«Իրավունքների պաշտպանության այն բազան, որից պետք է օգտվեն փախստականները, պետք է օգտվեն նաև բռնի կամ ներքին տեղահանված անձինք». Գեղամ Ստեփանյան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներից բռնի տեղահանված հազարավոր մարդիկ մինչև օրս զրկված են սեփական տնից։

Բռնի տեղահանված բնակիչներն ի՞նչ կարգավիճակ ունեն, ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիայի հետևանքով շուրջ 40 հազար բռնի տեղահանված կա։

«Կառավարության տարբեր որոշումներում ամրագրված է, որ այդ մարդիկ համարվում են ներքին տեղահանված անձինք։ Սա արդեն իսկ իրենից ենթադրում է  կարգավիճակ։ Վերջին 1,5 տարվա ընթացքում գոնե Արցախի Կառավարության կողմից պետք էր համապատասխան օրենք կամ համապատասխան որոշում ընդունվեր և այդ մարդկանց հատուկ վկայականներ տրվեր, որով և նրանց կարգավիճակը կփաստվեր։ Բայց փաստացի, եթե այսպես ասենք՝ այդ անձինք ներքին տեղհանվածներ են։ Իհարկե, որոշակի տարբերություններ կան, որոշ իրավական ակտերում բռնի տեղահանված է նշվում, որոշներում՝ ներքին տեղահանված, սակայն ըստ էության հարցը դրանից չի փոխվում»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է փախստականի կարգավիճակ տալուն, Գեղամ Ստեփանյանը նկատեց՝  բանն այն է, որ միջազգային պրակտիկան էլ է ցույց տալիս, որ փախստականի կարգավիճակ  չի կարող տրվել այն պարագայում, եթե անձը գտնվում է տվյալ երկրի տարածքում և ունի տվյալ երկրի փաստաթուղթ։

«Մենք գիտենք, որ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ այն քաղաքացիները, որոնք բռնի տեղահանվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներից, ունեն ՀՀ անձնագիր։ Հիմա ըստ էության հնարավոր չէ նրանց համարել փախստական։ Եթե նույն անձնագիր ունեցող պետության մի տարածքից մյուս տարածք են տեղափոխվում, օրինակ, եթե Հադրութից տեղափոխվել է Ստեփանակերտ, այդ պարագայում նա չի կարող համարվել փախստական, որովհետև միջազգային պրակտիկան ասում է, որ այդ անձինք համարվում են բռնի տեղահանվածներ։ Նույնը վերաբերում է նաև ՀՀ տեղափոխվելուն, որովհետև այդ անձինք ունեն Հայաստանի անձնագիր՝ Հայաստանն էլ նրանց չի կարող փախստականի կարգավիճակ տալ»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի Հանրապետության ՄԻՊ-ի խոսքով՝ սակայն, այս ամենը չի վերաբերում այն արտոնություններին կամ աջակցման ծրագրերին, որոնք գործարկվում են փախստականների դեպքում։ Այսինքն՝ միջազգային իրավունքը և պրակտիկան կա, որը փախստականների համար առավել մեծ արտոնություններ չի սահմանում, քան տեղահանված անձանց համար։

«Կարող ենք ուսումնասիրել տարբեր փաստաթղթեր և դրանցով որևէ տարբերություն չենք նկատի։ Իրավունքների պաշտպանության այն բազան, որից պետք է օգտվեն փախստականները, պետք է օգտվեն նաև բռնի կամ ներքին տեղահանված անձինք։ Զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից, այս անձինք բռնի տեղահանված են, որովհետև դա բնորոշում է կյանքին սպառնացող անմիջական վտանգի ներքո՝ մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխված անձ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ եթե անձը չունի փախստականի կարգավիճակ, կարո՞ղ է միջազգային կառույցներում որևէ իրավական գործընթաց սկսել՝ օրինակ, իր կորցրած սեփականությունը վերականգնելու հարցով, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց, որ այս դեպքում կարգավիճակը որևէ կապ չունի, և կարող են այդ հարցը բարձրացնել։

«Մարդն ունեցել է սեփականություն, այն կորցրել է, և սեփականության իրավունքը խախտվել է, հետևաբար՝ նա կարող է գնալ, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և պաշտպանել իր իրավունքները։ Անհատական դիմումների վերաբերյալ տեղեկություններ չունեմ, բայց գիտեմ, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատի շրջանակներում նաև կորցրած գույքի մասով է հայտ, պահանջներ  ներկայացված»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։

Տեսանյութեր

Լրահոս