«Տարհանում տեղի չի ունենում, բայց մարդ կա՝ գյուղից դուրս է գալիս». Կախակն գյուղի վարչական ղեկավար
Լուրեր են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Կախակն գյուղից բնակիչներին տարհանում են։
168.am-ի հետ զրույցում Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ ամբողջական տարհանում տեղի չի ունենում։
«Տարհանում տեղի չի ունենում, բայց մարդ կա՝ գյուղից դուրս է գալիս։ Իրավիճակը նորմալ է, ուղղակի մի քիչ խուճապ կա»,- նշեց Կախակնի վարչական ղեկավարը։
Հարցին՝ ո՞ւր են գնում, պատճառը ո՞րն է, Աշոտ Վաթյանը զբաղվածության և ոչ հարմար պահը պատճառաբանելով՝ առաջարկեց հետո խոսել։
«Խառը պահ է մոտս, ինձ մոտ ժողով է, հետո կխոսենք, ժամանակ չկա»,- կարճ մեկնաբանեց Աշոտ Վաթյանը։
168.am-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքապետի խոսնակ Էդգար Պետրոսյանն ասաց, որ թշնամու դիրքերը Կախակն գյուղին շատ մոտ են, ու տեղի բնակիչների մի մասը գուցե որոշել է որոշ ժամանակով տեղափոխվել այլ գյուղ, բարեկամի տուն, ինչը չի նշանակում, որ գյուղի բնակիչներին տարհանում են։
«Ո՛չ մասամբ, ո՛չ ընդհանուր տարհանում տեղի չի ունենում։ Նման բան իրականում չկա, մարդիկ կան, որոնց տներին թշնամու դիրքերը մոտ են, ասում են՝ որոշ ժամանակով գնանք բարեկամի տուն, դա եղա՞վ տարհանում։ Ոչ մի տարհանման աշխատանք չի կատարվում, այս պահին ոչ մի համայնքից տարհանում չի իրականացվում։ Պատերազմը կանգնելուց հետո տարհանված բնակիչները քիչ-քիչ վերադառնում են իրենց տները»,- եզրափակեց Էդգար Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: