Բաժիններ՝

Վարձով բնակարան տվողները եկամտային հարկից չեն խուսափի. Անշարժ գույքի գործակալները՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնության մասին

Կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն է տվել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի բարելավման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Նիստի ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է միկրոձեռնարկատիրության բնագավառում հարկման կանոնների փոփոխություններին:

Նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի սկզբնապես դրված նպատակներին:

Նախարարը նշել է, որ միկրոձեռնարկատիրությունն ի սկզբանե նախատեսվել է ինքնազբաղված քաղաքացիների համար, որի դեպքում վերջինները տարեկան մինչև 24 մլն (ամսական միջինը 2 մլն դրամ) եկամտի դեպքում ազատվում են հարկերից։ Նա հայտնել է, որ գործող օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրության համար հստակ գործունեության ոլորտներ սահմանված չեն, ինչը որոշակի սողանցքների հնարավորություն է տալիս։

Կարդացեք նաև

«Օրինակ, մարդը կարող է հայտարարել, որ միկրոձեռնարկատեր է ու իր անշարժ գույքը տալ վարձակալության, պահանջել, որ չհարկվեն բնակարանի դիմաց ստացած եկամուտները, որովհետև իր կարգավիճակը հայտարարված է՝ որպես միկրոձեռնարկատիրության կարգավիճակ, այն դեպքում, երբ քաղաքացին, ով բնակարան է հանձնում վարձակալության, պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ: Պրակտիկան ցույց է տալիս, որ շատ դեպքեր են ի հայտ եկել, որտեղ մենք ունենք նախապես ենթադրվող տրամաբանական շրջանակից շեղումներ, և այս փոփոխությամբ առաջարկում ենք սահմանափակել սողանցքները: Առաջարկում ենք սահմանել, որ եթե անձն ունի պասիվ եկամուտներ, օրինակ՝ գույքի վարձակալությունից եկամուտներ, միկրոձեռնարկատիրության կարգավիճակը թույլ չի տալիս պասիվ եկամուտներն ազատել հարկումից: Այսինքն, միայն այդ կարգավիճակն ընտրելու ուժով քաղաքացին չի կարող ակնկալել, որ եկամտային հարկից ազատում կունենա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով` օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում այսօրինակ պասիվ եկամուտները չազատել հարկումից, մասնավորապես` 10 տոկոս եկամտահարկից։

«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը կարծում է, որ վարձով բնակարան տվող սեփականատերերին հարկային դաշտ տանելու արդյունքում 10 տոկոսով բնակարանների գները կթանկանան, ավելին, ըստ նրա, չկան մեխանիզմներ, որոնք կազդեն սեփականատերերի վրա:

«Բացի այն, որ կարող են օտարազգիները թանկ վճարել, ՀՀ քաղաքացիները՝ համեմատաբար ավելի քիչ, կարևոր է նաև օգնել բնակարան չունեցող քաղաքացիներին՝ մի շարք ծրագրերով, օրինակ՝ սոցիալական փաթեթով հիփոթեք ձևակերպել ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր բանակում ծառայել են կամ միայնակ մայր են: Պետությունն ամեն կառուցապատողից 10 կամ ավելի շատ բնակարան կարող է գնել: Սրանով նաև օգնում է կառուցապատողին: Բնակարանի ընդհանուր գինը թող բաժանեն 15 տարվա մեջ՝ ամեն ամիս վճարելու պայմանով, որից հետո բնակարանը դառնում է անձի սեփականությունը: 15 տարվա մեջ քաղաքացին եկար ժամանակով այլ երկիր բնակվելու համար չպետք է հեռանա Հայաստանից, տարվա մեջ կարող են թույլ տալ շուրջ 30 օր: Այսկերպ և՛ վարձով ապրողների հարցը կլուծվի, և՛ կառուցապատողներին կօգնեն, և՛ արտագաղթը որոշ չափով կնվազի»,- մեզ հետ զրույցում ասաց Անդրանիկ Հարությունովը:

Մեր հարցին, թե արդյո՞ք նախարարությունից հանդիպել են անշարժ գույքի գործակալների հետ, քննարկել նախատեսվող փոփոխությունը, մեր զրուցակիցը  պատասխանեց, որ հանդիպում եղել է մարտ ամսին, Էկոնոմիկայի նախարարությունում:

Անշարժ գույքի գործակալներից Վահան Մկրտչյանն էլ  իր կարծիքը հայտնեց, որ պետք է մի քանի կետեր լինեն, օրինակ՝ գները սահմանվեն ըստ վարչական շրջանների, ինչպես նաև՝ տան վիճակը հաշվի առնելով:

Ավելի վաղ գրել էինք, որ վարձով բնակարան փնտրողների թիվն ավելանում է, իսկ գները շարունակում են բարձրանալ: Ստացվել է այնպես, որ գրեթե տարբերություն չկա՝ տունը սեփակա՞ն է, թե՞ բնակելի շենքում, կենտրոնո՞ւմ է, թե՞ ծայրամասում: 1-3 սենյակների համար մինիմալ գինը սկսվում է 150.000 դրամից և հասնում մինչև 400.000 դրամի, ու սա՝ գրեթե բոլոր վարչական շրջաններում:

«Շատ վատ վիճակ է: Ի տարբերություն փետրվար և մայիս ամիսների, հիմա միանգամից են գալիս: 3 օրում բնակարան վարձակալելու 58 հարցում եմ ստացել: Չկան հյուրանոցներ, հոսթելներ, բնակարաններ: Աբսուրդը հասել է այնտեղ, որ տանտիրոջը զանգում ես, որպեսզի մարդուն տանես, բնակարանը ցույց տաս՝ ասում է, թե ինձ 50 տոկոս փող տվեք դրա համար: Այսինքն, հերիք չէ՝ տունն ուզում է վարձով տալ, մի հատ էլ հաճախորդին ասում է՝ 50 տոկոսն ինձ տուր: Դեպքն ինձ հետ է տեղի ունեցել: Ասում եմ՝ ինձ գումար չեք վճարում, իմ հաճախորդն էլ ձեզ գումար պետք է տա՞, ինչի՞ համար: Դա դեռ քիչ է, միանգամից կես տարվա գումար է ուզում: Տանտերերի հետ անհնար է դարձել:

Այստեղ իրենց մեղավորության բաժինն ունեն մի շարք բրոքերներ, ովքեր զանգում ու ասում են, թե բնակարանն այսքան գումարով կարող են վարձով տալ: Տանտերերն էլ մտածում են՝ ուրեմն իրենց տունն այդքան արժե: Գնում, բացատրում ես, որ պետք է նորմալ գնով տալ, չբարձրացնել, որովհետև 1 ամիս կմնան ու դուրս կգան. չէ՛ որ չէ՛: Ամբողջ խնդիը բրոքերներից է գալիս»,- ասել էր անշարժ գույքի առք ու վաճառքի կառավարման մասնագետ, «Էյրիս» ընկերության հիմնադիր Ռոզա Ղռեջյանը:

Տեսանյութեր

Լրահոս