«Հիմա Հայաստանի իշխանությունը մեզանից երես է թեքում, երկու տարի առաջ ասեին՝ գնացեք, ձեր հարցերը լուծեք». Հին Շենի գյուղապետ
Օգոստոսի 25-ին Բերձորն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանում Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ նույնիսկ այլընտրանքային ճանապարհը Հին Շենով անցնելուց հետո, երբ գյուղը որոշակի աշխուժացել է, մեկ է՝ լավ բան չկա։
«Լավ բան չի կարող լինել, այսքան դարդ ու ցավ թափվեց մեր ժողովրդի գլխին։ Հիմա, որ Բերձորի այլընտրանքային ճանապարհը մեր գյուղի հատվածով է անցնում, մի քիչ ուշադրություն կա գյուղի նկատմամբ, համեմատած երկու տարի առաջվա հետ»,- նշեց Սամվել Սարգսյանը։
Հին Շենի գյուղապետի խոսքով՝ ոչ մի կերպ չեն կարողանում հարմարվել այն իրավիճակին, որում հայտնվել է Արցախը 44-օրյա պատերազմից հետո։
«Հիմա Հայաստանի իշխանությունը մեզանից երես է թեքում, ասում են՝ գնացեք, դուք ձեր հարցերը լուծեք, երկու տարի առաջ ասեին՝ գնացեք, ձեր հարցերը լուծեք։
Չգիտեմ, որևէ լավ բան չկա, որի մասին ես խոսեմ»,- եզրափակեց Սամվել Սարգսյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը հարձակումներ էր գործել Արցախի մի քանի գյուղերի վրա, նրան հաջողվել էր իր վերահսկողության տակ վերցնել Թաղավարդը, Խծաբերդը, նաև շրջափակել էին Շուշիի շրջանի Հին Շենի ճանապարհը, գյուղում այդ պահին եղել էին բնակիչներ։
Միայն դեկտեմբերի 16-ին էր ապաշրջափակվել Հին Շենի ճանապարհը։