Բաժիններ՝

Գրադարանների առջև այսօր մարտահրավեր է դրված՝ համալրել ժամանակակից տեխնոլոգիաներով, փորձել բավարարել ցանկացած ընթերցողի պահանջ. գրադարանի տնօրեն

«Հայաստանում գործում է 649 գրադարան, որից 12-ը պետական են, 629-ը՝ համայնքային. Սա՝ ՀՀ ազգային Վիճակագրական վարչության տվյալներով: Բայց վերջերս կատարեցինք մեկ այլ ուսումնասիրություն, և պարզվեց՝ գործող գրադարանների թիվը կրճատվել է, համայնքային գրադարանների թիվը դարձել է 370: Գրադարանների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է համայնքների խոշորացմամբ: Սա շատ լուրջ խնդիր է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը:

Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանն էլ ժխտեց տարածված այն կարծիքը, թե ընթերցողները հեռացել են գրադարանից, նախընտրում են էլեկտրոնային գրքերը: Մևնույն ժամանակ հայտնեց, որ Գավառում, օրինակ, համայնքների խոշորացման արդյունքում որևէ գրադարան չի փակվել:

«Ունենք ընթերցողների խումբ, որոնք նախընտրում են գրքի հետ շփումը: Մի խումբ էլ կա, որն ընտրում է և՛ գիրքը, և՛ էլեկտրոնային տարբերակը: Գրադարաների առջև այսօր մեծ մարտահրավեր է դրված՝ աստիճանաբար գրադարանները համալրել ժամանակակից տեխնոլոգիաներով, որպեզի փորձեն բավարարել ցանկացած ընթերցողի պահանջ»:

Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նշեց՝ մի շրջան է եղել, որ քիչ է մնացել խոսեին գրադարանների «մահվան» մասին: Նրա փոխանցմամբ՝ կա գրադարանները համալրելու խնդիր:

Կարդացեք նաև

«Քանի որ պետական կազմակերպություն ենք՝ նախարարության կողմից սուբսիդավորվում ենք: Երկու տարի առաջ այդ սուբսիդավորման գումարն ուղղակի կրկնապատկվեց: Համալրման համար օգտագործում ենք նաև այլ միջոցներ՝ բարեգործությունը, նվիրատվությունները և այլն: Կարող եմ ասել, որ ընթերցողների մեծ հոսք կա դեպի գրադարաններ»,- մանրամասնեց Գևորգ Ամիրյանը:

168.am-ը հետաքրքրվեց՝ մարզերում ո՞ր ժանրի գրքերի պահանջարկ կա, ինչպե՞ս է գրքերի պակասը լրացվում, հիմնականում ի՞նչ տարիքի են ընթերցողները: Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը պատասխանեց, որ գալիս են 6 տարեկանից սկսած՝ մինչև տարեց մարդիկ:

«Հիմնականում մասնագիտական գրքերն են, որ մենք չենք կարողանում ձեռք բերել. պահանջարկը կա, սակայն դժվարությամբ ենք ձեռք բերում մասնագիտական գրքերը: Շատ ընթերցվում է արտասահմանյան գրականությունը, ժամանակակից գրողների գրականությունը: Ընթերցողական պահանջները շատ տարբեր են»,- նշեց Մարիամ Համբարձումյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետն էլ հավելեց, որ նախարարության ենթակայության ներքո գործող պետական 12 գրադարանների համալրումը շարունակական է, և ամեն տարի յուրաքանչյուր մարզային գրադարանի մոտավորապես 2 միլիոն ֆինանսական միջոցներ են հատկացվում՝ միայն նոր գրականություն ձեռք բերելու համար:

Մեր հաջորդ հարցին՝ գրադարանավարի մասնագիտություն շատ քչերն են ընտրում, կարո՞ղ են նշել մի քանի առավելություն, որոնց ուշադրություն չեն դարձնում դիմորդները, Շիրակի մարզային գրադարանի տնօրենը պատասխանեց. «Կարծում եմ՝ գրադարանավարի մասնագիտություն չընտրողները սխալվում են, բայց խոսեմ այսպիսի մի ստատիստիկայի մասին. այսօր շատ են գրադարանում աշխատելու համար դիմողները. մասնագիտությունը չեն ընտրում, սակայն միգուցե կյանքի փորձի ընթացքում հասկանում են, որ գրադարանը շատ լավ աշխատելու վայր է: Դիմում են հիմնականում հումանիտար կրթություն ունեցողները. բանասերները, գրականագետները, մանկավարժները: Կա նաև թյուր կարծիք՝ գնանք, հանգիստ աշխատանք է, աշխատենք, բայց կարծում եմ, որ դա այդպես չէ»:

Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենն էլ ընդգծեց՝ գրադարանավարը շփվում է տարբեր խմբերի հետ և, կարելի է ասել, լայն մասնագիտություն է, և միայն դասական գրադարանավարի գործառույթը շատ քիչ է՝ գրադարանում գիրք տալ և այն հետ վերցնել: Ըստ նրա՝ պետք է կարողանալ շփվել, գնահատել, կարիքները վերհանել, լուծումներ գտնել:

Այս ամենին զուգահեռ՝ բոլորն էլ միաբերան շեշտեցին գրադարանավարի աշխատավարձի բարձրացման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս