«ՄԱԿ-ում նրա ելույթում ապագային միտված որևէ բան չկար. պարտված իշխանությունները նոր պարտություններ են բերում». Թևան Պողոսյան
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և ԼՂՀ-ում ապրող՝ Փաշինյան ձևակերպմամբ՝ հայության անվտանգության մասին
«Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում։
Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։
Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել՝ որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով՝ Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը՝ նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար»,- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
168.am–ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին և հայտարարություններին, իր զարմանքը հայտնեց ոչ թե Փաշինյանի հայտարարությունների, այլ այն մարդկանց առնչությամբ, որոնք շարունակում են զարմանալ այդ հայտարարություններից։
«Պարտված իշխանությունները նոր պարտություններ են բերում, այդ մարդիկ Արցախից իրենց ձեռքերը լվացել ու գնացել են մի կողմ։ Նա ասել է՝ չէ, նշաձող է իջեցնում, հիմա իջեցրել է պլինտուսից էլ ցածր, էլ ի՞նչ պետք է նշանակի ՄԱԿ-ում նրա ելույթը, նա չի խոսում ինքնորոշման իրավունքից։ Վերցրեք Նիկոլ Փաշինյանի երկու տարի առաջվա ելույթը ՄԱԿ-ում և երեկվա ելույթը, կտեսնենք, թե ինչ է նշանակում նրա ելույթը, պարտություն՝ պարտության հետևից, և սա նորություն չէ»,- նշեց Թևան Պողոսյանը։
Ըստ Թևան Պողոսյանի՝ պարտություն բերած իշխանությունը գնում է հաջորդ կապիտուլյացիային ու պարտությանը և ամբողջ աշխարհի մոտ ցույց տվեց, որ թույլ է՝ ոչինչ չի կարող անել։
«Երբ Երևանում նա հայտարարում էր, որ ձեռքերն Արցախից լվանում է, ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի ամբիոնը, որտեղից նրա խոսքը պետք է լիներ այն մասին, թե ինչպես է նա պատկերացնում Հայաստանի ապագան։ Այդ գագաթնաժողովը նրա համար է, որ ամեն երկիր խոսի իր ապագայից, նրա ելույթում ապագային միտված որևէ բան չկար, բոլորը նրա մասին էր, թե ինչպես եկան, ջարդեցին, սպանեցին, բոլորը մեղավոր են, բացի իրենից, և այլն։ Ինչո՞վ է տարբերվում նրա խոսքը Երևանում և ՄԱԿ-ի ամբիոնից։
Խոսում էր, եթե Ադրբեջանը, դա Ադրբեջանի ապագան է, իսկ եթե ոչ, ապա Հայաստանն ի՞նչ է անելու։ Եթե Ադրբեջանը քարտեզ է բերում ու ասում՝ սա է, Երևան քաղաքն էլ այդ տարածքում չկա, Հայաստանն ի՞նչ է անելու, այստեղ Հայաստանի խոսքը ո՞րն է։ Հայաստանը պետք է գնար ու ասեր՝ ես այսպիսի բաներ եմ անում։ Ալիևը չէ՞ր ասել, որ թքած ունի 29 800քկմ-ի վրա»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հանրությունը թող ինքը որոշի, թե ինչպես եղավ, որ սեպտեմբերի 14-ին՝ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ամբիոնից արած հայտարարությունից հետո, վեր կացավ ու ինքնաբուխ բողոքի ակցիա իրականացրեց, իսկ, օրինակ, ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո Երևանում որևէ բան չկա։
«Համոզեց հանրությանը, դա ճի՞շտ է, չեմ կարող ասել»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ ստորագրել, որի համար գուցե իրենց իշխանությունից հեռացնեն, անվանեն դավաճան, բայց մեկ է՝ ստորագրելու է։