Բաժիններ՝

Չորս անգամ է՝ հերթս հետաձգում եմ. Վարորդները չեն շտապում վկայագրել գազաբալոնները

Հայաստանում օգոստոսի 1-ից չպետք է լիցքավորվեին տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չէին լինի լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ լիցքավորման դեպքում կայանն առաջին անգամ կտուգանվի 200.000 դրամով:

Սակայն, հսկողության թուլացմամբ պայմանավորված՝ գազալցակայաններն առանց վկայագրի գազաբալոնները լիցքավորում են, իսկ վարորդներն էլ, թեկուզ իրենց հերթը հասել է, այսպես ասած՝ «ոտքը կախ են գցում»: Շատերի կարծիքով՝ օրենքը տեղին չէ:

«Տարեկան 6-7 գազաբալոն է պայթում, մի հարց տամ՝ ամեն տարի քաղցկեղից քանի՞ մարդ է մահանում: Ավելի ճիշտ կլիներ բժշկական ապահովագրումը սարքեին պարտադիր, ոչ թե գազաբալոնի ստուգումը»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Մյուսն էլ, թե՝ «Այս գազաբալոնների վկայագրումը դարձավ Վանո Սիրադեղյանի «Огнетушитель»-ի պատմությունը: Երբ ոստիկանապետ էր՝ հրահանգեց, որ բոլոր մեքենաներում պետք է լինեն «Огнетушитель»-ներ: Այդ աժիոտաժը երկու օր տևեց: Հիմա սա է: Չորս անգամ է՝ հերթս հետաձգում եմ: Զանգում, ասում են, թե՝ ձեր հերթն է, հարցնում եմ՝ կարո՞ղ եք էլի հետաձգել, պատասխանում են՝ իհարկե: Բալոնները գիտե՞ք երբ են տրաքում, երբ շատ ուժեղ ճնշում է լինում»:

Կարդացեք նաև

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի համար, սակայն, ընդունելի չէ վարորդների կարծիքը: Նրա խոսքով՝ վկայագրումն անհրաժեշտություն է:

«Գազաբալոնների օգտագործման ժամկետը ամենաշատը 15 տարի է: Եղել է, որ բերել են հին գազաբալոններ, որոնք մենք չենք վկայագրել»,- նշեց Մկրտիչ Տիգրանյանը:

Ինչ վերաբերում է բուն վկայագրման գործընթացին՝ հայտնեց, որ սկզբնական շրջանում վարորդներն ակտիվ էին, սակայն, երբ նկատել են, որ գազալցակայաններից կարող են առանց վկայագրման լիցքավորել մեքենան՝ անընդհատ ձգձգում են այդ գործընթացը:

Հավելենք, որ ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի փոխանցմամբ՝ կայանների մեծ մասը միացված է էլեկտրոնային շտեմարանին, որոշ կայաններ արդեն իսկ իրականացնում են վկայագրման գործընթաց, տվյալներն էլ տեղադրում են էլեկտրոնային շտեմարանում: Խաչիկ Սողոմոնյանը հայտնել էր, որ այն վարորդները, որոնք գազաբալոնները տեղադրել են նախկինում և տրանսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող կայանը տվյալ պահին գործող օրենսդրությամբ է վկայագիր տրամադրել, ապա խնդիր չեն ունենա, եթե վկայագիրը դեռևս ուժի մեջ է, պարզապես պետք է մոտենան կայաններին, ու այդ տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան: Եթե, օրինակ, այդ հավաստումը գործում է մինչև 2023 թվականի մայիս ամիսը, դա դեռևս ուժի մեջ է լինելու, կարիք չի լինելու այս պահին վկայագրել ու ևս 2-3 տարի ունենալ այդ վկայագրումը:

Տեսանյութեր

Լրահոս