Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակի տարածքում էլեկտրոնային երաժշտության փառատոն են կազմակերպում. Գիտնականի դուստրը բաց նամակով կդիմի Կառավարությանը
Հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերության, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12-ին կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք: Պարզվում է՝ տարիներ շարունակ դիտակի վրա նաև տեսահոլովակներ են նկարահանվել:
Շատերի կարծիքով՝ դիտակը և հարակից տարածքը պետք է լինեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո, ավելին՝ պետք է քայլեր արվեն այն վերագործարկելու ուղղությամբ:
Ոմանք էլ կարծում են, որ տարատեսակ միջոցառումները ճանաչելի կդարձնեն դիտակը:
«Միանգամից ասեմ, եթե միջոցառումը որևէ կերպ վնասում է դիտակը, ապա միանշանակ ճիշտ եք։ Բարոյական կողմը. գիտությունն էլ ունի գովազդի և PR-ի կարիք։ Այդտեղ նկարահանված մի քանի տեսանյութ տեսա, որոնք միլիոնից ավել դիտումներ ունեն, ինչը կբերի դիտակի մեծ ճանաչման»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է քաղաքացիներից Միքայել Ավագյանը:
«Մեծ արժեքավոր գիտական կառույց, որը 20-25 տարի անտեսվել է պետության կողմից։ Հիմա գոնե պահպանեք և օգտագործեք ճիշտ ուղությամբ, ի շահ գիտության»,- հորդորել է Մարիա Հովսեփյանը:
«Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն էլ Ֆեյսբուքի պաշտոնական էջում այս խնդրով հայտարարություն է տարածել՝ նշելով.
«Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է՝ որպես «լքված աստղադիտակ», «պատմական հուշարձան», և այլն։ Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման, ինչը փաստել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ, բայց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, շարունակաբար խոչնդոտում է այդ գործընթացին, և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չէ, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակներում՝ ի փառս հայ ազգի գիտական մտքի և ի օգուտ Հայաստանի: «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, չնայած որ սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը, այնուամենայնիվ, չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է՝ որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման և անվաչմուշկներով սահելու տարածք:
Վերոնշյալ գործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում է՛լ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները, և միևնույն ժամանակ այն նվաստացվել է բարոյապես։
Մասնագետների կարծիքով՝ աստղադիտակը պետք է վերականգնվի իր ամբողջական ներուժին համապատասխան, և ծառայի գիտական, ռազմական ու այլ ասպարեզներում իր նպատակներին, որտեղ ապացուցված է դրա գերազանց պիտանելիությունը։ Որպես աստղադիտակ աշխատացվելու պարագայում, իր տեսակի մեջ աշխարհում եզակի այս գործիքն արդյունքում շատ ավելի մեծ եկամուտ, օգուտներ և այլ համբավ կբերի մեր Հայրենիքին»:
Պարիս Հերունու դուստր Նանա Հերունին, ով հանդիսանում է «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի նախագահը, 168.am-ին հայտնեց, որ միջոցառման մասին իմացել են Ֆեյսբուքից:
«Պատրաստվում ենք բաց նամակ գրել Կառավարությանը»,- նշեց նա:
Հարցին՝ որոշ ժամանակ առաջ տեխնիկական գիտությունների թեկնածու Արևիկ Սարգսյանը քայլեր էր ձեռնարկում, որպեսզի կրկին դիտակն աշխատեր, ո՞ր փուլում է այդ գործընթացը, Նանա Հերունին պատասխանեց, որ այս գաղափարի իրականացմանը խոչընդոտել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը:
Հավելենք, որ խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր հարցում ենք ուղարկել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին:
Նշենք, որ դիտակը գտնվում է Արագածոտնի մարզի Օրգով և Տեղեր գյուղերի միջև: Բազմիցս են կարծիքներ հնչում, որ դիտակի վրա նախագծային սխալներ են հայտնաբերվել, դրա համար այն չի աշխատել:
Ամեն դեպքում, Խորհրդային Հայաստանում ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցումն իրագործելու Պարիս Հերունու ձգտումը սկզբից չի ողջունվել Մոսկվայի կողմից:
Հայ գիտնականին առաջարկել են դիտակի կառուցումը սկսել Ղրիմում, որտեղ նույնիսկ բնական փոս են գտել դրա համար: Մոսկվայի իշխանություններից համաձայնություն կորզելու Պարիս Հերունու պայքարը տևել է շուրջ 17 տարի, և Խորհրդային Հայաստանում իր ծավալներով աննախադեպ գիտական նախաձեռնությունը կյանքի կոչվելու հնարավորություն է ստացել: