«Մենք մեր վերջին պետականությունն ենք կորցնում. ավելի դաժան ենք մեր նկատմամբ, քան թշնամին». Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան այն կարծիքին է, որ երկրում առկա քաոտիկ իրավիճակը կանխատեսելի էր:

«2021թ. ընտրություններից առաջ ասում էին՝ տագնապում էին այսօրվա մասին, և մենք ունեցանք այն, ինչ ունենք: Պարզապես, այն ժամանակ երկրում պետք էր քաղաքական իշխանության փոփոխություն, որովհետև մենք տեսանք՝ 2018թ. մայիսին իշխանության եկածներն ինչ արեցին, ինչի հասցրին երկիրը, և եթե չէինք ուզում, որ այդ վիճակը շարունակվեր ու ավելի ահավոր դառնար, պետք է փոփոխության գնայինք, բայց մենք ընտրեցինք նույնը, և այսօրը սպասելի էր: Ամեն ինչ ավելի անկառավարելի է դառնալու, որովհետև այս իշխանությունն անկարող է իր բոլոր միջոցներով որևէ բան անել: Երկրում ամեն ինչ քանդուքարափ է եղել: Ես չգիտեմ՝ եթե իշխանության փոփոխություն էլ լինի, այդ իշխանության եկողն ինչ է անելու, այդ ավերակներից ոնց է ինչ-որ բան ստեղծելու: Ամեն ինչ հիմնավորապես ավերված է, գուցե՝ անդառնալի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Բանաստեղծը նկատեց՝ երկրում տարածվում է վախի, տագնապի մթնոլորտ. «Անընդհատ ահազանգեր են, թե այստեղ է նռնակ տեղադրված, այնտեղ է տեղադրված: Իհարկե, թշնամին այդ ամենն օգտագործում է, և կարծիքներ կան, որ հենց նրանց ձեռքի գործն է այդ տագնապի մթնոլորտը տարածելը: Բայց հիմա այդ վախի, անորոշության, դողի մթնոլորտն է Հայաստանում»:

Նրա դիտարկմամբ՝ «Սուրմալու»-ի շենքի պայթած վիճակն ու մեր պետականության վիճակը համընկնում են. «Հիմա «Սուրմալու»-ի այդ եռահարկ պահեստից ի՞նչ կարելի է վերականգնել, այն էլ մեր երկրից ինչ կարելի է վերականգնել: Մենք կարողացանք 4 տարում հասցնել այստեղ: Շատ պարզ մոդելը տրվեց քո պետականության և «Սուրմալու»-ի, շատ հետաքրքիր զուգահեռներ են դրանք, թե այնտեղից ինչ ես վերականգնելու: Գուցե հիմա թվում է, որ չափազանցնում եմ, բայց ոչ, իսկապես մեր պետականությունն այդ վիճակին է հասել, և դա տեսնում են և՛ ներսում, և՛ դրսում»:

Կարդացեք նաև

Հուսիկ Արայի տպավորությամբ՝ հասարակությունը ոչ թե քնած է, որ զարթնի, այլ մեռած է, իսկ մեռածը չի զարթնում. «Ասում են՝ հատակին հասնում են, նոր են բարձրանում, բայց տպավորություն է, որ հատակը ծակել ենք, ավելի ներքև: Էլ ի՞նչ պետք է լինի, էլի, մենք ակնհայտ կորցնում ենք: Ադրբեջանն ասում է՝ «Հատուցում» օպերացիան արեցի՝ Լաչինը ստացա, վաղն ասելու է՝ «Հատուցում» օպերացիան եմ անում՝ Սյունիքը ստանամ, Գեղարքունիքը ստանամ: Գեղարքունիքից մտել է ներս, մենք չենք ասում՝ դուրս արի, ասում ենք՝ մաքսակետեր դնենք, այսինքն՝ հալալ է ձեզ, որ մեր ինքնիշխան տարածքն եք մտել, գրավել»:

Նրա խոսքով՝ խաղաղությունը պետք է ոչ թե մուրալ, այլ թելադրել. «Քո խաղաղությունը թշնամու պատերազմից ուժեղ պետք է լինի, իսկ մենք խեղճացած, գլուխներս բռնած՝ ասում ենք՝ վայ, խաղաղություն: Ի՞նչ խաղաղություն, դու ընկած խնդրում ես, դու վիրավոր ես, ինքն էլ գազանն է՝ քեզ խնայելո՞ւ է, քո արյան համն առել է: Ո՛չ, հոշոտելու է մինչև վերջ»:

Հուսիկ Արան շեշտեց. «Պատմությունը մեզ չի ներում անցած տարվա ընտրության համար: Մեր սխալ ընտրության համար մեզ պատմությունը չի ներում և շարունակելու է չներել, քանի դեռ այս իներցիան, այս ընտրության հետևանքները շարունակվում են: Եթե ուզում ենք ներվենք, եթե ուզում ենք ինչ-որ բան փոխենք, պետք է օր առաջ կանգնենք և կանխենք: Գուցե ժամանակավոր կառավարություն լինի, բայց պետք է փոխել, չպետք է հաշտվել մահվան հետ, կործանման հետ, ոչնչացման հետ, իսկ հիմա հստակ այդ ուղին վերցրել և գնում ենք»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իր առջև դրվածը մինչև վերջ դեռ չի կատարել. «Գուցե իրեն էլ խաբեցին, ասացին՝ արի՝ Արցախը հանձնի, այդքանով լավ կլինի Հայաստանի վիճակը, հիմա էլ ասում են՝ Հայաստանը պետք է հանձնես: Ինքը տարբերակ չունի, պետք է հանձնի, պետք է գնա մինչև վերջ. Թուրքիայի հետ սահմանը ճանաչի, բայց Թուրքիան ասում է՝ նոր սահմանագծում, այդ սահմանի հետ էլ համաձայն չէ: Թե ի՞նչ կմնա Հայաստանից, արդյո՞ք մի բան կթողնեն, որովհետև Ալիևը Երևանն էլ է ուզում, Արարատյան դաշտն ու Գյումրին էլ Էրդողանն է ուզում. Ամբողջը ուզում են, մենք իրենց արանքում խոչընդոտ ենք: Այդ երկու երկրներն ուզում են միանալ իրար, ուրմեն՝ մենք այդտեղ պետք է կողմնորոշվենք՝ կամ գնում ենք ոտատակ, վերջանում ենք, կամ կարողանում ենք մեզ պահել ու պահպանել, որպեսզի չկարողանան մեզ կուլ տալ: Սա է մեր ընտրությունը:

Մենք ընտրել ենք երկրորդ տարբերակը՝ ոտատակ գնալ և կործանվել, ու սա արվում է Նիկոլի ձեռքով: Մինչ այդ չէին կարող անել, պետք էր իշխանություն փոխել: Դժգոհ լինենք, գոհ լինենք նախկին իշխանություններից, նրանց օրոք դա անհնար էր, չկարողացան, և գնացին այդ փոփոխությանը, և կպահեն այնքան, մինչև հարցերն իրենց ուզած ձևով լուծվեն: Բայց էլի չեն կարող լուծել. Ռուսաստանն իր շահն ունի, Ամերիկան իր շահն ունի, Իրանը՝ իր, բոլորը, բացի մեզանից:

Մենք մեր երկիրը դրել ենք զոհասեղանին, ով ինչ հասցնում է՝ կտրում ու տանում է, մենք էլ կողքից նայում ենք: Նիկոլին այդ ամենն անելուց հետո կփախցնեն, կամ թե ինքը մինչև վերջ արյուն է թափելու, հակառակ պարագայում՝ ինքը լավ գիտի, թե իշխանության աթոռից դեռ վեր չկացած՝ իրեն ինչ է սպասվում: Ի վերջո, երկիր է կործանել, պետություն ու պետականություն է կործանել, շուրջ 5000 զոհ ենք տվել, ապոկալիպսիս է եկել գլխներիս: Սրա համար ոչ ոք իր ճակատը չի պաչելու, առավել ևս պատմության մեջ ինքը բաց ճակատով չի մնալու, մեղմ ասած»:

Միևնույն ժամանակ, Հուսիկ Արան ելք տեսնում է այս իրավիճակից: «Ես միշտ հրաշքի եմ սպասում: Ուղղակի մեր ժողովուրդն էլ շատ ծանր վիճակում է: Նույն 1918-ի Սարդարապատից առաջ էլ ենք այդ վիճակում եղել, բայց մի պահ եղավ, երբ Կաթողիկոսն ասաց՝ ես դուրս չեմ գալիս Էջմիածնից, ժողովուրդը քոչը կապել՝ գնում էր, և համախմբվեցին, կարողացան: Ավելի ծանր վիճակում ենք մենք հիմա, քան 1918 թվի Սարդարապատից առաջ էր: Մենք մեր վերջին պետականությունն ենք կորցնում. մեղք ենք, ափսոս ենք: Շան օրով, արյուն-քրտինքով, տանջանքով մենք ստեղծեցինք այս ամենը, այս 30 տարի՝ արյուն ու զոհ տալով, ու այսօր հանգիստ, ժպտալով, առանց խղճի խայթ զգալու, առանց ցավ զգալու՝ կորցնում ենք: Գուցե թշնամին էլ մեր փոխարեն ցավ է զգում, որ այնուամենայնիվ, մարդ են, մեղք են, ոնց են կորցնում, մենք չենք զգում, մենք ավելի դաժան ենք մեր նկատմամբ, քան մեր թշնամին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս