Գիտելիք է մեզ պետք, ոչ թե ակադեմիական քաղաք. տգիտությունը մեր երկիրը քանդում է. հարցում Երևանում
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց գիտելիքի և դպրության օրվա առիթով աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքով, ապա նաև ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված հետագա անելիքների մասին, կարելի է ասել, ծրագրային ելույթով։
Փաշինյանը նախ անդրադարձավ բուհերում ընդունելության քննությունների խայտառակ արդյունքներին՝ անհետաձգելի համարելով բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումները։
«Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա դրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել: Ընդ որում, պետական բուհերում թափուր է մնացել շուրջ 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը»։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը Փաշինյանը տեսնում է ակադեմիական քաղաք կառուցելով, դասավանդող կադրերին վերապատրաստելով։ Ասաց՝ Կառավարությունը պատրաստ է գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք 8 կոնսոլիդացված պետական բուհ․
«Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով, այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի ճիշտ՝ Աշտարակում, և միացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ․․․»։
Երկար տարիների պատմություն ունեցող բուհերը փակելու, դրանց փոխարեն ակադեմիական քաղաք կառուցելու մասին Փաշինյանի հայտարարությունը բուռն քննարկվեց սոցիալական ցանցերում։
168.am-ն այսօր շրջել է Երևանի փողոցնեորվ, լսել քաղաքացիների կարծիքը Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ․
«Առնվազն հիմարություն եմ համարում, ո՞նց կարող են փակել, էստեղից երեխաները պետք է հասնեն Աշտարա՞կ»,- ասաց տարեց մի կին։
Մեկ այլ քաղաքացի էլ այսպես արձագանքեց․
«Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, լավագույն տեղում է՝ մայրաքաղաքի սրտի մեջ»։
ԵՊՀ-ի նախկին ուսանողներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեմ չէ ակադեմիական քաղաք ստեղծելուն, բայց դա չի նշանակում, որ եղածը պետք է քանդել․
«Ներկայիս Կառավարության կողմից արդեն 4 տարի է, ինչ տարբեր խոստումներ և տարբեր ծրագրերի առաջարկներ են լինում, սակայն մենք չենք տեսնում որևէ բարելավում որևէ ոլորտում։ Մենք տեսնում ենք հետընթաց՝ մի քանի քայլով հետ ենք գնում, նույնը կրթության ոլորտում է․․․»։
Մեկ այլ քաղաքացի ևս ասաց, որ դեմ է նման նախագծին․
«Դա նշանակում է, որ ընդհանուր կրթական համակարգը ջարդուխուրդ է լինում։ Ո՞նց կարելի է, դու մայրաքաղաքից հանում՝ տանում ես Աշտարակ։ Ի՞նչ է նշանակում՝ բոլոր բուհերը միացնել․․․ Շատ վատ եմ դրան վերաբերվում, հուսով եմ, որ չի՛ իրականանա․․․ Ես ուղղակի հույսեր ունեմ, որ ժողովուրդը վերջապես կարթնանա, կհասկանա, թե իրականում ինչ է կատարվում, և մենք կփրկենք այն, ինչ հնարավոր է փրկել, որպեսզի մեր պետականությունը վերջնականապես չկործանենք․․․»։
Մեծահասակ մի կին ասաց, որ դեմ չէ.
«Թող էլի կառուցվի ակադեմիական քաղաքը, բայց ուսանողների պակասը քաղաքը չէ, որ պետք է լրացնի։ Առաջին պատերազմից հետո, երբ ուսանողների քանակը քիչ էր, մարդիկ առանց քննության ընդունվում, սովորում էին, սակայն կիսամյակը պետք է գերազանց կամ բավարար գիտելիքներով փակեին, որ նոր դառնային ուսանող, թող նույնն էլ հիմա կազմակերպեն։ Գիտելիք է մեզ պետք, տգիտությունը մեր երկիրը քանդում է․․․»։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե այս նախագծով բուհերի շենքերը կվաճառվեն իշխանական օլիգարխներին, որոնք էլ դրանք կվերածեն բիզնես կենտրոնների՝ առևտրի կենտորնների, հյուրանոցների, ռեստորանային համալիրների, ընդհուպ՝ խաղատների, քաղաքացին այսպես արձագանքեց․
«Ուզում են՝ կազինո սարքեն, թող սարքեն, ինչ ուզում են՝ թող սարքեն։ Եթե մարդ խելացի լինի, իսկ դա ուսման հետ է կապված, ուղեղի զարգացվածություն ունեցող մարդը նման էժանագին բաների իր կյանքը չի նվիրի․․․»։