
«Խաղը փոխելու լիակատար հնարավորություններ կան, անունը՝ «քաղաքական մոբիլիզացիա հակահարձակման նպատակով»». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատերը կասեն, թե Փաշինյանը Time out է վերցրել իր պլանավորումների վերախմբագրումների համար և կարող է ճիշտ լինեն, բայց քաղաքական գիշատիչի նրա մենթալիտետը հաշվի առնելով նշեմ մեկ հանգամանք: Գիշատիչը կամ հաղթում է կամ նահանջում: Փաշինյանը նահանջել է վախենալով իր, իսկ սկսած խաղից, վախենալով վերջնախաղից, բավարարվելով ՀԵՑ-ի բռնագրավման ժամանակավոր հաջողությունով: Նա ձախողեց ՀԱԵ-ի բռնագրավումը, ձախողեց «միջանցք տալը», որպես «ճանապարհի արտապատվիրակում» ներկայացնելու PR կոմպանիան և նահանջեց:
Նա ձախողել է բոլոր այն օպերացիաները, որտեղ ստացել է դիմադրութուն ու ձիգ, կոշտ սկզբունքայինություն: Նա նահանջել է միշտ, երբ իր նետած մարտահրավերն ընդունել են ձիգ: Նա կլանում է միշտ, երբ մարտահրավերից խուսանավում են ու հրաժարվում «կռիվ տալ»: Դա նա ընդունել է որպես հարձակման ու հաղթանակի բաց հնարավորություն:
Խաղը փոխելու լիակատար հնարավորություններ կան և հնարավորության անունն է «քաղաքական մոբիլիզացիա հակահարձակման նպատակով»: Դրա պարարտ հողի անունն է Փաշինյանի լեգիտիմության տոտալ կորուստը: Նա անցել է յուրաքանչյուր ավտոկրատի վերջին փամփուշտին, այն է օպոնենտների բռնադատումն ու մեկուսացումը:
Այս երկրի բնակչության կեսից ավելին, եթե չասենք մեծամասնությունը դեմ է նրա քաղաքականությանը, բայց չի ստանում այլընտրանքային քաղաքականության կոնկրետ և խիստ տարբերվող առաջարկ քաղաքական դաշտից: Որևէ պարագայում այս իշխանության ընթացքի կասեցումը չի ենթադրում նույն չաշխատող հնացած մեթոդների բազմակի կիրառում: Դա արդյունք չի տալու: Այն ենթադրում է սեփական քաղաքական ռեսուրսների գերմոբիլիզացիա, ներընդդիմադիր «փոխադարձ չհարձակման պակտ», դա ենթադրում է սեփական ընտրազանգվածների հետ շատ խիտ աշխատանք հստակ նարատիվներով և առաջարկներով: Սա է բերելու այս իշխանության ապալեգիտիմ վիճակի ֆիքսմանն ու բետոնացմանը , թույլ չտալով նրան կրկին լեգիտիմանալ չունենալով դրա ռեսուրսը, իսկ այդ սցենարի հավանականությունը կա և դա բացարձակ իր մեղքը չէ, այլ իր դեմ ինստիտուցիոնալ և ոչ միայն պայքարողներինը:
Այս երկրում բոլոր ընտրազանգվածները լեգիտիմացնում են Փաշինյանին ոչ այն պատճառով, որ նրան վստահում և աջակցում են, այլ այն պատճառով, որ իրենց հետ ամենաշատը աշխատում է Փաշինյանը: Ճիշտ է աշխատում, թե սխալ, բարո, անբարո, աբսուրդային, իրական, բայց ամենախիտը աշխատում է Փաշինյանը:
Կա Փաշինյան կա ընդդիմություն, չկա Փաշինյան նույնիսկ հետ քաշված ու քաղաքականություն չարտադրող, չկա նրա հակաքաղաքականությունը: Հակաքաղաքականություն չկա, որովհետև այն չկա և չի մշակվել մինչ օրս: Կա նրա հարձակումը, լավ վատ, կա պաշտպանությունը հարձակումից: Չկա հարձակում, չկա հակահարձակում, ինչը կբերի նրա իշխանության ավարտի: Չկա հակահարձակում ստեղծվում է նրա մեռած լեգիտիմության վերակենդանացում քաղաքական վակուումի պատճառով:
Փաշինյանի լեգիտիմացման աղբյուրը ոչ թե նրա հետ որևէ գործընթացի մասնակցելն է, այլ նրա դեմ գործընթացների վակուումը:
Այդ գործընթացները ունեն իրավականից, սոցիալականից, բարոյականից մինչև կազմակերպված ու մտածված քաղաքական հակահարձակման մեխանիզմներ ու ապահովումներ: Սա է նրա ապալեգիտիմության ֆիքսման և արդյունքում նրա քաղաքականության ու այդ քաղաքականությունը իրագործող պետական կառուցվածքի աշխատանքի առկախման բանալին»: