Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները մոտ երկու ամիս էնդոկրինոլոգի խորհրդատվություն կստանան վճարովի հիմունքով. Երևանում պետպատվերը վերջացել է
Արդեն մեկ ամիս կլինի, երեխաների համար պետպատվերի տեղերը սպառված են: Մինչև 2023թ. դիաբետ ունեցող երեխան պետք է վճարի օրական 20.000 դրամ, որպեսզի դիսպանսեր բուժում ստանա։ 168.am-ին իրենց մտահոգությունն են հայտնել մի քանի ծնող:
Նրանց հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ խնդիրը ոչ թե դեղորայքի, բուժման հետ է կապված, այլ խորհրդատվության:
«Երեխան 2009 թվականի ծնունդ է: Զանգել եմ Երևանի հիվանդանոցներից մեկի էնդոկրինոլոգիայի բաժին, որտեղ պետք է գրանցվենք, մեզ ասացին, որ մինչև դեկտեմբեր անվճար տեղեր չկան, ասացին, որ պետք է վճարեմ 20.000 դրամ: Գրանցվել ենք հոկտեմբերի 11-ի համար: Նշեցին, որ եթե չենք շտապում, ապա կարող ենք սպասել մինչև անվճար տեղերի հատկացումը»,- մեզ հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:
Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ վերաբաշխումները վաղուց արված են, պետպատվերն այդ ծառայության համար որքան հասնում է՝ փոխանցված է, և հերթագրումներով պետք է բուժում ստանան:
Մեր տեղեկություններով՝ բժշկի խորհրդատվության հետ կապված խնդիրն ունի խոր արմատներ:
Գաղտնիք չէ, որ պետությունը 0-18 տարեկաններին անվճար բուժման հնարավորություն է տալիս ՀՀ բոլոր պետական հիվանդանոցներում: Ցանկացած բաժանմունքում անվճար բուժվում են: Տեղերը պետությունը հատկացնում է հունվարի 1-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Սա՝ ստացիոնար բուժման դեպքում:
Կա նաև ամբուլատոր բուժում, որի դեպքում ինչ-որ չափով պետպատվեր են հատկացնում, սակայն խնդիրն առաջանում է, կարելի է ասել, մարզերի պոլիկլինիկաներից Երևան շատ ուղեգիր տալու արդյունքում, և սա է պատճառը, որ պետպատվերի տեղերն այսքան շուտ են վերջանում»:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքից 168.am-ին հայտնեցին, որ հատկացված պետպատվերը հիվանդանոցների 90 տոկոսում վերջացել է, քանի որ դիմողները շատ են եղել: Նշեցին, որ խոսքը էնդոկրինոլոգիայի բաժնի մասին է. օրինակ ակնաբուժական բաժնում կարող է պետպատվերը հուլիսին վերջանալ:
«Քանի որ մասնագիտացված կենտրոնն այստեղ է՝ դիմողները շատ են, դրա համար պետպատվերը սեպտեմբերից վերջացել է և մինչև դեկտեմբերի 15-ը հավանաբար չի լինի: Իսկ ծառայության արժեքը 10.000-20.000 դրամ է, ոչ թե 20.000: Տարբեր ծառայություններ տարբեր գներ ունեն»,- պարզաբանեցին հիվանդանոցից: