Պահանջելու եմ վերականգնել Հայաստան վերադառնալու իրավունքս, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ․ Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր՝ Հայաստան մուտքն արգելելու վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է․«Նիկոլ Փաշինյանի համակարգի կողմից Հայաստան մուտքս արգելելուց երկու շաբաթ անց ցավով հաստատում եմ, որ իշխանության այս որոշումը իրավական ոչ մի լուրջ հիմք չունի: Հայտնի պատճառներով Թուրքիայում և Ադրբեջանում ճանաչված լինելով որպես անցանկալի անձ «անցանկալի» եմ նկատվել նաև Հայաստանում` իշխանությունների կողմից չհիմնավորված պատճառներով: Առաջին բացատրությունը ԱԱԾ-ն մերժել էր տալ` hայտնելով, թե մուտքիս արգելքը երկիր առնչվում է անձնական կյանքիս:

Ապա, անդրադառնալով կացության ծիծաղելիությանը, հուլիսի 22-ին վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին, Փարիզում, Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունս է, և տվյալ ցույցը կազմակերպելը: Բայց նշյալ թվականից մինչև 2022-ի հուլիսի 13-ը 4 անգամ անարգել մուտք եմ գործել Հայաստան: Ավելին, Հայաստանի պատկան մարմինները ոչ մի բողոք չեն ներկայացրել ֆրանսիայի իշխանություններին՝ 2021-ի հունիսի 1-ի ցույցի մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ: Որևէ իրավական պետության հիմնարար սկզբունքներ՝ անմեղության կանխավարկածը և խոսքի ազատությունը բռնաբարելով, Հայաստանի կառավարությունը առանց դատական որևէ հիմնավորման որոշել է Հայաստան մուտքս արգելել 2022-ի հուլիսի 13-ին: Եվ իրողությունն այն է, որ ես ոչ մասնակցել եմ այդ ցույցին, ոչ էլ կազմակերպել եմ այն: Տարբեր տեսակետ ունենալը միակ սկզբունքն է, որը մղել է Նիկոլ Փաշինյանին նման որոշում կայացնելու` բռնատիրական վարչակարգին վայել կեցվածքով:

Մերժում եմ այս որոշումը և պահանջում եմ Հայաստան վերադառնալու իրավունքս: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ` ոչ էլ իր վարչակարգինը: Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է, ուր կարող է մուտք գործել յուրաքանչյուր հայ, նույնիսկ եթե ընդդիմադիր է իշխանությանը: Եվ այս պատճառով է, որ որոշել եմ իրավական առումով վերականգնել իրավունքս, որի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու անձս, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց լիազորում եմ կատարելու հարկն ու պատշաճը: Արծվիկ Մինասյանը հուլիսի 25-ին արդեն իսկ այս մասին նամակ է ուղարկել ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայել տվյալ որոշումը: Օրինական առումով ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որի հիման վրա մենք կորոշենք թղթածրարի հետագա հոլովույթը:

Կարդացեք նաև

Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից, քաղաքական տարբեր դիրքորոշումների տեր անձանցից, որոնք բոլորն էլ ընդվզել են Փաշինյանի հակաժողովրդավար որոշման դեմ: Նման որոշմանը ընդդիմանալը բխում է Հայաստանի նկատմամբ սիրուց և մերժումն է ժողովրդավարությունից կառավարության շեղման, ինչպես նաև իրավական պետության հիմնարար սկզբունքների հիշեցումն է` Հայաստանը պետք է վերադառնա իրավական պետության իր կոչումին:

Հուսկ, իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար»:

Հիշեցնենք, որ Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել էր․ թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»:

Տեսանյութեր

Լրահոս