«Հայկական կողմը պետք է թակի բոլոր միջազգային դռները․ պետք չէ ձեռքերը ծալել և նստել». Րաֆֆի Քորթոշյան
Ադրբեջանը «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունն արդեն հրապարակել է Արցախի Հանրապետության Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։
Ըստ այդ նախագծի, ապամոնտաժվելու է եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում երկու մինարեթներ։
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը խոսելով Ադրբեջանի այս բարբարոս գործողությունների մասին, որոնք նա կատարում է Արցախի օկուպացված տարածքներում, և դրա դեմ ուղղված հայկական կողմի քայլերի մասին, նախ ասաց, որ այդ վայրագությունները՝ ուղղված հայկական հուշարձանների ոչնչացմանը, նորություն չէ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում։
«Այն եկեղեցիները կամ սրբատեղիները, որոնք մնում են Ադրբեջանի օկուպացիայի տակ եղած տարածքներում, նրանք երկու ճակատագիր ունեն՝ 90 տոկոսով դրանք ավերվում ու ոչնչացվում են, դա մենք ամենուր ենք տեսնում, և հազվագյուտ դեպքերում վերածվում են մզկիթի։ Թերևս վերջին տարբերակը հուշարձանի «ամենաբախտավոր» վիճակն է, որովհետև մենք ավելի վատն էլ ենք տեսել, իսկ ամենավատը համատարած է։
Մենք բոլոր մեխանիզմները պետք է գործարկենք, որպեսզի կարողանանք որևէ բան անել։ Մեր խնդիրն այժմ այն է, որպեսզի ամեն ինչ ի ցույց դնենք միջազգային հանրությանը, որպեսզի տեսնեն այդ պետությունների քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ։ Այն մարդիկ, որոնք ամեն օր շփվում են նման մշակութակործան իշխանության հետ, պետք է գոնե ամաչեն»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Նրա խոսքով՝ այս պահին հայ մշակույթի պահպանման ամենաճիշտ ձևն այն է, որ այն տարածքներում, որտեղ այդ մշակույթը ստեղծվել է, պետք է ապրի հենց ստեղծող ժողովուրդը, քանի որ այդ տարածքներ ներթափանցող ժողովուրդը, որը չի հարգում այլոց մշակույթը, կարող է այն իսպառ ոչնչացնել։
«Մեր հուշարձանները պահպանելու միակ ձևը տվյալ տարածքում մեր գոյությունը, բնակությունը պահպանելն է։ Եվ դա պահպանելու ձևը ոչ թե ստորագրված թղթերն են, այլ բանակը, մեր զորքը, որն այնպես պետք է ուժեղ լինի, որպեսզի կարողանա ապահովել մեր ազգին ապրելու իր ստեղծած բնօրրանում։ Սա էլ իր հերթին՝ ենթադրում է մշակույթի պահպանություն»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարած այս քաղաքականության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և այլ միջազգային կառույցներից ակնկալվող արձագանքին, Րաֆֆի Քորթոշյանն ասաց՝ անկախ այն հանգամքից՝ նրանք կարձագանքե՞ն, թե՞ ոչ, հայկական կողմը պետք է թակի բոլոր միջազգային դռները։
«Ստեղծված իրավիճակում պետք չէ ձեռքերը ծալել և նստել, որևէ մեկը չպետք է նստի՝ քաղաքական, մշակույթի գործիչներից յուրաքանչյուրն իր հատվածում պետք է աշխատանքներ տանի։ Սակայն, ինչպես արդեն ասացի, մեր գոյության միակ երաշխիքն այս տարածաշրջանում մեր բանակն է, բայց սա չի նշանակում, որ միայն բանակը պետք է այդ գործն անի, նաև մեր ամբողջ ռեսուրսը պետք է դնենք, որպեսզի տարբեր կառույցներ աշխատեն։ Ամեն մեկն իր գործը պետք է կատարյալ անի, և ցույց տանք Թուրքիայի ու Ադրբեջանի վայրագ գործողությունները, որոնք իրենց հետևից տանում են նաև իրենց ժողովուրդներին ու պարտադրում կրկնել այդ վայրագությունները։ Հետևաբար՝ այդ երկրի հետ համագործակցելուց առաջ, այլ երկրներ պետք է մտածեն, որովհետև հերթն իրենց էլ է հասնելու»,- եզրափակեց Րաֆֆի Քորթոշյանը։