Ցավոք, Հայաստանի և Ճապոնիայի միջև մշակութային, տնտեսական կապը շատ ուժեղ չէ. ճապոնացի հայագետ
«Հաճախ զարմանում են, երբ հայերեն եմ խոսում, ու մտածում են, որ հարազատներիցս մեկը հայ է կամ կինս է հայ: Իրականում՝ ո՛չ հարազատներս են հայ, ոչ էլ կին ունեմ»,- ասում է Ճապոնիայի Վասեդա համալսարանի հետազոտող, հայագետ Տակայուկի Յոշիմուրան ու հպարտորեն շեշտում՝ ՀՀ-ում ապրող մի քանի ճապոնացի տիրապետում են հայերենին, իսկ ես մենակ եմ Ճապոնիայում դասավանդում հայոց լեզուն:
168.am ճապոնացի հայագետի հետ զրուցել է հայերեն սովորելու որոշման, հայ-ճապոնական հարաբերությունների և երկու երկրների սովորույթների մասին:
– Ինչո՞ւ որոշեցիք սովորել հայերեն:
– Առաջ ռուսագետ էի, հետո սկսեցի հետաքրքրվել Խորհրդային Միության ազգային փոքրամասնություններով, նրանց պատմությամբ, մշակույթով ու որոշեցի սովորել հայերեն: Դա 30 տարի առաջ էր:
– Իսկ հայերեն հեշտ սովորեցի՞ք:
– Ոչ այդքան: Հայերեն հնչյունները շատ դժվար են. «դ», թե «թ», «գ», թե «ք»: Սակայն ճապոներենին մի քիչ մոտ է, շարահյուսությունը նման է: Այսինքն, ճապոնացիների համար մոտ լեզու է հայերենը: Սկզբում «Հայոց լեզվի քերականություն» գրքով պարապեցի, իսկ 2001-2003 թթ. պարապեցի Երևանի պետական համալսարանում: Մեկ տարի էլ նախապատրաստական կուրսերի եմ հաճախել, սովորել եմ նաև պատմության բաժնում:
– Ապա կրկին մեկնեցիք Ճապոնիա ու սկսեցիք դասավանդել հայերեն: Կարծեմ որևէ համալսարանում հայագիտության բաժին չկա:
– Ցավոք, Հայաստանի և Ճապոնիայի միջև մշակութային, տնտեսական կապը շատ ուժեղ չէ: Միայն զբոսաշրջիկներն են երբեմն գալիս Հայաստան, և նրանք մարդիկ են, որոնց հետաքրքրում է սովետական մշակույթը: Ես սիրում եմ դասական երաժշտություն և Արամ Խաչատրյանի երաժշտությունը. այս հանգամանքից ելնելով ևս որոշեցի սովորել հայերեն: Մեզ մոտ դպրոցներում նվագում են «Գայանե» բալետը: Ժողովուրդը ճանաչում է, գիտի Արամ Խաչատրյանին: Դրան գումարած՝ նաև Ղարաբաղյան շարժումը: Դա ևս հիմք հանդիսացավ, որ ուսումնասիրեմ լեզուն: Ասեմ, որ հասցրել եմ կազմել հայերեն-ճապոներեն փոքրիկ բառարան՝ 6 տարի առաջ, սկսեցի կազմել հայոց լեզվի քերականության գիրքը, որը շուտով կհրատարակվի:
– Առաջին անգամ ե՞րբ եք եկել Հայաստան:
– 1996 թվականին: Այդ ժամանակ, կարելի է ասել, դեռ սովետական համակարգ էր, չնայած ԽՍՀՄ-ը փլուզվել էր: Դրությունը շատ վատ էր, բայց մարդիկ շատ բարի էին: Ինձ հրավիրեցին, խորոված սարքեցին, ու դա շատ հաճելի էր:
– Հիմա հյուրասեր ու բարի չե՞նք:
– Դե, չնայած որոշ փոփոխություններին՝ ժողովուրդը նույնն է մնացել: Բարի են ու շատախոս, ինչը հաճախ, ինչպես ես եմ հասկացել, անում են հյուրերին ուրախացնելու համար: Մեկ էլ կտեսնես՝ կես ժամ, մի ժամ կխոսեն ու կխոսեն: Նկատում եմ, որ շատ են մտածում բիզնեսի մասին: Մի կողմից լավ է, մյուս կողմից՝ ոչ այնքան:
– Ունե՞ք հայկական սիրելի ուտեստներ:
– Տոլմա եմ շատ սիրում: Խաղողի թփով հայկական յուրահատուկ տոլման: Մեզ մոտ միայն կաղամբի թփով են պատրաստում: Խորոված էլ եմ շատ սիրում, հարիսա:
– Իսկ որո՞նք են սիրելի վայրերը:
– Դիլիջանը Սիսիանը… կանաչը շատ է այդ տեղերում: Դուր եկավ Գյումրին, չնայած կարճ ժամանակ մնացի այնտեղ: Դրա համար պլանավորում եմ ևս մեկ անգամ գնալ Գյումրի:
– Վերջերս կարդացի, որ 100 տարեկանից բարձր ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ գերազանցել է 90 հազարը: Ասում են՝ երկարակեցության գաղտնիքը ճիշտ և կանոնավոր սնունդն է: Ինչպե՞ս են սնվում ճապոնացիները:
– Ավանդական կերակուրը բրինձը, բանջարեղենը և ձկներն էին։ Երեսուն տարի առաջ մտածում էին, որ դա առողջ է, և դրա համար ճապոնացիները երկարակյաց են։ Իսկ հիմա մեզ մոտ տարածված է միսը՝ հավի, խոզի և տավարի։ Բժիշկներն ասում են, որ միսը կյանքը կերկարացնի։ Բացի այդ, իմ կարծիքով, առողջապահական քաղաքականությունը, օրինակի համար՝ բժշկությունը, առաջ է գնացել մեզ մոտ:
– Ի դեպ, ճապոնացիների մասին մի շարք նյութեր կան, օրինակ այն, որ դպրոցներում զուգարանները, միջանցքները մաքրում են աշակերտները, ու դա բացատրվում է նրանով, որ օգնում է երեխաներին պատասխանատվություն կրել իրենց վարքի համար:
– Դասարան, զբոսայգի ևս մաքրում են: Դա ավանդույթ չէ, 1868 թվականից հետո Ճապոնիայում պրոեվրոպական քաղաքականություն է վարվում: Եվրոպականացվում են, այսպես ասած:
– Կա նաև տեղեկություն, որ ձեզ մոտ թեյավճար չեն թողնում, այդպե՞ս է:
– Այո: Գները գրված են, ժողովուրդն այդքան էլ վճարում է:
– Հետաքրքիր այլ սովորույթ ունե՞ք:
– Օրինակ՝ մեզ մոտ Ամանորին ժողովուրդը գնում է տաճար՝ աղոթելու, որոշում են, թե այս տարի ինչ պետք է անեն: Հիշում եմ՝ առաջին անգամ երբ Նոր տարին Հայաստանում էի նշում, շատ զարմացա ճոխ սեղան տեսնելով, երբ լիքը ափսեներ տեսա սեղաններին, հարցրի, թե շա՞տ հյուրերի եք սպասում: Ընկերոջս մայրիկը պատասխանեց՝ ոչ, պարզապես պատրաստում են ափսեները, հանկարծ կարող են հյուրեր գալ: Դա զարմանալի է, բայց և խոսում է հայերի տիպիկ հյուրասիրության ավանդույթի մասին: Մեզ մոտ յուրահատուկ սեղան պատրաստում են, բայց ոչ հայերի նման ճոխ: