«Սերժի ժամանակ գյուղացուն բանատեղ էին դնում, հիմա բացարձակ անտերություն է․․․»․ Արմավիրում կրկին ոռոգման ջրի խնդիր կա
Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի հողօգտագործողներն ահազանգում են՝ ոռոգման ջուրն ուշացումներով են տալիս, ինչի հետևանքով տանջանքով մշակած բերքը չորանում է։
Երկար տարիներ հողագործությամբ զբաղվող Սամվել Լալազարյանը 168.am-ի հետ զրույցում դժգոհեց՝ բույսը պետք է ջրվի ամեն 7 օրը մեկ, փոխարենը՝ լավագույն դեպքում ջրում են 2 շաբաթը մեկ։
«Բնականաբար, դա ազդում է բերքի որակի վրա։ Ժամանակից շուտ բույսերի մոտ ծերացման պրոցես է սկսում, չորանում է»,- ասաց հողօգտագործողը։
Նա նաև պատմեց, որ վերջին շրջանում նկատել են, որ ջրից տհաճ հոտ է գալիս, կասկածներ ունեն, որ մոտակա գործարաններից մեկի թափոններն են խառնված ոռոգման ջրին․
«Էջմիածին քաղաքում էլ, գյուղերում էլ, մարդիկ, որոնք ոտաբոբիկ են դաշտերը ջրել, ասում են՝ ոտքերի վրա լաքաներ են առաջացել։ Բույսերն էլ սկսել են ժամանակից շուտ չորանալ։ Կեղտոտ ջուր է գալիս մի տեսակ անդուր հոտով, կասկած ունենք, որ թունավոր գործարանների թափոնները ջրերի հետ խառնում, ուղարկում են»։
Հարցին՝ գյուղացիներն արդյոք չե՞ն դիմել Ջրային կոմիտե, խնդրի մասին բարձրաձայնել, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Պատկան մարմինները պետք է զբաղվեն, բայց կասկածում ենք, որ այս իշխանություններն իրենց խնդիրները կբարձրաձայնեն։ Անտերուդուրս վիճակ է, առաջվանը չի։ Սերժի ժամանակ գյուղացուն բանատեղ դնում էին, վախ կար, հիմա բացարձակ անտերություն է, պետական ոչ մի կառույց չի գործում։ Մեռանք բողոքելով, էլ ի՞նչ անենք, տեղ էլ չկա բողոքելու, այս տարի Էջմիածին-Աշտարակ ճանապարհը փակեցինք, բայց դե, որևէ բան չփոխվեց․․․
Խնդիրը խորքային է, իշխանությունները երկիրը հանձնել են օլիգարխներին։ Ճիշտ է՝ Նիկոլը քամի է անում, թե այդպիսի բան չկա, բայց․․․ Պարարտանյութը թանկ գնով վաճառեցին, սալյարկան, տրակտորի մասերը թանկ գներով են վաճառում, այդ բոլորը անդրադառնում է մշակության գների վրա։ Տրակտորիստը նույն գործը նախորդ տարվա համեմատ թանկ գնով է անում, բայց բերքը անցյալ տարվա գնից ցածր գնով ենք տալիս, խնդիրը խորքային է։
Այս իշխանությունները պետք է հեռանան, ուրիշ տարբերակ չկա, սրանք ինչքան մնացին՝ Հայաստանը կկործանվի։ Մարդիկ դուրս եկան Սերժի դեմ պայքարեցին, բայց հիմա երանի են տալիս նրան։ Սերժի ժամանակ ավելի լավ էր, քան էս սրիկաների»։
Սամվել Լալազարյանը չբացառեց, որ գյուղացիներն առաջիկայում բողոքի ակցիան Երևան-Էջմիածին մայրուղուց կտեղափոխեն Կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք, որ Սամվել Լալազարյանը և Արմավիրի մարզի մի շարք հողօգտագործողներ նախորդ տարի ևս ոռոգման ջուր չլինելու պատճառով բողոքի ակցիաներ էին իրականացրել, ճանապարհներ էին փակել, պահանջում էին, որ իշխանությունները հարցին լուծում տան, սակայն, ինչպես տեսնում ենք, խնդիրը շարունակում է մնալ չլուծված։