Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 19-ին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարությունում կայացավ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Խորհրդակցությունների շրջանակներում տեղի ունեցավ առանձին հանդիպում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի միջև։

Քննարկվեցին երկկողմ պատմական բարեկամական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվեց հայ-ուրուգվայական պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական և գիտաշմակութային կապերի զարգացումը։

Որպես հայ-ուրուգվայական բարեկամական կապերի լրացուցիչ ցուցիչ գնահատվեց երկուստեք ռեզիդենտ դեսպանությունների բացումը։ ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը տեղեկացրեց Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման մտադրության մասին, դրանով իսկ փոխադարձելով ուրուգվայական կողմի՝ դեռևս 2021թ. օգոստոսին ընդունված նույնօրինակ որոշմանը։

Կողմերը քննարկեցին նաև փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:

Խորհրդակցությունների ավարտից հետո տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրումը՝ հանձինս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՈՒԱՀ ԱՀ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի։

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնը։ Քննարկվեցին երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Ուրուգվայ այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Օպե Պասկետը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին: Նշված հարցերը քննարկվեցին նաև ՈՒԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ կայացած հանդիպմանը։

Ուրուգվայ այցի ընթացքում Պարույր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն առանձին հանդիպում ունեցավ նաև ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեսանյութեր

Լրահոս