
Չկա վերահսկողություն. մարդիկ ստիպված են իրենց մեքենաներում գազաբալոնային համակարգ տեղադրում. վառելիքը եվրոպական գների է, իսկ եկամուտները՝ ոչ. Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը վստահ է՝ եթե պատկան մարմինները լավ աշխատեին, ապա ամեն օր գազի բալոնի պայթյուններ չէին լինի, ինչպես երեկ երեկոյան տեղի ունեցավ Սարյան փողոցում։
«Խնդիրը գալիս է նաև երկրի այս վիճակից, որ մարդիկ ստիպված են լինում իրենց մեքենաներում գազաբալոնային համակարգ տեղադրել, որովհետև մեզանում վառելիքը թանկ է, եվրոպական գների է։ Մինչդեռ մեր հանրության եկամուտները եվրոպական չեն, ուստի մարդիկ էժան տարբերակն են ընտրում, տեղադրում են գազի բալոնները, որպեսզի մեքենան գազով վարեն, որովհետև դա ավելի էժան է։ Արդյունքում էլ ունենում ենք այն, ինչ ունենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Չիլինգարյանը։
Նա շեշտեց, որ այսօր մարդիկ ծանր սոցիալական վիճակում են ապրում, ուստի գազաբալոնային համակարգ տեղադրելիս էլ փնտրում են ամենաէժանը, նույնիսկ այնպիսի բալոններ, որոնք 10-20 տարի արդեն շահագործվել են։
«Այդ բալոններն անընդհատ ճնշման տակ են և տարիների ընթացքում իրենց անվտանգային հատկությունները կորցնում են։ Պարբերաբար դրանք պետք է ստուգվեն, բայց այստեղ էլ մեզանում խնդիր կա, քանի որ ստուգումները կատարվում են իմիջիայլոց։ Մի քանի անգամ տուգանքներ եղան, բայց միևնույն է՝ ստուգման մեխանիզմը պետք է փոխվի, որովհետև վարորդը չի կարող գնալ, գումարը տալ, ու արտաքինից միայն բալոնը նայեն, համարեն, թե ստուգված է։
Նորմալ ստուգելու դեպքում նախ բալոնը պետք է ապամոնտաժեն, ջրով լցնեն, ճնշումը ստուգեն։ Մի բալոնի ստուգումը մի քանի ժամ է տևում, եթե այդպես անեն, օրը պետք է ստիպված լինեն 5-10 բալոն ստուգել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա հիշեցրեց, որ նախկինում այս ամենը վերահսկող մարմինը գործում էր Էկոնոմիկայի նախարարության կազմում, սակայն այն փակվել է։ Հիմա Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն էլ կարող է ստուգել։
«Մինչև մեր երկրում նորմալ վերահսկողություն չլինի ու պատկան մարմինները սկսեն նորմալ աշխատեն, նման դեպքերը միշտ էլ լինելու են։
Գիտեք, մեզ մոտ ինչպես է, մինչև մի դժբախտ դեպք չի պատահում, չեն սկսում խնդրով զբաղվել, հիմա էլ վստահ եմ, ցույց կտան, որ զբաղվում են, աշխատում են, բայց խնդիրը վերջնական, լիարժեք չեն լուծելու։
Այսքան տարի է՝ բոլորս այս խնդիրների մասին բարձրաձայնում ենք, բայց մեկ է՝ խնդիրը չի լուծվում։
Նաև պետք է վերահսկողություն իրականացվի գազաբալոններ տեղադրող ընկերություններում, որպեսզի ամեն մեկն այդ գործով չզբաղվի, գոնե նորմալ սարքավորումներ պետք է ունենան»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։
Ըստ նախնական տվյալների՝ տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Զվարթ Խաչատրյան