Այստեղից չպետք է որևէ պետական կառույց տեղափոխեն. սարերին ձյուն է, վաղը որ ձյունը հալվեց, երաշխիք չկա, որ թշնամին չի կրակելու. Կախակն գյուղի բնակիչ
Շաբաթվա սկզբին Վարդենիս համայնքի մի խումբ բնակիչներ փակել էին Վարդենիս-Երևան ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի անձնագրային բաժինը չտեղափոխեն Մարտունի, քանի որ սահմանին ապրող բնակիչը չի կարող անձնագրի հետ կապված հարցերով գնալ Մարտունի. ֆինանսական միջոցներ չունի։
Չնայած պատկան մարմինները պնդում են, որ Վարդենիսի համայնքապետարանում կբացվի պատուհան, որն անձնագրայինի հետ կապված խնդիրներով կսպասարկի բնակիչներին, սակայն բնակիչներն ասում են, որ այդ ամենը ձևական բնույթ է կրելու, և բնակիչներին այդ հարցերով ուղարկելու են Մարտունի։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կախակն գյուղի բնակիչ Սևան Վերձյանն ասաց, որ այս պահին ինքը հնարավորություն ունի գնալու Մարտունի, սակայն սա չի նշանակում, որ գյուղում բոլորն այդ հնարավորությունն ունեն։
«Եթե միջոց էլ ունենանք, միևնույն է, սա համայնք է, այստեղից չպետք է որևէ պետական կառույց տեղափոխեն։ Այսպես ասենք՝ բնակչության միայն 15 տոկոսը կարող է իր հարցերով գնալ Մարտունի, բա մյուսնե՞րն ինչ են անելու»,- նշեց Սևան Վերձյանը։
Ինչ վերաբերում է անվտանգությանը, մեր զրուցակիցն ասաց, որ ընդհանուր առմամբ անվտանգ տեղ չկա, բայց տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը չի կրակում, ինչը պայմանավորված է եղանակով։
«Հիմա ձմեռ է, սարերին ձյուն է, թշնամին չի կրակում, վաղը որ ձյունը հալվեց, որևէ երաշխիք չկա, որ չի կրակելու։
Գյուղում առաջին կրակոցներից հետո մոտ 30 ընտանիք դուրս է եկել, մի մասը գնացել է Հայաստանից, մի մասն էլ այլ վայր է տեղափոխվել։ Նույնիսկ այս ամենով հանդերձ, մեր Կառավարությունը գյուղին սահմանամերձի կարգավիճակ չի տվել»,- եզրափակեց Սևան Վերձյանը։
Ի դեպ, գյուղին սահմանամերձի կարգավիճակ տալու պահանջով բնակիչները մի քանի անգամ նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Ահազանգել են, որ գյուղի ուղղությամբ թշնամին կրակում է, պատկան մարմիններին առաջարկել են այցելել ու տեղում ծանոթանալ իրավիճակին, սակայն միայն մեկ անգամ ՊՆ-ից են այցելել գյուղ։