Բաժիններ՝

Գրող-հրապարակագրի ներաշխարհի բացահայտումը

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հովանավորությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Արտակ Վարդանյանի «Հոգու և կարոտի ճամփաներով» խորագիրը կրող էսսեների ժողովածուն:

Գրքի հրատարակման առիթով զրուցում եմ արձակագիր, հրապարակագիր, թարգմանիչ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող,  Հայաստանի լրագրողների միության և գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հետ:

 – Պարոն Վարդանյա՛ն, երկար տարիներ պետական ծառայությանը, գիտական գործունեությանը զուգահեռ՝ զբաղվել և այժմ էլ շարունակում եք զբաղվել նաև գրական գործունեությամբ, հրապարակել եք ոչ միայն հայ բարբառագիտության վերաբերյալ գիտական աշխատանքներ, այլև չափածո և արձակ բազմաթիվ գրական ստեղծագործությունների ժողովածուներ, թարգմանական գրքեր: Ինչո՞վ է առանձնանում Ձեր այս նոր աշխատանքը:

 Նախ ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամին՝ հրատարակությունը հովանավորելու և «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը՝ տպագրական պատշաճ մակարդակն ապահովելու համար:

Վաղուց ծրագրել էի առանձին գրքով ներկայացնել իմ չորս տասնամյակի ստեղծագործական գործունեության ընթացքում հայաստանյան և սփյուռքահայ մամուլում հրապարակված, ինչպես նաև անտիպ էսսեների՝ խոհագրությունների, ուղեգրությունների և հուշագրությունների ընտրանին: Այս ժանրի ստեղծագործությունները, անշուշտ, ինձ շատ հոգեհարազատ են, քանի որ կապված են իմ կյանքում անմոռաց հետք թողած իրադարձությունների, մարդկանց, ուղևորությունների, իմ խոհերի ու ապրումների հետ: Այս առումով երջանիկ եմ, որ վերջապես ընթերցողի սեղանին է իմ յուրօրինակ հիշատակարան-օրագրերի գեղարվեստական ամբողջությունը կազմող ներկայանալի այս ժողովածուն:

Դուք ծնվել եք Նախիջևանի հայաբնակ վերջին մեծ բնակավայրում՝ Ազնաբերդ գյուղում: Այս գրքի բոլոր էսսեներում կարմիր թելի նման անցնում են Գողթն-Նախիջևանի, Ձեր կորուսյալ ծննդավայրի բնապատկերների, պատմական վայրերի, հուշարձանների և մարդկանց մասին հիշողությունները…

1988 թվականից հետո, երբ վերջնականապես և ցավալիորեն կորցրինք մեր հայրենիքի նշանավոր հատվածներից մեկը՝ Նախիջևանը, ինձնից և իմ հայրենակիցներից շատերից մշտապես անբաժան են հայրենի եզերքի հարազատ պատկերները, դրանց կորստյան ցավն ու կարոտը, անմոռաց հիշողությունները: Դրանք էլ հաճախ ստիպում են գրիչ վերցնել և թղթին հանձնել մտորումներս, նոր սերնդին փոխանցել հայրենիքի հանդեպ սիրո, արմատների հանդեպ պաշտամունքի հասնող զգացումները:

Գրքի շապիկին Վիշապասարն է (պատմական անուններով՝ Աժդանական, Բոլու, Օձասար և այլն), որ Նախիջևանի խորհրդանիշն է և նախիջևանցիներիս կարոտի ու հայրենաբաղձության լեռը: Վիշապասարի շուրջ ամենահեռավոր ժամանակներից ի վեր հյուսվել են բազում ավանդազրույցներ և առասպելներ, որոնք, կրելով որոշ փոփոխություններ, փոխանցվել են սերնդեսերունդ և հասել մինչև մեր օրերը:

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավեռնիեն այս զարմանահրաշ լեռը համեմատել է ֆրանսիական Տեներիֆի, իսկ կաթոլիկ հոգևորական Ավգուստինոս Բաջենցը՝ իսպանական Մոնսերատի հետ, ոմանք նույնիսկ նմանեցնում են հինկտարանյան Սինա լեռանը:

Վիշապասարի արևմտյան լանջին, որտեղ ժամանակին եղել է հայկական սրբավայր՝ Կուսանաց մատուռը, 1989 թվականի օգոստոսի 11-ին Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակների կոթող և սեպագիր արձանագրություն է հայտնաբերել ռուս երկրաբան Վալերի Իգումնովը: Այդ ժամանակ արդեն իսպառ հայթափվել էր Նախիջևանը, և սկիզբ էր առել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրագործվող՝ հայոց մշակութային հուշարձանների ոչնչացման նոր, համատարած փուլը…

– 1996-1998 թվականներին Դուք եղել եք «Նախիջևան» հայրենակցական միության նախագահը: Արմատներով նախիջևանցիները համախմբվո՞ւմ են հայրենակցական միության շուրջը:

Այո, իհարկե: 1996 թվականին, Երևանից ոչ հեռու, Խարբերդ-Նուբարաշեն մայրուղու աջ կողմում, մեր գործուն հայրենակցականների ջանքերով, հիմնադրել ենք Նախիջևանի ամենանշանավոր սրբավայրերից մեկի՝ Հազարափրկիչ վանքի անունը կրող մատուռը, որտեղ ամեն տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակին մեր հայրենակիցներով հավաքվում ենք, համատեղ մոմավառությամբ և տարբեր միջոցառումներով վառ պահում մեր կարոտը առ հայրենին:

Իմ գրքի հրատարակմանը, անշուշտ, իմ հայրենակիցներից շատերն են սպասել: Այդ կապակցությամբ մաղթում եմ, որ այն հույս ու հավատ ներշնչի արմատներով նախիջևանցի և ոչ նախիջևանցի մեր հայրենակիցներին, որ նրանք սերնդեսերունդ փոխանցեն հայրենի եզերքի հանդեպ սերն ու կարոտը և որ միշտ հիշեն ու հավատան՝ անկախ սահմաններից և պատմական անարդարություններից, մերն է այս մեծ աշխարհի այն փոքրիկ եզերքը, որ Աստծու կողմից մեզ է շնորհվել որպես ծննդավայր և հայրենիք և մի օր էլ կրկին մեզ է վերադառնալու:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս