Հայաստանի իշխանությունն ուղղակի նվեր է թուրք-ադրբեջանական տանդեմին. Թադևոս Ավետիսյան

Հայ և թուրք բանագնացների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել օդային ճանապարհով բեռնափոխադրումներ սկսելու մասին: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարեց կոորդինացված աշխատել, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունը:

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը վստահեցրեց, որ ըստ էության դա մեզ պարտադրված ծրագրի շարունակությունն է, որը բխում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից:

«Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ունենալով ռազմական դոմինանտություն, հիմա էլ Հայաստանին փափուկ ուժի միջոցով է պարտադրում տնտեսական էքսպանսիայի իր ծրագիրը: Այսօրվա իշխանությունները փորձում են իրենց հատուկ ձևով դա ներկայացնել՝ որպես մեծ ձեռքբերում, և փորձում են մեր տնտեսության զարգացման ապագա տեսլականը և մեր երկրի քաղաքացիների կյաքի որակը կապել Թուրքիայի հետ առևտրային շրջափակման վերացման հետ: Սա բխում է բացառապես իրենց նեղ անձնական շահերից և կապված է իրենց շրջապատում գտնվող օլիգարխների տնտեսական շահի հետ, որովհետև սահմանափակումների վերացումը թույլ է տալիս կրճատել Թուրքիայից ապրանքների ներմուծման ծախսերը, իսկ գերշահույթները գիտենք, թե ովքեր են տնօրինում»,- նշեց տնտեսագետը:

Վերջին հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը կմեծանա, կբացվեն նոր աշխատատեղեր, կունենանք տնտեսական էֆեկտ: Այս առնչությամբ Թադևոս Ավետիսյանը կասկած հայտնեց.

Կարդացեք նաև

«Ես չգիտեմ, թե ինչ հաշվարկների վրա է հիմնված այդ լավատեսությունը, բայց որպես կանոն՝ նման հայտարարություններն իրականության հետ կապ չունեն: Ներմուծելով թուրքական ապրանքներ՝ չես ստեղծում նոր աշխատատեղեր: Հակառակը՝ կա իրական ռիսկ, որ թուրքական արտադրողի հետ այսօր մրցակցող մեր տնտեսվարողները կունենան ավելի մեծ դժվարություններ, հետևաբար՝ այդ ոլորտներում աշխատատեղերը կկրճատվեն, ոչ թե կավելանան: Ինչ վերաբերում է թուրքական ներդրումներին, ապա դրանք թվացյալ օգուտներ են բերելու, քանի որ մեր տնտեսական կախվածության մեծացումը Թուրքիայից միջնաժամկետում շատ ավելի մեծ խնդիրներ կարող է առաջացնել: Դրա օրինակը տեսել ենք: Թուրքական էքսպանսիան ակնհայտ դրսևորումներ ունի մեր տարածաշրջանում և դրանից դուրս»:

Ինչ վերաբերում է Հայաստանից Թուրքիա արտահանման հնարավորություններին, ապա, տնտեսագետի գնահատմամբ՝ ծավալները չնչին են: 2010-2019թթ., մինչև 2020-ի ճգնաժամը, տարեկան եղել է մինչև 1.3 մլն դոլարի չափով արտահանում, իսկ ներկրումն այդ նույն ժամանակահատվածում եղել է տարեկան 220 մլն-ի չափով: 2022-ի առաջին կիսամյակում գրանցվել է Թուրքիայից ներմուծման թռիչքաձև աճ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ Կառավարության որոշմամբ վերացվեց թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։

2021-ին Հայաստանից Թուրքիա արտահանվել է ընդամենը 443 հազար դոլարի ապրանք։ Այս տարվա 5 ամսում՝ արդեն 319 հազար դոլարի ապրանք: Եվ ներմուծման, և արտահանման ցուցանիշները բոլորովին էլ Հայաստանի տնտեսության օգտին չեն, բավարարում են Թուրքիայի տնտեսական շահերը։ Ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը, երբ թուրքական ապրանքների ներմուծումն ավելի հեշտանա օդային բեռնափոխադրումների դեպքում:

«Դրանից կշահեն Թուրքիայից ներկրողները, որի առյուծի բաժինը պատկանում է իշխանության մեջ գտնվող օլիգարխներին, իսկ ծախսերի նվազեցումն ու առևտրի հեշտացումը Թուրքիայի հետ «քիրվայության» ֆոնին հանգեցնելու է եղած գերշահույթների ավելացման»,- արձանագրում է տնտեսագետը:

Հարցին, թե կբավարարվի՞ արդյոք Թուրքիան տնտեսական էքսպանսիայով, ինչպես դա եղել է Աջարիայում, հաշվի առնելով հայ-թուրքական դարավոր թշնամանքը, տնտեսագետը պատասխանեց.

«Իրականում Թուրքիան իր «Մեծ Թուրանի» ծրագրից երբեք էլ չի հրաժարվել: Դրա հիմնական խոչընդոտը Հայաստանն է, հետևաբար՝ ցանկացած առիթ Թուրքիան կօգտագործի իրենց ծրագիրը մեկ քայլ առաջ մղելու համար: Ակնհայտ է, որ Թուրքիան և թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում են առավելագույնը ստանալ տարածաշրջանից՝ օգտվելով մեր երկրի այս վիճակից: Հայաստանի այսօրվա իշխանություններն ուղղակի նվեր են թուրք-ադրբեջանական տանդեմին, քանի որ իրենց իշխանական աթոռները պահում են ամեն գնով, այդ թվում՝ երկիրը, երկրի ռազմավարական նշանակության հնարավորությունները հանձնելու գնով, և դրանք ձևակերպում են ապաշրջափակման, ապագա զարգացման հեռանկարի և, ի վերջո, խաղաղության կեղծ քողի տակ:

Ընդհանուր առմամբ տարածաշրջանում տնտեսական ինտեգրումը դրական երևույթ է, բայց երբ դա փոխշահավետ է, երբ հավասարակշռված են բոլոր մասնակիցների շահերը: Երբ դա ուղղակի պարտադրվում է ուժով և մեկ կողմի շահերի անվերջ զիջմամբ, չի կարող լինել դրական արդյունք: Թուրքիան պարտադրում է մեզ ճանապարհներ, պարտադրում է ռազմավարական մեծ զիջումներ և ներդրումների քողի տակ տնտեսական փափուկ ուժով տիրանալու է մեր տնտեսությանը»,- եզրափակեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

 Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս