշխանությունն այդ որոշումը չի իրագործում։ Սա նույնպես պետական մարմինների խնդիրն է, եթե իր դիմումները շարունակում է, ապա պետք է առաջնորդվի այն քայլերով, որոնք առաջարկում է դատարանը, այլ ճանապարհ չկա։
Որքան մենք մեր քայլերի հաջորդականությունն ուշացնում կամ թուլացնում ենք, ադրբեջանցիներն այնքան արագ են սկսում ոչնչացնել հուշարձանները»,- շեշտեց մեր զրուցակիցը։
ՀՃՈւՀ փոխտնօրենը նաև ընդգծեց, որ փաստորեն 30 տարի հայկական կողմին հաջողվել է պաշտպանել հայկական հուշարձանները, ինչը նշանակում է՝ պահպանել համաշխարհային մշակույթի մի մասը, այսինքն՝ այդ ամենն արել է նաև համաշխարհային մշակույթի համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, երբ թշնամուն պետք է հանձնվեր Բերձորը, Ադրբեջանում շաբաթներ առաջ պետական մակարդակով սկսեցին լուսանկարներ տարածել, թե ինչպես են մզկիթի վերածելու Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հրապարակել էր այդ նախագիծը։