Ի՞նչ հեքիաթներ է պատմում էկոնոմիկայի նախարարը

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում ավելի քան 186 հազար գործազուրկ կա։ Ընդ որում, սրա մեջ չեն մտնում գյուղացիական տնտեսությունները, որոնց թիվն անցնում է 300 հազարից։ Կառավարությունը համարում է, որ հողը տալով գյուղացուն՝ լուծել է նրա աշխատանքի ապահովվածության խնդիրը։ Թեև հասկանալի է, որ այդպես չէ. բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ դրանով չեն կարողանում ապահովել իրենց ապրուստի միջոցը։ Այդ պատճառով էլ արտագաղթը մեծ է հատկապես գյուղական բնակավայրերում։ Շատերն են մեկնում արտագնա աշխատանքի, որովհետև տեղում չեն կարողանում հող մշակելով հոգալ իրենց ապրուստի միջոցը։

Գյուղում աշխատելու այլ հնարավորություններ գրեթե չկան, իսկ միայն հողի հույսին անհնարին է ընտանիք պահել։

Այս մարդիկ իրականում գործազուրկ են, թեև ընդգրկված չեն գործազրկության պաշտոնական ցուցանիշներում։ Չնայած առանց նրանց էլ գործազրկության մակարդակը Հայաստանում շատ բարձր է։ Ամենաբարձրերից մեկը ԵԱՏՄ տարածքում։

Աշխատունակ բնակչության ավելի քան 14 տոկոսը պարզապես չի կարողանում աշխատանք գտնել։ Ու ինչքան էլ իշխանությունները հեքիաթներ պատմեն, որ Հայաստանում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, բայց մարդիկ չեն ուզում աշխատել, որովհետև սովորել են ապրել առանց աշխատելու, այդպես չէ։

«Համարյա բոլոր ընկերություններն ունեն աշխատողների սուր պակաս, բայց կան նաև շատ գործազուրկներ, ովքեր պարզապես չեն ուզում աշխատել։

Հաճախ մենք կարծում ենք, որ պատճառն ընկերությունների ցածր արտադրողականությունն է, որի պատճառով նրանք չեն կարողանում վճարել մրցունակ աշխատավարձ, սակայն, երբ առաջարկվող աշխատավարձը մոտ է միջին աշխատավարձի կրկնապատիկին, լրացուցիչ հարցեր են առաջանում»,- օրերս մի այսպիսի հուզիչ գրառում էր կատարել էկոնոմիկայի նախարարը։ -Որոշ ժամանակ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի երիտասարդ, Մարատ անունով, ով պատմեց, թե ինչ դժվար է իր կյանքը, որ մասնակցել է պատերազմներում, վարձով է ապրում, հաշմանդամություն ունի, երեք երեխաներ, և չի հասցնում ծայրը ծայրին։ Օգնություն խնդրեց։ Այնպես էր ստացվել, որ այդ պատահական հանդիպման նախորդ օրը մի միջոցառման ժամանակ հանդիպել էի JCA-ի հիմնադիր Գագիկ Աբրահամյանին, ով բավականին երկար ու մանրամասն բողոքեց, որ չի կարողանում բարձր աշխատավարձով ապագա ոսկերիչներ ընդունել աշխատանքի, ովքեր կարճաժամկետ ուսուցումից հետո կարող են 400-800 հազար մաքուր աշխատավարձ ստանալ՝ կախված իրենց աշխատանքից։

Հիշելով դա, Մարատին առաջարկեցի, որ կարող եմ խնդրել, որ իրեն աշխատանքի վերցնեն, ու ինքն էլ իր բոլոր հարցերը կլուծի աշխատանքով։ Ինքն էլ դժկամորեն համաձայնեց ու փոխանցեց իր տվյալները, ես էլ դա փոխանցեցի JCA-ի տնօրենին։ Վերջինս ինձ այսօր տեղեկացրեց, որ Մարատին երկու անգամ հրավիրել են, ու նա չի գնացել»։

Այս պատմությունը ներկայացնելու էկոնոմիկայի նախարարի նպատակն է՝ ցույց տալ, որը Հայաստանում աշխատողի սուր կարիք կա, բայց մարդիկ չեն ուզում աշխատել։ Թե իրականում որքանո՞վ է այդպես, շատ լավ գիտեն նրանք, ովքեր աշխատանքի կարիք ունեն։ Նաև նրանք, ովքեր աշխատում են ու կոպեկներ ստանում։

Եթե աշխատողի այդքան սուր կարիք կա, ու «համարյա բոլոր ընկերությունները» չեն կարողանում անգամ բարձր աշխատավարձով աշխատողներ գտնել, ինչպե՞ս է, որ Հայաստանում աշխատանք ունեցող տասնյակ-հազարավոր քաղաքացիներ ստանում են նվազագույն աշխատավարձ։

Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը մեր երկրում ընդամենը 68.000 դրամ է։

Մարդիկ մեկ ամբողջ ամիս աշխատում են ու ստանում 68.000 դրամ, իսկ էկոնոմիկայի նախարարը խոսում է 400-800.000 դրամով աշխատելուց հրաժարվելու մասին։ Եթե հրաժարվել է, նշանակում է, դրա համար եղել են լուրջ պատճառներ։ Աշխատելու համար նախ հարկավոր է մասնագետ լինել։ Շատ հաճախ աշխատանքի «սուր կարիք» ունեցող ընկերությունները նվազագույն աշխատավարձով մարդիկ են ներգրավում՝ որոշակի շրջան անցնելուց հետո հիմնական աշխատանքի ընդունելու խոստումով, բայց հետո հրաժարվում են։ Ու այդպես շարունակ։

Թափուր աշխատատեղեր առաջին անգամ չէ, որ Հայաստանում առաջացել են։ Միշտ էլ այդպես է եղել։ Բայց դրանք հիմնականում սպեցիֆիկ աշխատանքներ են կամ այնպիսին, որ աշխատավարձը չի համապատասխանում աշխատատեղին ներկայացվող պահանջներին։ Առաջարկվող աշխատավարձերը շատ ավելի քիչ են, քան պահանջվում է աշխատանքի համար։ Հիմնականում դա է պատճառը, որ մարդիկ հրաժարվում են այդպիսի աշխատանք կատարելուց, և ոչ թե այն, որ չեն ուզում աշխատել։ Եթե չեն ուզում աշխատել, ինչպե՞ս է այդքան մարդ, այն էլ այսպիսի համատարած թանկացումների ու փողի արժեքի անկման պայմաններում, աշխատում նվազագույն աշխատավարձով։

Աշխատավարձի խնդիրը Հայաստանում շատ սուր է դրված. այն չափազանց ցածր է։ Քչերն են, որ կարողանում են նորմալ աշխատավարձ ստանալ։

Տնտեսության բազմաթիվ ճյուղերում աշխատավարձերը ոչ միայն ցածր են, այլև շատ դանդաղ են բարձրանում։ Պատճառներից մեկն էլ տնտեսության արտադրողականությունն է։

Ցածր արտադրողականության պատճառով չեն կարողանում նորմալ աշխատավարձ վճարել։

Այդպիսի ոլորտները մեր տնտեսության մեջ շատ են՝ սկսած առևտրից, վերջացրած թեթև արդյունաբերությամբ։

Նույնը նաև պետական հատվածում է։ Տասնյակ-հազարավոր աշխատողներ կան, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, գուցե դրանից մի փոքր ավելի։

Տնտեսության արտադրողականությունը բարձրացնելն էկոնոմիկայի նախարարի սուրբ պարտականությունն է։ Բայց տարիներն անցնում են, իսկ մեր տնտեսության արտադրողականությունը շարունակում է դոփել տեղում՝ իր ուղղակի հետևանքն ունենալով՝ ինչպես տնտեսության զարգացումների, այնպես էլ՝ աշխատատեղերի ու աշխատավարձերի վրա։

Բարձր աշխատավարձով թափուր աշխատատեղեր, եթե նույնիսկ կան, միշտ չէ, որ հնարավոր է համապատասխան մասնագետներով լրացնել։ Մեկ օրում կամ մեկ ամսում մասնագետ չեն դառնում։ Դրա համար ամիսներ, եթե ոչ՝ տարիներ են պետք։

Այդքան խոսվում է ՏՏ ոլորտում մասնագետների պակասի մասին։ Բայց ամեն մարդ չէ, որ կարող է կարճ ժամանակում ծրագրավորող դառնալ։ Պետության խնդիրն է՝ մտածել այդպիսի մասնագետների պահանջարկը բավարարելու մասին։ Նաև որակյալ մասնագետներ պատրաստելու մասին։ Թե չէ շատ հաճախ բուհից դուրս են գալիս մարդիկ, մի քանի ամիս էլ ստիպված մասնավոր են սովորում, որպեսզի որոշ չափով տիրապետեն իրենց մասնագիտությանը ու կարողանան մի կերպ աշխատանքի տեղավորվել։

Իսկ էկոնոմիկայի նախարարը զարմանում է, որ մասնագետ չեղած մարդուն բարձր աշխատավարձով աշխատանք է առաջարկել, իսկ նա չի ընդունել։ Ի՞նչ կապ ունի աշխատավարձը, եթե մարդը չի տիրապետում այդ մասնագիտությանը։ 400 չէ, կարող է 4 միլիոն լիներ, ի՞նչ տարբերություն նրա համար։ Ամեն մեկը չէ, որ կարող է իրեն թույլ տալ մտնել մի բանի տակ, որից գլուխ չի հանում, այնպես, ինչպես այսօր իշխանության մեջ պատահաբար հայտնվածները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս