«Սամարղանդից հետո ավելի հստակ կբացատրեն, թե ինչո՞ւ Նիկոլը հերթական անգամ խուսափեց սեփական երկրի շահերը պաշտպանելուց». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), որն այսօր Սամարղանդում կանցկացնի իր հերթական գագաթնաժողովը, որպես կանոն գերագնահատվել է համաշխարհային քաղաքականության մեջ։ Դաշինքը ստեղծվել է 1997թ. Ռուսաստանի և Չինաստանի կողմից, որի գլխավոր նպատակը դիտարկվում էր որպես Արևմտյան քաղաքա-տնտեսական հզորության հակակշիռ:
Հենց սկզբից ՇՀԿ-ին անդամակցեցին Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։ Քանի, որ ՇՀԿ-ն ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, բնականաբար այն ունի նաև համագործակցության ռազմական բաղադրիչ: Սակայն կազմակերպության անդամների միջև պաշտպանական ու ռազմա-քաղաքական համագործակցությունը երբեք այնքան ինտենսիվ չի եղել, որքան ՆԱՏՕ-ի արևմտյան ռազմական դաշինքի պետությունների համագործակցությունն է:
2002թ. ՇՀԿ անդամ պետությունների գագաթնաժողովի ընթացքում ստորագրվեց ՇՀԿ կանոնադրությունը, համաձայն որի, կազմակերպության հիմնական նպատակներն են անդամ պետությունների միջև փոխադարձ վստահության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային, ինչպես նաև կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի, բնապահպանության և այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության խթանումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումը, ժողովրդավարական, արդար և ռացիոնալ նոր միջազգային քաղաքական և տնտեսական կարգի ստեղծման առաջմղումը:
Երբ 2017-ին Հնդկաստանն ու Պակիստանն անդամակցեցին ՇՀԿ-ին, առաջ եկան հարցեր, թե որքանո՞վ է ընդունակ այդ դաշինքը, համագործակցություն ապահովել հակամարտող երկրների միջև։
Այնուհետ, երբ 2020թ. ամռանը Հիմալայներում հնդկա-չինական սահմանային հակամարտությունը վերածվեց բախումների, որի արդյունքում առաջ եկան կանխատեսումներ, որ ներքին հակամարտությունները թույլ չեն տա ՇՀԿ-ին զարգանալ։
Սակայն այսօր սկսված գագաթաժողովը կարող է շրջադարձային լինել ՇՀԿ-ի համար: Առաջին հերթին, շնորհիվ Նյու Դելիի և Պեկինի՝ մրցակցությունը հետին պլան մղելու որոշման։ Բոլորովին վերջերս, երկու կողմերի զորքերը դուրս են բերվել Հիմալայներում հակամարտող գծից: Սա կարող է բացատրվել նրանով, որ Հնդկաստանը, չնայած Չինաստանի հետ ունեցած լուրջ տարաձայնությունների, հակված չէ արևմտյան պետությունների՝ Մոսկվայի և Պեկինի հետ իրենց քաղաքական պայքարում դիտարկվել որպես Չինաստանի դեմ հանդես եկող գործոնի։ Հնդկաստանի գործող իշխանությունները, իրենց երկրի ապագան, կարծես թե տեսնում են ոչ թե որպես Արևմուտքի դերակատար, այլ որպես նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհում հանդես եկող անկախ միավոր:
ՇՀԿ-ի զարգացման մյուս կարևոր փուլը Իրանի մուտքն է կազմակերպություն, որն այսօր կարձանագրվի Սամարղանդում։ Սա նոր հեռանկարներ է բացում Իրանի համար, որին Արևմուտքը երկար տարիներ փորձում է կոտրել դաժան պատժամիջոցներով, և ավելի է նվազեցնում անդրատլանտյան տերությունների՝ Մերձավոր Արևելքում գերիշխող դիրքերը պահպանելու հնարավորությունները։ Հատկապես այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Քաթարը և Եգիպտոսը ցանկություն հայտնեցին դառնալ «երկխոսության գործընկերներ» ՇՀԿ-ի հետ։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) նույնիսկ մտածում է կազմակերպության լիիրավ անդամ դառնալու մասին։
Ապագայում Ծոցի երկրները, որոնք Չինաստանի և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության շնորհիվ հաղթահարում են իրենց միակողմանի կախվածությունը Արևմուտքից, գուցեև ՇՀԿ-ում գտնեն համապատասխան հարթակներ, որտեղ կկարողանան լուծել Իրանի հետ ունեցած իրենց սուր հարցերը։ Առայժմ սա ապագայի խնդիր է։ Այնուամենայնիվ, ՇՀԿ-ն արդեն ավելի ու ավելի է վերածվում ծանրության կենտրոնի Ասիայի ու Արևելքի ուժերի համար, որոնց նպատակն է լինելու կասեցնել տարածաշրջանում Արևմուտքի գերակայությունը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. մասնակցել և ելույթով հանդես է եկել ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և ՇՀԿ համատեղ գագաթնաժողովին: Հայաստանը 2016թ. ապրիլից հանդիսանում է ՇՀԿ գործընկեր անդամ:
Հայաստանը հրավիրված էր այսօր Սամարղանդում սկսված գագաթաժողովին, որին վերջին պահին (երեկ) Նիկոլը հրաժարվեց մասնակցել: Ի՞նչն էր պատճառը, կարելի է գլխի ընկնել: Սակայն չի բացառվում նաև այն հանգամանքը, որ Նիկոլի վրա եղել է ճնշում, որին ինչ-ինչ պատճառներով վերջինս ենթարկվել է:
ՇՀԿ գագաթաժողովը կարող էր ծառայել Հայաստանի դեմ սկսված ադրբեջանական ագրեսիային միջազգային հչեղություն տալը: Այն լավ հնարավորություն էր հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ, տարածաշրջանում Հայաստանի կենսական շահերից բխող դիրքորոշումները պաշտոնապես հնչեցնելու համար: Սակայն կապիտույլանտը հրաժարվեց այդ բացառիկ հնարավորությունից: Գուցե իշխանությունը կորցնելու վախից, որոշեց չբացակայե՞լ երկրից…
Սամարղանդից հետո Հայաստանի և Արցախի շուրջ զարգացումներն ավելի հստակ կբացատրեն, թե ինչո՞ւ Նիկոլը հերթական անգամ խուսափեց սեփական երկրի շահերը պաշտպանելուց՝ այդ բեռը թողնելով Մոսկվայի և Թեհրանի վրա:
Հայաստանի բացակայությամբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, հնարավորություն կստանա լայն քայլերով առաջ շարժվել նաև ՇՀԿ-ում՝ իրավիճակն ամբողջությամբ շուռ տալով ագրեսիայի ենթարկված Հայաստանի դեմ»: