Ամերիկյան «բազեն» գալիս է Հայաստան․ ի՞նչ «փաթեթ» է բերում Հայաստան Նենսի Փելոսին
ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին ժամեր անց կլինի Հայաստանում։ Տևական ժամանակ շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում, օրերս Բեռլինում լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Փելոսին՝ հայտնելով, որ շաբաթ օրն այցելելու է Հայաստան։ Այս մասին տեղեկացրել էին արևմտյան լրատվամիջոցները։
Նա նաև հպարտությամբ նշել էր, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և այդ հարցում ինքն էական ներդրում է ունեցել։
Ըստ արևմտյան աղբյուրների, Փելոսիի հայաստանյան այցի պատվիրակության կազմում են նաև Կալիֆոռնիայից հայկական արմատներ ունեցող կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Էնն Իշուն։ Այցը հաստատվել է, սակայն անվտանգային նկատառումներից ելնելով՝ այցի օրակարգ, մանրամասներ չեն հաղորդվում։
Սա վերջին ամիսներին ԱՄՆ երրորդ բարձրաստիճան պաշտոնյայի այցն է ՀՀ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդից ու ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսից հետո։
Փելոսիի այցն իր կշռով, անխոս, աննախադեպ է, ՀՀ-ն երբեք չի հյուրընկալել ԱՄՆ խոսնակ, աննախադեպ է նաև նրանով, որ սա տարածաշրջանային այց չէ, թեև ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբին փորձում է կազմակերպել նաև Փելոսիի այց Ադրբեջան՝ ջանալով նվազեցնել այցի նշանակությունը։ Սակայն Նենսի Փելոսին ԱՄՆ ամենաազդեցիկ ու համարձակ կին գործիչներից է, ում մասին միջազգային մամուլն ակտիվորեն գրեց վերջերս նրա Թայվան կատարած այցի ընթացքում։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ում մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ նաև «ամերիկյան բազե» են անվանում, վայրէջք կատարեց Թայվանում։
Վերջին տասնամյակում դա ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն էր (երրորդն է նախագահից և փոխնախագահից հետո) խաղաղօվկիանոսյան կղզի, որը փաստացի անկախ է, սակայն աշխարհի պետությունների մեծ մասը չի ճանաչում Թայվանի անկախությունը Չինաստանից։ Այցը դարձավ մարտահրավեր Չինաստանի ու աշխարհի համար, քանի որ աշխարհը գտնվում էր մեկ այլ ավելի մեծ ու ծանր պատերազմի շեմին Չինաստանի խոստացած հարվածների սպառնալիքների պատճառով։ Սակայն այդ փուլը հաղթահարվեց, և Չինաստանը չհարվածեց, այցը չտապալվեց, թեև կան նաև խոսակցություններ, որ դրան կարող է լինել պատասխան։ Նույնիսկ Թայվանում Փելոսիի այցը մեկնաբանվեց՝ որպես դեմոնստրատիվ սադրանք, սակայն «սադրանքն» իր նպատակին կարծես չծառայեց։
Թայվանից հետո Փելոսիի այցը ՀՀ ևս ամենաքննարկվողներից մեկն է։
Հայ-ադրբեջանական պատերազմական իրավիճակում, թեև Փելոսիի այցը ծրագրված էր ավելի վաղ, ի՞նչ «փաթեթով» ու ի՞նչ օրակարգով է ժամանում Հայաստան, աշխարհաքաղաքական առումով սա ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության համար, և արդյո՞ք ԱՄՆ դեմոկրատ կին գործիչը Երևան է գալիս միայն իր հայկական ավանդական կապերի շնորհիվ ու հայ համայնքի ձայները նոյեմբերին տեղի ունենալիք ընտրություններում ստանալու նպատակով, թե՞ այցն ունի շատ ավելի լուրջ շերտեր։
168․am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ Փելոսիի այցը Հայաստան միայն ընտրողների ձայներ ստանալու մտադրությամբ բացատրելը չափազանց սխալ կլիներ։
Ըստ նրա, գուցե դա ինչ-որ նշանակություն ունի, բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում միշտ էլ եղել են ընտրություններ, և դեմոկրատները տեղում են աշխատել հայ համայնքի հետ, խոստացել Ցեղասպանության ճանաչում և այլն։ Այսինքն, նրա խոսքով, տարիներ շարունակ այդ ընթացքին հետևել են մամուլով, իսկ այսօր իրավիճակը մի փոքր այլ է։ Մենաղարիշվիլին ասաց, որ Փելոսիի այցը չպետք է առանձին դիտարկել, այն պետք է տեղավորել ԱՄՆ վերջին ամիսների հարավկովկասյան քաղաքականության տիրույթում, որը ներկայումս կենտրոնացած է ՀՀ-Ադրբեջան հարցերի վրա, քանի որ այստեղ է նաև Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։
«Տարածաշրջանը հատկապես 2020 թվականի պատերազմից հետո շատ է փոփոխվել, ու կարելի է ասել, որ հենց այդ շրջանից սկսած ամերիկյան քաղաքականությունը Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ փոխվել է։ Ամերիկյան հետախույզի այցը ևս պատահական չէր։ Սա ամերիկյան օրակարգ է, ես խոսում եմ ամերիկյան շահի մասին, որն է՝ Ռուսաստանին ռեգիոնից դուրս բերելը և տարածաշրջանում հետո ամերիկյան վերահսկողություն ունենալը, որովհետև այսօր ակտիվ խոսակցություններ կան, որ Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Այդ դեպքում մեր տարածաշրջանում ԱՄՆ-ը նոր սցենարներ է խաղարկելու։ Իհարկե, այս ամենի արդյունավետությունը կախված է հենց մեր երկրների քաղաքականությունից։ Թե Հայաստանն ինչպես կպատասխանի՝ կդժվարանամ ասել։
Հայաստանի դեպքում կրկին պատերազմից հետո բարդ իրավիճակ է, դժվար է պատկերացնել ՌԴ ազդեցության թուլացում, բայց դա էլ իր հերթին՝ կախված է ոչ միայն Հայաստանից, ԱՄՆ-ից, այլ հենց Ռուսաստանից՝ Ուկրաինայում։ Իսկ ՌԴ-ն արդեն փոխում է նախապես սահմանված նպատակները Ուկրաինայի պատերազմում՝ նշելով արդեն, որ ցանկանում է միայն Դոնբասի ազատագրում։ Եթե ուշադրություն դարձնեք, փոխվել է նաև Պուտինի հռետորաբանությունը, այն, թե ինչպես են նրա հետ խոսում։ Դա է՛լ ավելի ակնհայտ դարձավ նախօրեին Ուզբեկստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում։ Պարզ է դառնում, որ այս կազմակերպությունից փորձում են ուժային կենտրոն ստեղծել՝ Թուրքիային վերջնականապես պոկելով Արևմուտքից, որը ՌԴ երազանքն է։ Արևմուտքը Հարավային Կովկասում զսպումների մեխանիզմներ ստեղծելու վրա է աշխատում»,- Փելոսիի այցը ՀՀ նման կերպ մեկնաբանեց վրացի վերլուծաբանը։
Նա ընդգծեց, որ ցանկության և հնարավորության դեպքում Հայաստանը կարող է այցն օգտագործել բոլոր ուղղություններով այնպես, որպեսզի դա խնդիրներ չստեղծի իր համար։
«Իսկ տարածաշրջանը դեռ շատ կփոխվի, շատ փոփոխություններ այսօր նշմարվում են և միայն կարող են իրագործվել համապատասխան այլ փոփոխություններից ու գործընթացներից հետո։ Ուստի այս պահին աշխարհաքաղաքական շրջադարձերից կարող ենք խոսել միայն տեսականորեն, բայց պրակտիկ՝ դեռ ոչ, սա պրոցես է»,- ասաց նա։