«Բա էլ ինչի՞ համար ենք ծախսում այս գումարները, որ ինչ-որ մարդիկ աշխատավարձ ստանա՞ն` ընդամենը համազգեստ հագնելո՞ւ համար»․ Հովհաննես Ավետիսյան
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է շուրջ 1,587 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր: Թիվ կարդալ չիմացողների համար, սա կազմում է մեկ տրիլիոն հինգ հարյուր ութսունյոթ միլիարդ ՀՀ դրամ: Որը եթե դոլարի վերածենք (նախորդ տարվա ենթադրյալ փոխարժեք` 1 դոլարը 500 դրամ), ապա սա կկազմի 3,174 միլիոն դոլար, այսինքն երեք միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն ԱՄՆ դոլար:
– Այս գումարից շուրջ 200 միլիարդ դրամը (սա հավաքագրած գումարների` 1,587 միլիարդի, 12.6 %-ն է) ծախսել են փտած պետական մեքենայի վրա (բանակ, ոստիկանություն, դատարան սրա մեջ չեն), որից շուրջ 49 միլիարդ դրամը աշխատավարձ ու պարգևավճար են տվել:
Այս 200 միլիարդից 27.8 միլիարդը ծախսել են ՊԵԿ-ի վրա: Այսինքն ամբողջ հարկերի և տուրքերի գծով հավաքագրումների 1.75%-ը ՊԵԿ-ը ծախսում է իր վրա: Կնշանակի, որ ամեն հավաքած 100 դրամից ՊԵԿ-ն իր վրա ծախսում է 1.75 դրամը: Իսկ օրինակ ԱՄՆ-ում ամեն հավաքած 100 դոլարից իրենց ՊԵԿ-ը ծախսում է շուրջ 0.35 դոլար. Այսինքն, մերինից հինգ անգամ պակաս:
– Պետական պարտք սպասարկելու վրա ծախսել են 181 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 11.4 %-ը):
– Տարբեր տիպի թոշակներ բաժանելու վրա ծախսել են 620 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 39%-ը): Սրանից ծերության թոշակի վրա ծախսել են շուրջ 405 միլիարդ դրամ:
– Բանակի վրա ծախսել են շուրջ 336 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 21.2 %-ը): Սրանից «Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ»-ի գծով ծախսել են ընդամենը 1 միլիոն 460 հազար դրամ (այո, միլիոն դրամ է, միլիարդ չէ):
Այս գումարից շուրջ 228 միլիարդ դրամը ընթացիկ ծախսեր են, որի մեջ մտնում է նաև աշխատավարձը (թիվը գաղտնի է):
– Ոստիկանական և դատական համակարգի վրա ծախսել են 160 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 10 %-ը), որից 115.5 միլիարդ դրամը աշխատավարձ ու պարգևավճար են տվել:
Մի պահ դադար տամ ու ամփոփեմ մինչ հիմա արած ծախսը:
Ուրեմն, ամբողջ հավաքագրած հարկերի և տուրքերի 39%-ը գնում է Թոշակների վրա, Բանակի վրա` սրա 21.2%-ը, Ոստիկանության և դատարանների վրա` 10%-ը, Պետական համակարգի վրա` 12.6%-ը, իսկ Պետական պարտքի վրա` 11.4%-ը: Որ սրանք գումարում ենք ստացվում է 94.2 %:
Տակը մնաց 5.8%, այսինքն, հավաքագրած 1,587 միլիարդ դրամից մնաց 92 միլիարդ դրամ: Ու դեռ մնում են ծախսեր առողջապահության, կրթության, տնտեսության, շրջակա միջավայրի ու հազար ու մի կարևոր հարցերի շուրջ, որոնց վրա հավաքագրած հարկերից ծախսվում է ընդամենը 5.8% (մնացյալ ծախսը հիմնականում պարտքով է արվում):
Ավելին որ ասեմ, կառավարությունը նախորդ տարի ծախսել է շուրջ 2 տրիլիոն դրամ (վերևում նշեցի, որ հարկերով հավաքել էր 1.58 տրիլիոն): Հարց է առաջանում, բա 420 միլիարդ տարբերությունը որտեղի՞ց: Սրանից 320 միլիարդը պարտք են արել, իսկ մնացածն էլ պետական մանր-մունր այլ մուտքեր (օրինակ, ինչ-որ պետական գույք են ծախել), կամ էլ այստեղ այնտեղից ստացած նվեր փողեր:
Ի՞նչ է ստացվում, հարկ վճարողների գումարների 94%-ը ծախսվում է արժեք չստեղծող գործողությունների կամ անգործության վրա:
Այս ամբողջի ստեղծած միակ արժեքը պետք է լիներ ներքին և արտաքին վտանգներից քաղաքացիների ապահովումը (այդ թվում սոցիալական):
Բայց ի՞նչ է ստացվում, մենք յուրաքանչյուր տարի մեր վճարած հարկերի մինչև մեկ չորրորդը ծախսում ենք, որ ունենանք անվտանգային համակարգ` բանակ: Բայց սրանով հանդերձ մեր սահմանները էլի ռուսն է գալիս «տիրություն» անում:
Գրագետ հանրության մոտ կառաջանային հարցեր, մասնավորապես, եթե պիտի ծախսենք այսքան գումար ու մեր բանակը ի վիճակի չէ մեր սահմանների անվտանգությունը ապահովել, բա էլ ինչի՞ համար ենք ծախսում այս գումարները, որ ինչ-որ մարդիկ աշխատավարձ ստանա՞ն` ընդամենը համազգեստ հագնելո՞ւ համար:
Այս ծախսերի կառուցվածքը, նույնիսկ ոչ մասնագետին` ոչ ֆինանսիստին, հուշում է միայն մեկ բան, սա մահացող պետության ծախսեր են: Այս ամենը ամբողջովին փոխել է պետք, այլապես մենք արդեն շատ մոտ ենք ավարտին»: