«Ակնկալում ենք հստակ քայլեր և այդ քայլերի համատեքստում կոնկրետ գործողություններ. Պատճառաբանություններ կարող է բերել դասը չսովորած աշկակերտը». Սեյրան Հայրապետյան

Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» հրապարակել էր Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած 5 պահանջները։ Թեպետ, հրապարկման հեղինակը ստորագրել էր՝ որպես «Հավաստի աղբյուր», սակայն Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած և նրա ձեռագրին ծանոթ մարդիկ անմիջապես համացանցում գրառումներ կատարեցին, որ «Հավաստի աղբյուրը» նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։

Ըստ հրապարակման, Ադրբեջանը ներկայացրել է հետևյալ առաջարկները՝

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում։

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

Կարդացեք նաև

3. Միջանցք Հայաստանի տարածքով:

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը խոսելով այս հրապարակման և առհասարակ այդ առաջարկների մասին, նշեց, որ Արցախը բազմիցս է իր կարծիքը ներկայացրել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։

«Արցախի ժողովուրդն իր անկախությունն արդեն ընտրել է։ Հայաստանի ու Արցախի ոչ մի իշխանություն՝ ներկա, նախկին ու ապագայի, իրավունք չունեն կայացնելու ոչ հայանպաստ որոշում։ Հասկանալի է, Ադրբեջանը չի հրաժարվում իր նկրտումներից և մշտապես, հատկապես վերջին պատերազմական զարգացումներից հետո, ցանկանում է այդ կետերի տրամաբանության մեջ գնալ մինչև վերջ։

Հարցն այն է, թե մենք ինչ ենք ցանկանում, և սա ոչ թե խոսելով պետք է լինի, այլ՝ թե կոնկրետ ինչ քայլեր պետք է անենք»,- նշեց Սեյրան Հայրապետյանը՝ ընդգծելով, որ իր համար ցավալի է, որ ամեն մի ցավալի զիջման, մարտական գործողության, ինչպես նաև քաղաքական դաշտում զիջումներից ու թույլ դիրքորոշումներից հետո, Հայաստանի ղեկավարությունը դուրս է գալիս և արդարացման փորձեր է անում։

«Մենք ակնկալում ենք հստակ, ազգանպաստ քայլեր և այդ քայլերի համատեքստում կոնկրետ գործողություններ։ Հասկանալի է, որ անկախության ճանապարհը փշոտ է, այն մեզանից շատ արյուն ու քրտինք է տարել, բայց այդքանը հասկանալով՝ մենք չպետք է մեր զավակաների կյանքը դնենք զոհասեղանին այս կամ այն պատճառաբանություններով։ Պատճառաբանություններ կարող է դասը չսովորած աշակերտը բերել»,- եզրափակեց Սեյրան Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս