«Շատ վա՛տ ես աշխատում, Նիկոլ Փաշինյան…». Արմավիրում ոռոգման ջրի հարցը չի լուծվել

Արմավիրի մարզի հողօգտագործողները կրկին ահազանգում ու բողոքի ձայն են բարձրացնում՝ մարզում ոռոգման ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ, իսկ իրենց չորացած բերքի դիմաց կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցում տալ։

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Լալազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին շատ քիչ քանակությամբ ջուր են տրամադրել, սակայն դա բավարար չէ ընդհանուր դաշտերի ոռոգումը նորմալ կազմակերպելու համար․

«Տպավորություն են ստեղծում, թե ջրով ապահովում են, բայց չեն ապահովել. էս ձև տարի մենք չենք ունեցել: 7-8 օրը մեկ մենք պետք է ջրենք, վերջին անգամ ջրել եմ 10 օր առաջ, բայց մի 5 օր էլ երևի ջուր չտան ինձ, մի խայտառակ վիճակ է»:

Երկար տարիներ հողագործությամբ զբաղվող Սամվել Լալազարյանը ոռոգման ջուր չտրամադրելու հարցում միտում է տեսնում.

«Այս իշխանություններին հատուկ է դա, ջրերը չեն տա, հետո էլ աշնանը կասեն՝ դե գիտե՞ք ինչ, գյուղմթերքով չապահովեցիք, ուզենք-չուզենք, Ադրբեջանից, Թուրքիայից պետք է բերենք… Ես ինքս Նիկոլ Փաշինյանից, այս իշխանություններից շատ դժգոհ եմ, ժողովրդի անունից խոսեն ու ժողովրդին սենց հարվածե՞ն, անթույլատրելի է: Նիկոլ Փաշինյան, խաբելով, համոզելով, ստելով՝ ժողովուրդ չես կերակրի, պետություն չես զարգացնի, տղա ջան… Հայաստանը վարի ենք տալիս էս ձև, Արցախը վարի տվեցինք, հա, հետո՞, հիմա էլ Հայաստանը հա՞, ու վե՞րջ դրանով…»:

Չորացած սոխի դաշտեր ցույց տալուց հետո՝ վերադարձի ճանապարհին, Սամվել Լալազարյանն ասաց՝ կարևոր չէ, թե ինչ ես աշխատում, կարևոր է, թե ինչպես ես աշխատում, ապա զայրույթը զսպել չկարողանալով՝ դիմեց Նիկոլ Փաշինյանին.

«Նիկո՛լ Փաշինյան, ինչպե՞ս ես աշխատում դու, քեզ հարց տվե՞լ ես, տղա ջան: Շատ վա՛տ ես աշխատում, Նիկո՛լ Փաշինյան. Ես «Ձեզ»-ի նշանակությունն էլ գիտեմ, «Քեզ»-ի նշանակությունն էլ գիտեմ, բայց Նիկոլ, ես քեզ դիմում եմ քեզով, դու-ով, ոչ թե դուք-ով, դու ավելիի արժանի չես…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս