ԱՄՆ Սենատում քննարկվում է գնաճի նվազեցմանն ուղղված քայլերի փաթեթը

Շաբաթ օրը ամերիկացի սենատորները սկսել են քննարկել գնաճի նվազեցմանն ուղղված նախաձեռնությունների փաթեթը, որով նախատեսվում է ԱՄՆ իշխանությունների կողմից մոտ 400 միլիարդ դոլարի հատկացում։

Հանդիպումը հեռարձակում է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի պաշտոնական կայքը:

Օրինագիծը ներառում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ դաշնային բյուջեի դեֆիցիտի կրճատում, քաղաքացիների առողջապահական ծախսերի նվազեցում, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքար։ Բացի այդ, խոշոր կորպորացիաների համար նախատեսվում է հարկերի բարձրացում, որոնք մասամբ պետք է ապահովեն առաջարկվող ծրագրերի համար անհրաժեշտ միջոցները։
ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ այս ամենն ապագայում գնաճի նվազում կապահովի երկրում։ Այս քայլերի կողմնակիցն է ԱՄՆ-ի իշխող Դեմոկրատական ​​կուսակցությունը։

Ինչպես ավելի վաղ ասել է Սենատում մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը՝ վերին պալատի անկախ ընթացակարգային փորձագետը թույլ է տվել, որ այս փաթեթի հիմնական մասը վերանայվի բյուջետային նախաձեռնությունների պարզեցված ընթացակարգով: Ակնկալվում է, որ այսպիսով դեմոկրատները կկարողանան շրջանցել հանրապետականների ընդդիմությունը:
The Hill-ի գնահատմամբ՝ օրինագծի եւ փոփոխությունների քննարկումները, հավանաբար, կշարունակվեն շաբաթ եւ կիրակի օրերին:

Ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների՝ երկրում սպառողական գները հունիսի վերջին տարեկան կտրվածքով աճել են 9,1 տոկոսով, ինչը 1981 թվականի նոյեմբերից ի վեր ամենամեծ ցուցանիշն է։

Տեսանյութեր

Լրահոս