Բաժիններ՝

«Օնիկ Գասպարյանն ասաց՝ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, եթե ես էլ մեղավոր լինեմ, պետք է պատասխան տամ». անհետ կորածի մայր

Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ 3 հոգանոց խումբ էին կազմել և Պաշտպանության նախարարությունում հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Անհետ կորածներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, 168.amի հետ զրույցում որոշակի մանրամասներ հայտնեց փակ հանդիպումից, հավելելով, որ առայժմ իրենց բողոքի ակցիաները դադարեցնելու են և սպասեն կոնկրետ գործողությունների:

«Ասացինք՝ կլինի՞ մենք խոսենք, իրականությունը ներկայացնենք, որովհետև մեր ժամանակը սուղ է: Օնիկ Գասպարյանը պատասխանեց՝ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, բոլորն անխտիր, անգամ, եթե ես էլ մեղավոր լինեմ, ես էլ պետք է պատասխան տամ: Ինքը շատ նեղվեց, թե մենք ինչո՞ւ պետք է պահանջեինք իր հետ հանդիպում, ասելով, որ ինքը պարտավոր էր բոլոր ծնողների հետ հանդիպում ունենալ, բայց, քանի որ իրավիճակն այս պահին ահավոր լարված է, չի հասցնում…»,- ասաց Անահիտ Ադոյանը:

Իսկ  արդյո՞ք նշված տարածքում, որտեղ մարտական գործողություններ իրականացնելու համար մեկնել էին իրենց որդիները, որոնողական աշխատանքներ իրականացվում են՝ հարցրեցինք ծնողին, հստակեցնելով, որ շատ ծնողներ նաև նման հարց էին բարձրացնում.

«Օնիկ Գասպարյանն ասաց՝ մի անգամ արվել է, իհարկե, աղմուկից հետո, ոչինչ չի եղել, բայց քանի որ Զանգելանում զոհեր են ցույց տվել, մենք պարտադրում ենք, եթե դիակներ ունենք, անպայման դուրս բերեն: Առաջին իսկ հնարավորության դեպքում խաղաղապահները մտնելու են Զանգելան և դիակների փոխանակում անեն, ոչ թե որոնողական աշխատանքներ, քանի որ որոնողական աշխատանքներ տեղի են ունեցել, սակայն այդ պահին այնտեղ ոչ մեկը չի եղել: Քանի որ այդ հատվածում ադրբեջանական կողմը երեք անգամ հերթափոխ է իրականացրել, հիմա իրենք պետք է պարզաբանեն, թե որ հերթափոխն ո՞ւր է տարել մեր դիակները…»:

Հիշեցնենք, որ շուրջ 2 ամիս է՝ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիաներ են իրականացնում նույն այդ զորամասի, Պաշտպանության նախարարության շենքի դիմաց, պահանջելով, որ րոպե առաջ որոնողական աշխատանքներ սկսեն և գտնեն իրենց հարազատներին: Քաղաքացիներն այս ընթացքում նաև նամակ են հանձնել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի որպես երրորդ կողմ՝ միջնորդի, և տվյալ հատվածում որոնողական աշխատանքներ սկսվեն:

Նշենք նաև, որ օրերս Հայաստան տեղափոխված 44 գերիներից մեկը՝ Տիգրանը, հենց այս զորամասի զինծառայող էր, որը մինչև այս պահը համարվում էր անհետ կորած:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս