
«Փաշինյան-Սինանյան տանդեմը նախընտրում է կյանք տալ Անկարա-Բաքու տանդեմին». Մուրադ Փափազյան

«Հայաստանի կառավարությունն անպատասխանատու է. ամեն ինչ ձեռնարկում են՝ ճեղքելու Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները: Անպատասխանատու են, որովհետև իրենց կեցվածքով տկարացնում են Հայաստանը՝ նախընտրելով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սփյուռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքն արգելող նոր որոշումներին՝ նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
Այս համատեքստում սփյուռքահայ գործիչն ուշադրություն հրավիրեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ապա նկատեց, որ այդ հայտարարությանը հաջորդեց իր մուտքի արգելքը և այսօր արդեն՝ նոր արգելքներ:
«Փաշինյան-Սինանյան տանդեմը նախընտրում է կյանք տալ Անկարա-Բաքու տանդեմին՝ իբրև ապագա գործընկերոջ: Այսօր համոզված եմ, որ թուրքական պահանջին դրական պատասխան տվեցին. պետք է մերժել այս մոտեցումը»,- եզրափակեց Մուրադ Փափազյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ի երեկոյան էլ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ՝ Հայաստան մուտքն էր արգելվել։
«Պահանջելու եմ վերականգնել Հայաստան վերադառնալու իրավունքս, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ»,- մեզ հետ զրույցում ասել էր Մուրադ Փափազյանը:
Երեկ տեղեկացրել ենք, որ արգելվել է ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, իսկ այսօր առավոտյան արդեն՝ Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը։