Ավստրալիայում 27-ամյա տղամարդը մեղադրվում է 459 երեխայի նկատմամբ սեռական բռնության համար
Սոցցանցերում և խաղային հարթակներում երեխաներին «ակտիվորեն թիրախավորած» տղամարդը մեղադրվում է Ավստրալիայում և 15 այլ երկրներում 459 երեխայի նկատմամբ բռնության հետ կապված հարյուրավոր հանցագործությունների համար․ գրում է BBC-ն՝ հղում անելով Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ոստիկանությանը։
Անցյալ տարվա փետրվարից կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 596 հանցանքի համար, այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա էլեկտրոնային սարքերում հայտնաբերել է բռնության վերաբերյալ ավելի քան 23․000 տեսանյութ և պատկեր։
Տղամարդը համացանցի տարբեր հարթակներում ստեղծել է բազմաթիվ կեղծ էջեր՝ ներկայանալով թե՛ որպես տղամարդ, թե՛ որպես կին։ Երեխաների շրջանում վստահություն ձեռք բերելով՝ նա տարբեր մանիպուլյացիաների միջոցով ստիպել է երեխաներին սեռական բնույթի լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկել իրեն։
Քվինսլենդի ոստիկանության բարձրաստիճան քննիչն ասել է, որ մինչ այժմ նույնականացվել է 360 զոհ․ հետաքննությունը շարունակվում է։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ զոհերին նույնականացնելու և «նրանց համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար»։
Լրագրողների հետ զրույցում քննիչը հրաժարվել է անվանել տղամարդու կողմից օգտագործված կայքերը՝ նշելով, սակայն, որ դրանք «շատ հայտնի են»։ Նա հավելել է, որ հանցագործության բոլոր դեպքերը կատարվել են առցանց, և որ այլ կասկածյալներ նույնպես հետաքննվում են։
