Բաժիններ՝

«Պլոճիկով մեկը կա՞, որ էս հարցը լուծի, չկա՛, ծախված շներ են․ անհետ կորածների հարցը հետին պլանում է»․ անհետ կորածների հարազատներ

Նախորդ ամիս՝ հունիսի 9-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մուշեղ Արամյանի, մեկնարկեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը։

Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետևանքով, ինչպես ընդունված է ասել, «Քիմիկների» զորամասի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհետ կորել են։

Անդրանիկ Մակարյանը և բարձրաստիճան մյուս զինվորականներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, և նրանցից ոչ մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվում, փաստորեն բոլորն էլ ազատության մեջ են:

Հունիսի 9-ի դատական առաջին նիստը հետաձգվել էր, քանի որ Անդրանիկ Մակարյանը մեղադրական եզրակացություն չէր ստացել։

Կարդացեք նաև

Դատական երկրորդ նիստը նշանակվել էր հուլիսի 14-ին, սակայն անհետ կորած զինծառայողների ծնողները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ հետաձգված նիստը ևս չի կայացել։

Ծնողները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ դատավորը շատ լավ իմանալով, որ իրենք Արմավիրի մարզից պետք է հասնեին Սյունիք՝ Գորիս, հուլիսի 14-ին նշանակված դատական նիստը հերթական անգամ հետաձգելու մասին իրենց տեղեկացրել են միայն հուլիսի 13-ի երեկոյան, դատական նիստից ժամեր առաջ, երբ ծնողներն արդեն պատրաստվում էին ուղևորվել Գորիս․

«Ոչ մի օրենքում չկա գրված, որ դատավորի աները մահանում է, դատական նիստը պետք է հետաձգվի։ Մենք մի օր առաջ արդեն ամեն ինչ պայմանավորված, որոշած, ավտոբուս ենք վերցրել, որ պետք է գնանք դատի, բայց երեկոյան ժամը 21։00-ին դատավորի քարտուղարը զանգեց և ասաց՝ նիստը հետաձգվում է, նամակ կստանաք, թե երբ է լինելու։ Իրենք շատ լավ գիտեին, որ նախորդ անգամվանից ավելի շատ ծնողներով ենք գնալու․․․

Մի քանի օր առաջ զանգել են ծնողներիս, ասել՝ դատական նիստը օգոստոսի 23-ին է նշանակվել։ Մենք էլ բորբոքվեցինք, ասացինք՝ էս ի՞նչ խաղեր են, այսօր հուլիսի 20-ն է, դուք ասում եք՝ օգոստոսի 23-ին, հա՞, ինչո՞վ է պայմանավորված դատը 1 ամիս հետաձգելը։

Մենք դատավորի քարտուղարուհուն էլ ասացինք՝ դուք տեսաք, որ առաջին դատական նիստից հետո մենք բոլոր մեղադրյալների մեքենաների անիվները իջեցրեցինք, երկրորդ դատին շատ ավելի վատ բաներ ենք անելու, ոչ միայն մեղադրվող կողմին․․․»։

Էջմիածնի «Քիմիկներ» անվամբ հայտնի զորամասի ծնողները մեզ հետ զրույցում պնդեցին, որ այս զորամասի անհետ կորած տղաների ծնողներն ու հարազատները ներկայանալու են օգոստոսի 23-ին նշանակված դատական նիստին: Միևնույն ժամանակ հիշեցրեցին.

«Խոսքը 35 տղաների մասին է, որովհետև 40-ից 5-ը վերադարձվել են հայրենիք։ Ճիշտ է, 35-ից 6 տղաների մասունքները հարազատները հուղարկավորել են, բայց այդ ծնողներն էլ չեն հավատում, որ դա իրենց տղաների մասունքներն են, բոլորն էլ վստահ են, որ իրենց տղերքը ողջ են՝ գերության մեջ։ Եթե կարծում են, որ հետաձգելով՝ կարող են մեր պայքարը մարել, չարաչար սխալվում են, ամսի 23-ին մի քանի ավտոբուսով ենք գնալու․․․

Մենք դիմել էինք, որ դատական նիստերը տեղափոխվեն Արմավիր, որովհետև լիքը ծնողներ վատառողջ են, չեն կարող ամեն անգամ այդքան երկար ճանապարհ գնալ․․․»։

Քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում տարբեր գերատեսչությունների մոտ՝ Կառավարություն, Պաշտպանության նախարարություն, ՌԴ դեսպանատուն, հանդիպումներ էին ունենում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, սակայն վերջին շրջանում նման գործողությունների ականատես չենք լինում, ուստի անհետ կորածների ծնողներից մի քանիսին հարցրեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանի պասիվությունը․

«Խի ինչ-որ մի տեղ կա՞, որ մենք ակցիա անենք, կա՞, մեկը կա՞ տենց պլոճիկով, որ կարողանում է էս հարցը լուծի, գնանք իրեն դիմենք, չկա՛։ Սաղ էլ ծախված շներ են, ոչ մեկն էլ չկա, ոչ մեկն էլ գոյություն չունի, անհետ կորածների հարցը մնացել է հետին պլանում, բայց թող իմանան, որ մայրական բնազդը, մոր ներսում քնած գազանը որ արթնացավ, շատ վատ կլինի։ Մենք ուղղակի սպասում ենք, մտածում ենք՝ գերության մեջ գտնվող տղերքին չվնասենք մեր այդ քայլերով, միայն դա է մեզ պահում․․․»։

Դիտարկմանը, թե՝ դուք ասում եք՝ այս իշխանությունների համար գերիների հարցը հետին պլան է մղված, բայց 2021 թվականի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամբողջ քարոզարշավին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հենց գերիների հարցն էր շահարկում, Փաշինյանն անգամ պատրաստ էր իր որդուն ուղարկել Բաքու՝ գերիների հետ փոխանակման, արձագանքեց.

«Սարեր խոստացան ու թողեցին․․․ Հիմա, որ գնանք իրենց էս հարցով դիմենք, պետք է օգնե՞ն, ո՛չ։ Շատ-շատ ասեն՝ գերիները մի 2 ամիս էլ կսպասեն, մի քիչ էլ կսպասեն մեր տղերքը․․․ Մենք յուրաքանչյուրի ասած բառը շատ լավ հիշում ենք, չենք կարող մոռանալ։ Հիմա Նիկոլը գնացել է արձակուրդ, մարդն էնքան աշխատեց, էնքան մի հարց լուծեց, որ հիմա գնացել է արձակուրդի։ Միանշանակ այս իշխանությունները գերիների հարցը թողել են, չեն զբաղվում։ Կարծում եմ՝ ռուսը կարող է միայն որևէ բան անել, ուրիշ ոչ մեկը․․․ Երևի իշխանությունը փոխվի, նոր լավ կլինի, արդեն «երևի»-ներով ենք ապրում․․․»։

Անդրադառնալով դատական նիստերը Գորիսից Արմավիրի մարզ տեղափոխելու իրենց պահաջին, ծնողները վստահեցրեցին, եթե իրենց միջնորդությունը չբավարարվի, ծայրահեղ քայլերի են դիմելու։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին մարտական գործողություններին մասնակցելու համար Կովսականի «Զանգելան» մեկնած խումբը հայտնվել էր շրջափակման մեջ, նրանցից մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, մյուս մասն էլ գերի էր ընկել, անհետ կորել։

Ի դեպ, այս խմբից անհետ կորած զինծառայողների հարազատները տեղեկություն ունեին, որ այդ ուղղությամբ մարտական գործողությունները ղեկավարել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, և բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո 2020 թվականի դեկտեմբերին հանդիպել էին Մակարյանի հետ։ 1 ժամ տևած հանդիպումից հետո ծնողներն ու հարազատները դժգոհ դուրս էին եկել և հայտարարել, որ Անդրանիկ Մակարյանն ասել է՝ վրիպում է եղել։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները 2020 թվականի դեկտեմբերի 16-ին հանդիպել էին նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ, իսկ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էին․

«Օնիկ Գասպարյանն ասաց՝ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, եթե ես էլ մեղավոր լինեմ, պետք է պատասխան տամ»։

Տեսանյութեր

Լրահոս