Վերահաստատվեց․ Ռուսաստանը, որպես հետպատերազմյան շրջանի գլխավոր միջնորդ, էապես զիջում է իր դիրքերը Բրյուսելին. վերլուծաբան
«Բրյուսելյան գործընթացը շարունակվում է, բայց իրավիճակն աշխարհում ստատիկ չէ, որն անկանխատեսելի է դարձնում բոլոր քաղաքական գործընթացները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին, անդրադառնալով օրերս Բրյուսելում անցկացված թվով չորրորդ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցությունների արդյունքներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացավ Փաշինյան-Միշել-Ալիև հերթական բարձրաստիճան հանդիպումն այն արձանագրմամբ, որ հաջորդը ևս կայանալու է Բրյուսելում նոյեմբերին: Սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ևս տեղի է ունենալու Բրյուսելում նոյեմբերին: Հանդիպման արդյունքներով ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հաղորդագրության համաձայն, պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստի նախագծի ուղղությամբ։
Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ բովանդակային առումով և պաշտոնական հաղորդագրությունների տեսանկյունից հանդիպումն էական նորություններ չէր պարունակում: Սակայն, նրա կարծիքով, կարևոր էր ինքնին հանդիպման փաստը, այն էլ՝ Բրյուսելում:
«Դա վերահաստատեց, որ Բրյուսելի գործընթացը շարունակվելու է, և Ռուսաստանը, որպես հետպատերազմյան շրջանի գլխավոր միջնորդ, էապես զիջում է իր դիրքերը Բրյուսելին, սա նշանակում է, որ ողջ Հարավային Կովկասում է Ռուսաստանը սկսում թուլանալ: Թեև սա դեռ նոր իրավիճակ չէ, իրավիճակը ստատիկ չէ, այլ փոփոխական, քանի որ աշխարհն ըստ էության մեծ պատերազմի ու հակամարտության մեջ է, հետևաբար՝ դիրքերը փոփոխական են:
Միտումն այն է, որ Արևմուտքը բոլոր ուղղություններով ճնշումը մեծացրել է Ռուսաստանի նկատմամբ, իսկ Ռուսաստանն այդ բոլոր ուղղություններով կոշտ դիմադրություն ցուցաբերելու ռեսուրս չունի, ուստի որոշ հատվածներում թուլացրել է իր քաղաքականությունը: Սա այդ դեպքերից է: Սակայն գործընթացի լիարժեք հաջողության համար հարկավոր է բովանդակություն և համաձայնություններ, այս հարցում գործընթացը բացեր ունի, և հատկապես վերջին հանդիպումը դա ցույց տվեց»,- ասաց վերլուծաբանը: Ըստ նրա, երևում է, որ կոնկրետ Խաղաղության համաձայնագրի բանակցությունները հեշտ չեն լինելու:
«Կողմերը դրա մեջ մտնելու են ոչ թե համաձայնեցված դիրքորոշումներով, այլ ընդհակառակը՝ բանակցելու են, որպեսզի գործընթացը չտապալվի: Այնուամենայնիվ գործընթացի շարունակականությունը ևս բոլոր ռիսկերը չի վերացնում, քանի որ տեսնում ենք հրադադարի խախտումներ, որոնք տեղում ռուսական ներկայությունը չի կարողանում զսպել: Խնդիրները չափազանց շատ են և տեղում, և ռեգիոնում ու աշխարհում»,- նշեց վերլուծաբանը: