«Փաշինյանը միայն մեկ շահ է պատկերացնում. նա իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից». Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանին հեռացրել են Մայր բուհից: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց՝ 16 տարի դասավանդել է ԵՊՀ-ում, և 10 տարուց ավելի վարչական պաշտոններ է զբաղեցրել՝ փոխդեկան, գիտական քարտուղար, պրոռեկտոր:

«Ոչ մի պատճառաբանություն չկա, ինձ էլ պարզ չէ՝ ինչի համար են հեռացրել Մայր բուհից: Ինձ որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել: Վերջին տարիներին 0.75 դրույքով էի աշխատում, անակնկալ պարզվեց, որ ոչ թե 0.5 եմ դարձել, այլ զրո: Այն առարկաները, որոնք դասավանդում էի՝ «Միջազգային հարաբերությունների տեսություն», «Նոր և նորագույն ժամանակների սոցիալ-քաղաքական պատմություն», «Միջազգային կազմակերպություններ», մեկ էլ հասկացան, որ ուսումնական պլանում չկան: Չասացին՝ ինչու չկան»,- պարզաբանեց նա:

Մենուա Սողոմոնյանը ենթադրում է, որ խնդիրն իր ընդդիմադիր հայացքներն են. «Հակառակ դեպքում, այդ հարցը պետք է քննարկվեր, դա ակադեմիական հարց է, դա անձի հարց չէ: Կրթական ծրագրի կառուցվածք է փոփոխվել: Ամբիոնն ինչի՞ համար է, ամբիոնը հո սենյակ չէ՞, որ դասախոսները գնում, այդտեղ նստում են: Ամբիոնը հենց կոլեգիալ մարմինն է, որտեղ տեղի է ունենում կրթական ծրագրերի քննարկում, վերջնարդյունքների, կառուցվածքի, դասընթացների արդիականության քննարկում:

Ուսանողական հարցումների բարձր գնահատականների արդյունքում ես նույնիսկ լրավճարներ եմ ստացել: Որևէ նկատողություն չի եղել, որևիցե ակնարկ անգամ չի եղել:

Կարդացեք նաև

Շատ անակնկալ ինձ համար իմանում եմ, որ այլևս չեմ դասավանդելու, և շատ հապշտապ ինձ ծանուցում եկավ ռեկտորատից, որ՝«ձեզ հետ չի կնքվելու աշխատանքային պայմանագիր և դուք ազատվելու եք»»:

Նա ընդգծեց՝ չի՛ պատրաստվում համակերպվել, այդպես ճիշտ չի լինի:

«ԵՊՀ-ում դասավանդելն ինձ համար աշխատավարձի համար աշխատել չէ, այստեղ փողի հարց չէ, սա պատասխանատվության հարց է: Սա մեր Մայր բուհն է, որտեղ կերտվել է և հույս ունեմ՝ շարունակվում է կերտվել հայոց ընտրանին, և այդ ընտրանու կերտման հարցում ես ստանձնել եմ իմ բաժին պատասխանատվությունը: Ճիշտ չի լինի, որ համակերպվեմ, ասեմ՝ դե լավ, հանեցին՝ հանեցին, ես գնամ իմ գործերով, երեխեք ջան, դուք էլ գնացեք ձեր գործերով: Երկրորդ, անարդարություն է սա, այստեղ պետք չէ դիտարկել իմ անձը: Նախ այս տարի աննախադեպ քանակությամբ դասախոսների հեռացումներ և կրճատումներ տեղի ունեցան, գերազանցապես՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներ»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:

Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է: Անդրադառնալով օրվա խորհրդին և Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նա նշեց, որ եթե այսօր հայաթափված Արցախով ենք նշում, դա չի նշանակում, որ վաղը-մյուս օրը հնարավորություն չենք ունենալու Արցախը դարձյալ հայկական տեսնել: «Արցախը մեր հայրենիքն է, պետք է լինի հայկական, պետք է վերաբնակեցվի իր բնակիչներով, և յուրաքանչյուր հանձնառու քաղաքացի պարտավոր է այդ ուղղությամբ ինչ-որ բան անել, որովհետև մեր Սահմանադրության պահանջն է: Մեր Սահմանադրությունը, առաջին հերթին, պետական իշխանության մարմիններին է պարտավորեցնում տանել քաղաքականություն, որը կբերի հետագայում Արցախի վերամիավորմանը Մայր հայրենիքի հետ, իսկ առաջին փուլում՝ Արցախի պետականության պաշտպանություն, էլ ավելի առաջին փուլում՝ իրենց հայրենիքում էթնիկ զտման ենթարկված, բռնագաղթած արցախցիների վերադարձի ուղղությամբ: Արցախի հարցը միջազգային օրակարգի հարց դարձնելու հնարավորություն, բնականաբար, կա: Պետության արտաքին քաղաքականությունը 2 կարևոր հանգամանքների համադրություն է՝ մի հանգամանքը միջազգային իրադրությունն է, ուժերի փոխդասավորությունը, երկրորդ հանգամանքն ազգային շահերն են: Այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ երկրորդ հանգամանքը չկա, այսինքն՝ ներքին շահերի ձևակերպում: Ոչ թե Փաշինյանի կամ Արարատ Միրզոյանի մտածածն է հայկական շահը, այդ շահերը ձևակերպվում են հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտչաձևերով: Հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտչաձևերից մեկն էլ ամփոփված է մեր Անկախության հռչակագրում:

Եթե մենք այսօր այդ խնդիրը չենք դնում և դա շրջանցելով՝ ՀՀ-ն Ադրբեջանի հետ կնքում է խաղաղության պայմանագիր՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելով, այդ ժամանակ կլինի անդառնալի կորուստը»,-ասաց հանրային գործիչը:

Դիտարկմանը՝ Փաշինյանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի հարցը համարում է Հայաստանի պետական շահին դեմ, նա այսպես արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ և իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից, առավել ևս՝ Արցախի հարցում, ինքը թող իր հեծանվավազքի մասին խոսքի, կառավարության նիստում իրեն լեզվի տեսչության ֆունկցիա վերագրի և «արգելոց» բառը քննարկի, ինքը թող շոուներ անի, բայց հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի, որովհետև ինքը լեգիտիմ չէ: Նրա պատկերացրած շահը միայն իր իշխանությունն է, ինչը նշանակում է՝ Հայաստանն անգամ շատ փոքր տարածքի վրա էլ լինի, բայց ինքը մինչև իր կյանքի վերջ լինի իշխանություն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս