Հայոց հոգևորականությունը միշտ զորակից ու մարտակից է եղել Հայրենիքին. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Հայոց հոգևորականությունը կյանքի որևէ իրավիճակում միևնույն առաքելությունն ունի, որն էլ իրականացնում է ամենայն նվիրումով, պատասխանատվությամբ և նախանձախնդրությամբ: Եվ այդ առաքելությունը հայ սրտի, հոգու և մտքի լուսավորությունն է, Հայաստանը որպես աստվածային տնտեսություն կառուցելը և այսպես ազգակերտումը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով առկա անվտանգային սրված խնդիրների պարագայում հոգևորականության դերակատարմանը:
Նա նկատեց՝ այդ առաքելության ընթացքում հայոց հոգևորականությունը միշտ զորակից ու մարտակից է եղել Հայրենիքին՝ իր խոսքով, իր գործով, իր կյանքով, և, մանավանդ, հուշելով, օգնել է իր ազգի ղեկավարներին ու գործիչներին՝ փոթորիկների մեջ ճիշտ կողմնորոշվելու, ազգային ներուժն արդյունավետ կազմակերպելու և «իրապաշտ հեռատեսությամբ» ծառացած խնդիրներին սպառիչ լուծումներ տալու:
«Ազգային բոլոր ողջախոհ և հայրենապաշտ գործիչներն ու այրերը վստահ պետք է լինեն, որ հայ հոգևորականներն իրենց հետ են հանուն Հայրենիքի, հանուն Ազգի, քանզի առանց Հայրենիքի, առանց հայրենաբնակ հայության՝ չկա՛ Հայոց Եկեղեցի, ուստի և չի՛ կարող լինել հայ հոգևորականություն»,- ասաց հոգևորականը:
Հարցին, թե այսօր, երբ նաև իշխանությունների ձեռամբ ազգում շարունակ խորանում է պառակտումը, արդյո՞ք եկեղեցին կկարողանա իր ուսերին վերցնել ազգային հաշտության օրակարգը, Ասողիկ աբեղա Կարապետյանը պատասխանեց. «Դարեր շարունակ տարբեր ուժեր՝ արտաքին ու ներքին, պառակտում են սերմանել մեր ժողովրդի մեջ: Ցավոք, այդ ամենի արդյունքում եղել են նաև ծանր կորուստներ, հայրենազրկում: Հայոց Եկեղեցին միշտ Սուրբ Ավետարանով և Հայոց պատմագրքով տիտանական ջանքեր է գործադրել ազգային միաբանությունն ու սերն անխախտ պահելու: Եվ շնորհիվ այդ ջանքերի հայոց ազգը կերտել է փառապսակ հաղթանակներ:
Վստահ եմ, որ այսօր էլ և հավիտյան նույնն են մեր Սուրբ Եկեղեցու ջանքերը և նույնպիսին կլինեն մեր հաղթանակները, եթե մեր պետական, քաղաքական ու հասարակական գործիչները վանեն իրենցից հպարտությունը, փառասիրությունն ու ամենայն հոգեկան մոլությունները և լսեն Ճշմարտության ձայնը, որ ընդմիշտ բարձր աղաղակում է՝ ազգային շահ, նվիրում, հավատարմություն, անձնազոհություն, միասնականություն և սեր:
Սուրբ Եկեղեցու բարձրացրած Սբ. Խաչի առջև թող ծնրադրեն ամենքը և ուս ուսի տված բարձրանան ու բարձրացնեն Մայր Հայաստանին: Հայոց Եկեղեցին այն Սուրբ Սեղանն է, որտեղ ամեն հայ՝ պաշտոնյայից մինչև պարզ բնակիչ, իրեն մատաղ պետք է անի հանուն ազգային ավանդի, արժեքների և լինելության»,- ամփոփեց միտքը Ասողիկ աբեղա Կարապետյանը: