«Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է. հստակ է՝ Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել». Դավիթ Բաբայան
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախում այսօր տիրող իրավիճակին, տեղեկացրեց՝ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է։
«Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա հստակ է՝ Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել, նույն նպատակներն ու ծրագրերն ունի։ Շատ սառնասրտորեն պետք է մոտենանք այդ ամենին։ Պետք է հեռու մնանք դեմագոգներից, շահարկումներից, դժբախտաբար, մենք կրկին տեսնում ենք շահարկումներ տարբեր սոցիալական ցանցերում, սուտ հայրենասերների մի մեծ բանակ է կրկին ձևավորվում, սկսում են տարբեր բաներ գրել, ինչն անթույլատրելի է։
Պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ բարդ է Արցախում, աշխարհում, որի պարագայում պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել։ Լինենք շատ զուսպ և դեմագոգներից հնարավորինս հեռու»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է կարծիքներին, որ ստեղծված իրավիճակում պետք է ավելացվի Արցախում ռուս խաղաղապահների թիվը, Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախի համար իդեալական կլիներ, եթե խաղաղապահների թիվն ավելացվեր, սակայն այդ հարցը միայն ցանկություններով չէ։
«Այդ հարցի համար պետք է համապատասխան համաձայնություն լինի, միայն մեր ցանկությամբ չէ։ Հարցը պետք է ավելի լայն դիտարկենք, քանի որ խաղաղապահները Ռուսաստանն է այստեղ բերել, որը Մինսկի խմբի երկիր է, տարածաշրջանի համար պատասխանատվություն կրող ու հզոր երկիր։ Անկախ խաղաղապահների թվաքանակից, բնական է, որ նման հարձակումներն ու սադրանքներն ուղղված են նաև Ռուսաստանի դեմ, սա շատ պարզ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։