Բաժիններ՝

Կտեսնեք, որ այս տարի նախարարը Սևանա լճից ավելի շատ է ջուր բաց թողնելու. Հակոբ Սանասարյան

«Քանի որ Սևանի մակարդակը գնալով պետք է բարձրացնենք, և այդտեղ շատ մաքրելու աղբ է լինում: Գործընթացը տարբեր ժամանակներում արդյունավետության որոշակի խնդիրներ է ունեցել: Սևանի մակարդակի բարձրացումը բոլորիս գլխավոր խնդիրն է: Այս պահին ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, պարտավորված ենք Սևանից ոռոգման համար ջուր բաց թողնել՝ գյուղատնտեսությանը ոռոգման ջուր հասցնելու համար»,- ԱԺ-ում 2022 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նա հայտնեց, որ բոլորի խնդիրն է՝ համատեղ գործողություններ և ջանքեր ներդնել, որպեսզի Սևանա լճի վրա գործադրվող ճնշումը թուլանա:

«Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում, և, ցավոք, Սևանն այս տարի էլ երևի կկանաչի, և դժվարություններ կունենանք»,- նշեց Սիմիդյանը:

Բնապահպան Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ Սևանի խնդիրը շատ պարզ է:

Կարդացեք նաև

«Երկար տարիներ կեղծավորություն են անում՝ ասելով, որ Սևանի մակարդակը պետք է բարձրանա, բայց իրականում չեն բարձրացնում: Կտեսնեք, որ այս տարի նախարարը Սևանա լճից ավելի շատ է ջուր բաց թողնելու: Սևանում առկա խնդիրների դեմ պայքարելու համար ջրի մակարդակը պետք է բարձրանա, ու ամեն հարց կլուծվի, սակայն իրենք դա չեն անում: Գնում ես այնտեղ՝ ասֆալտապատ փողոցներ, բարձրահարկ շենքեր են, այնինչ անգամ բահ իրավունք չունեն հողի մեջ մտցնել, քանի որ հատուկ պահպանվող տարածք է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց բնապահպանը:

Հավելենք, որ արդեն մի քանի տարի է՝ Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ է գրանցում։ 2020թ․ տարեվերջին լճի մակարդակը կազմել է 1900.52 մ, 2021թ․ տարեվերջին՝ 1900.43 մ, 2022թ․ տարեվերջին՝ 1900․28 մ։

2023թ. տարեսկզբից մինչև մայիսի 24-ը 1900․28 մ նիշից լճի մակարդակը բարձրացել է մինչև 1900․45 մ, սակայն 20 սմ-ով դեռ ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Լճից արդեն իսկ իրականացվել է 17,617 միլիոն խմ ջրառ, Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 50,710 միլիոն խմ ջուր՝ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների։

ՀՀ ջրային օրենսգրքի համաձայն՝ սակավաջրությունը իրավիճակ է, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է՝ հիմք ընդունելով տվյալ հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների՝ գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է 66,7 տոկոսը:

Մասնագետների խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սակավաջրության մասին հայտարարելու համար ՀՀ ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է ընդունի համապատասխան որոշում, որը պետք է ներառի միջոցառումներ ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակման, սակավաջրության տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման չափավորման կամ սահմանափակման վերաբերյալ։ 2023թ․ դրությամբ ՀՀ կառավարությունը նման որոշում դեռ չի կայացրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930