Բաժիններ՝

Ակնհայտ է, որ ցանկանում են տնտեսական ակտիվություն ապահովել. Վարորդների իրավունքների պաշտպանը գազաբալոնների վկայագրման մասին

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում օգոստոսի 1-ից չպետք է լիցքավորվեին տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չէին լինի լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ լիցքավորման դեպքում կայանն առաջին անգամ կտուգանվի 200.000 դրամով:

«Նոր բիզնես ծրագիր է: Գինը 9000 դրամից հասավ 12000-ի, հիմա էլ մի հատ հերթի թղթի կտորի համար առանձին գումար են ուզում: Բա շահումը ո՞րն է»,- սոցիալական ցանցում գրել էր քաղաքացի Սարգիս Սահակյանը:

«Կարելի է փաստել, որ գազաբալոնների վկայագրման գործընթացը համապատասխան նախարարությունը լիակատար ձախողել է: Կամ էլ յուրահատուկ ձև են մտածել նախադրյալներ ստեղծել Հայաստանում էլեկտրական մեքենաների թվաքանակի ավելացման համար»,- հավելել էր մեկ այլ քաղաքացի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ տեղեկացրել է, որ հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը՝ տեղեկացնում ենք, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։ Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալցակայաններում։ Հերթագրվել համակարգում հնարավոր է միայն 1 (մեկ) անգամ։

Կարդացեք նաև

Նախարարությունից փոխանցում են նաև, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև առանց այցելելու կազմակերպություն՝ հետևյալ հղմամբ:

Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բացառապես անվճար։ Նախարարությունից միաժամանակ հորդորել են հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները։

168.am Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ գազաբալոնները վկայագրելու համար դեռևս հերթեր են, ի՞նչ խնդիրների են բախվում վարորդները լիցքավորման կետերում, և արդյո՞ք կա որոշման օրը երկարաձգելու անհրաժեշտություն:

«Ոչ մի խնդրի էլ չեն բախվում, ոնց լիցքավորել էին առանց թուղթ, այդպես էլ շարունակում են։ Բյուրոկրատները թող մտածեն: Սխալ էր կազմակերպված: Տարրական մաթեմատիկա էր՝ գլուխ չհանեցին: Որոշումը լավն էր, ինչ խոսք, սակայն ամեն տարի գազաբալոնի ստուգում անցկացնելն անմտություն է։ Ակնհայտ է, որ ցանկանում են տնտեսական ակտիվություն ապահովել»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Արտակ Խաչատրյանը:

ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը հուլիսի 13-ին անդրադառնալով խնդրին՝ նշել էր. «Այն վարորդները, որոնք դեռևս չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ՝ վկայագրման: Կայանների ցանկը, որոնք ստացել են լիցենզիա և գործում են, տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Սկզբնական փուլով թղթային տարբերակով ստանալու են այդ հավաստումը, վկայագրումը, դրան զուգահեռ՝ տվյալները մուտքագրվելու են էլեկտրոնային շտեմարան, որն այս պահին պատրաստ է: Կայանների մեծ մասը միացված է էլեկտրոնային շտեմարանին, որոշ կայաններ արդեն իսկ իրականացնում են վկայագրման գործընթաց, տվյալները տեղադրում էլեկտրոնային շտեմարանում: Սկզբնական շրջանում լավ կլինի, որպեսզի թղթային տարբերակը վարորդներն իրենց մոտ ունենան՝ գազալցակայաններում լիցքավորելու համար»:

Խաչիկ Սողոմոնյանը հայտնել էր, որ այն վարորդները, որոնք գազաբալոնները տեղադրել են նախկինում և տրանսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող կայանը տվյալ պահին գործող օրենսդրությամբ է վկայագիր տրամադրել, ապա խնդիր չեն ունենա, եթե վկայագիրը դեռևս ուժի մեջ է, պարզապես պետք է մոտենան կայաններին, ու այդ տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան: Եթե, օրինակ, այդ հավաստումը գործում է մինչև 2023 թվականի մայիս ամիսը, դա դեռևս ուժի մեջ է լինելու, կարիք չի լինելու այս պահին վկայագրել ու ևս 2-3 տարի ունենալ այդ վկայագրումը:

168.am-ի հարցին՝ գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման գները բարձրացել են. 9000-12.000 դրամից բացի, կա նաև 24.000-ը։ Օրինակ, Նորագավիթում, 2.2լ բալոնի համար 24․000 դրամ են վարորդից պահանջել։ Հնարավոր չէ՞, որ այս դեպքում կառավարությունը գին թելադրի, ոչ թե այս կամ այն ընկերությունը, Խաչիկ Սողոմոնյանը պատասխանել էր. «Դա դիտվում է՝ որպես բիզնես գործունեություն, և այստեղ գնային հարցը կարգավորվում է մրցակցության հաշվին, և տվյալ վարորդները, որ գիտեն, թե որ կայանում է բարձր, ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, կարող են ընտրել իրենց հարմար տարբերակը»:

Տեսանյութեր

Լրահոս