Հայաստանը կործանարար սպառնալիքի տակ է, բայց իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է լուրջ գործոն դառնալ. Հարությունյան
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հուլիսի 20-ին հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
«Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիներին բանտում, հիվանդանոցում և այլն»,- նշված էր հայտարարության մեջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը նախորդիվ տարածված հայտարարություններից առանձնանում է մի կարևոր շեշտադրմամբ։
«Այդ հաղորդագրության մեջ խոսքը գնում է համակարգ ստեղծելու և կամավորներ հավաքագրելու մասին. նպատակն ԱՄՆ-ի համար հետաքրքիր ինֆորմացիաներ հավաքելն է։ Բնականաբար, հավաքված տեղեկությունը պետք է ինչ-որ մարմնում վերլուծվի։ Այսինքն, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ դեսպանատունը խնդիր է դրել՝ իր համար ձևավորել տեղեկատվություն մշակող մի համակարգ, բնականաբար, հետագայում նաև ազդեցություն գործելու նպատակով։ Այս հայտարարությունը կարող է խոսել նաև այն մասին, որ Հայաստանը կանգնած է նոր ռազմական բախումների շեմին»,- ասաց Հարությունյանը։
ՀՀ նախկին վարչապետը պատահական չհամարեց այս հայտարարության տարածումից օրեր առաջ Իրանի անվտանգության խորհրդի գերագույն քարտուղար Ալի Շամխանիի այցը Հայաստանը։
Ըստ Հարությունյանի՝ Իրանի կարևոր պաշտոնյայի այցն այս փուլում լուրջ մեսիջ էր պարունակում և կարելի է որակել՝ որպես ահազանգ Հայաստանի նկատմամբ Իրանի ունեցած մտահոգությունների վերաբերյալ։
«Ուշագրավ է, որ Իրանի անվտանգության խորհրդի գերագույն քարտուղարը Հայաստանում չի հանդիպել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ, իսկ դա նշանակում է, որ խոսքը գնում է աշխարհաքաղաքական լուրջ վերաձևավորումների մասին, որի շահագրգիռ կողմ են և՛ Իրանը, և՛ ԱՄՆ-ը։ Նշեմ, որ մեկ այլ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցը հիմնականում կապված էր Իրանի համապատասխան բարձրաստիճան պաշտոնյայի այցը հակակշռելու հետ։
Ինչ վերաբերում է ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այցին, ապա դա ուղղակի խոսում էր այն մասին, որ Ռուսաստանն ասում է՝ մենք կանք, մենք կարող ենք ազդեցություն ունենալ այս տարածաշրջանում։ Հավելեմ, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի շփումները միայն ՀՀ քաղաքական իշխանության և ոչ թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ ևս ունեն աշխարհաքաղաքական կոնտեքստ, որոնք, եթե հաջողվի իրականություն դարձնել, ապա ԱՄՆ-ին կհաջողվի Իրանը մեկուսացնել, իսկ Ռուսաստանը, որն այսօր Իրանի հետ կապվում է Կասպից ծովով և Ադրբեջանով, Նարիշկինին այստեղ է գործուղել, ասելու՝ ՌԴ-ի համար կարևոր է Իրանի հետ կապը նաև Հայաստանով»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը։
Ըստ Հարությունյանի՝ անվիճելի է այն, որ, ի թիվս մեր պետականության առաջ ծառացած գոյաբանական խնդիրների, Հայաստանի իշխանությունն ունի մեր երկրի աշխարհագրության միջոցով տարածաշրջանում Հայաստանի շահը պաշտպանելու բացառիկ հնարավորություն։
«Հայաստանը հիմա կործանարար սպառնալիքի տակ է, բայց իր աշխարհագրության շնորհիվ կարող է դերակատարում ստանձնել և գործոն դառնալ»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով՝ այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն՝ դրա ունակությունը չունեցող ՀՀ իշխանությունն անում է այլ բան։
«Նիկոլ Փաշինյանը վախեցնում է սեփական ժողովրդին, թե՝ խելո՛ք մնացեք, նստեք տեղնե՛րդ, թե չէ պատերազմ կլինի, ուստի եկեք զիջենք, բայց ես պնդում եմ՝ որքան զիջեք, այնքան պատերազմն ավելի հուժկու է թակելու մեր դուռը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ եթե ՀՀ իշխանությունը ցանկանում է խուսափել պատերազմից, պետք է հետևողականորեն բարձրաձայնի այն խնդիրները, որոնք հնարավորություն կտան տարածաշրջանում բալանս վերականգնել, օրինակ՝ հայտարարել, որ Արցախի հիմնախնդիրը կարգավորված չէ, և պետք է սկսել բանակցությունները Մինսկի խմբի հետ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում