Ինչո՞ւ կառավարությունն այդքան «առատաձեռն» գտնվեց այս մարդկանց նկատմամբ
«Ի ուրախություն թոշակառուների ու նպաստառուների», դեռ հունիսի վերջին կառավարությունը հայտարարեց թոշակների ու նպաստների սպասվող բարձրացման մասին։ Բայց գաղտնի էին պահում բարձրացման չափը։ Ամեն ինչ պարզ դարձավ այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց սեպտեմբերի 1-ից թոշակներն ու նպաստներն ավելացնել մի ամբողջ 2-3 հազար դրամով։
Թե դա ի՞նչ կարող է տալ թոշակառուին ու նպաստառուին, այս համատարած թանկացումների պայմաններում, դժվար չէ պատկերացնել։
Այն, ինչ անում է կառավարությունը, ուղղակի ծաղր է այդ մարդկանց նկատմամբ։ Իրենց 100 հազար դրամներով պարգևավճարներ են բաժանում, իսկ թոշակառուներին ու նպաստառուներին հազիվ 2-3 հազար դրամի հավելում են պատրաստ տալ։
Սա ինչ-որ տեղ գուցե արդարացված լիներ, եթե Հայաստանը չգտնվեր այսպիսի բարձր գնաճի միավայրում։ Բայց երկրորդ տարին է, ինչ համատարած ամեն ինչ թանկացել է՝ սկսած պարենայինից, վերջացրած ոչ պարենային ապրանքներով ու ծառայություններով։
Նախորդ տարվա թանկացումների ֆոնին այս տարի գնաճը նույնիսկ ավելի բարձր է։
Քանի որ գնաճի վերջին տվյալները վերաբերում են հուլիսին, համեմատությունները կատարենք այդ ամսվա ցուցանիշների հիման վրա։
Անցած տարվա հուլիսին ունեինք 8,2 տոկոսանոց գնաճ, այս տարվա հուլիսին ունեցել ենք 9,3 տոկոսանոց գնաճ։ Այսինքն՝ անցած տարվա հուլիսի 8,2 տոկոս գնաճի վրա, այս տարի ևս 9,3 տոկոս գնաճ է ավելացել։
Նույնիսկ պարզ թվաբանությամբ, 2 տարվա արդյունքում ունենք 17,5 տոկոսանոց գնաճ։
Ու այս պայմաններում կառավարությունը կարծես մեծ բան է արել, որոշել է թոշակներն ու նպաստներն ավելացնել 2-3 հազար դրամով, ինչը համարժեք է ընդամենը 7 տոկոսի։ Սպասվող բարձրացման տեմպը մի քանի անգամ ավելի քիչ է, քան արձանագրված գնաճը։ Դեռ չհաշված այն, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն անհամեմատ ավելի բարձր է։
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա հուլիսին սննդամթերքի գնաճը կազմել էր 13,5 տոկոս։ Նույնքանով սննդամթերքը թանկացել է նաև այս տարի։
Չնայած այսպիսի բարձր գնաճային միջավայրին, իշխանություններն այդպես էլ 2 տարում ոչինչ չեն արել հասարակության սոցիալական անապահով հատվածի վրա գնաճի ազդեցությունը մեղմելու համար։ Ու հիմա փորձում են տպավորություն ստեղծել, թե մեծ լավություն են անում թոշակառուներին ու նպաստառուներին՝ հաջորդ տարվա փոխարեն՝ այս տարվա սեպտեմբերից են բարձրացնում թոշակներն ու նպաստները։ Այն դեպքում, երբ խոսքը չնչին գումարի մասին է, որը ոչ մի էական խնդիր չի լուծելու այս մարդկանց կյանքում՝ երկու տարվա այսպիսի համատարած թանկացումներից ու բարձր գնաճից հետո։
Մինչդեռ, ընտրությունների ժամանակ թոշակների ու նպաստների առաջանցիկ բարձրացում էին խոստանում գնաճի նկատմամբ։ Հիմա տեսնում ենք, թե ինչքանով են իրականացնում այդ խոստումը։ Վերջին երկու տարվա համախառն գնաճի տեմպը գրեթե 3 անգամ գերազանցում է թոշակների ու նպաստների սպասվող աճը։
Երկու տարի է, մարդիկ կրում են գնաճի ծանր ազդեցությունը, ու այդքանից հետո իրենց թվում է, թե մեծ լավություն են անում թոշակառուներին ու նպաստառուներին։ Այնպես չէ, որ շատ են անհանգստացած նրանց համար, այդ պատճառով էլ հաջորդ տարվա հունվարին սպասվող բարձրացումը մի քանի ամսով առաջ են բերել։ Պարզապես դժգոհություններն իշխանություններից գնալով խորանում են։ Առաջիկայում սպասվում են քաղաքական սրացումներ, ու այս քայլով մտադիր են ազդել հասարակության դժգոհությունների վրա։
Հունվարի բարձրացումն էլ, որի մասին խոսում էին, այլևս չի լինելու, ու մարդիկ ստիպված են հունվարից հետո էլ բավարարվել այդ չնչին ավելացմամբ։
Հիշեցնենք, որ վերջին անգամ թոշակների ու նպաստների միասնական բարձրացում Հայաստանում եղել է 2020թ. հունվարին ու կրկին 3 հազար դրամի չափով։
Դրանից առաջ էլ, իհարկե, թոշակներն ու նպաստները մեր երկրում հաճախակի չեն բարձրացել։ Նաև նախկին իշխանությունների օրոք։ Բայց գոնե այն ժամանակ Հայաստանում այսպիսի բարձր ու համատարած գնաճ չկար։ Գնաճը տատանվում էր հազիվ 1-2 տոկոսի սահմաններում, երբեմն նույնիսկ գնանկում էր արձանագրվում, ու դա հնարավորություն էր տալիս մեծ շեղումներ թույլ չտալ մարդկանց գնողունակության մեջ։ Այն, ինչ անհնար է ասել վերջին 2 տարիների մասին։ Բարձր գնաճն էապես ազդել է մարդկանց գնողունակության վրա, ընկել է վճարունակ պահանջարկը, տեղի է ունեցել հասարակության սոցիալական բևեռացվածության խորացում՝ աղքատները շարունակել են ավելի աղքատանալ, հարուստները՝ հարստանալ։
Որպես հետևանք՝ սա բերել է երկրում աղքատության խորացման, ինչը տեղի է ունեցել հասարակության սոցիալապես անապահով խավի հաշվին։ Ապրանքներն ու ծառայությունները 2 տարում համատարած թանկացել են, իսկ սոցիալական վճարները, չնչին բացառություններով, գրեթե չեն փոխվել։ Կառավարության որոշումը՝ սեպտեմբերից թոշակներն ու նպաստները բարձրացնել, ոչ մի էական սոցիալական խնդիր չի լուծի։ Նույնիսկ այդ պայմաններում հասարակության խոցելի հատվածը կշարունակի ավելի աղքատ մնալ, քան մինչև թանկացումներն էր։
Դրանով գուցե մի փոքր թուլանա, բայց չի վերանա այն ազդեցությունը, որը թոշակառուներն ու նպաստառուները կրել են ու առաջիկայում դեռ շարունակելու են կրել գնաճի հետևանքով։ Իսկ նրանց քանակը մեր հասարակության մեջ շատ մեծ է՝ հասնում է գրեթե 550 հազարի։
Ոչ վաղ անցյալում էլ մի նախաձեռնությամբ հանդես եկան, որով իբր թոշակների ու նպաստների անուղղակի բարձրացում էին անում։ Խոսքը անկանխիկ գործարքների դեպքում գումարի որոշ մասի հետվերադարձի մասին է։
Այն գործարկելուց հետո, ինչպես և սպասվում էր, ծրագիրը լիովին տապալվեց։ Երկրում առկա շուրջ 465 հազար թոշակառուներից ու 79 հազար նպաստառուներից դրանից օգտվել է հազիվ 17 հազարը կամ ընդամենը 3 տոկոսը։
Պատճառներից մեկն էլ այն է, որ կառավարությունը թերացել էր իր պարտականություններում. պայմաններ չի ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել ծրագրից։ Գործող 67,6 հազար ՀԴՄ սարքերից ընդամենը 13,3 հազարն են ունեցել անկանխիկ գործարքներ կատարելու հնարավորություն։ Ու այդ պայմաններում կառավարությունը ներդրել է ծրագիր, որով իբր օժանդակում է թոշակառուներին ու նպաստառուներին։ Պարզ է, որ այն չէր աշխատելու ու չի աշխատում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ