Գտնվում ենք ժողովրդագրական ճգնաժամից ժողովրդագրական աղետի անցման փուլում. Միքայել Մալխասյան

2019թ. նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ նշված տարվա երկրորդ և երրորդ եռամսյակներին Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:

«Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի: Ծնունդների թվի աճը մեծ չէ, անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը, մեղմ ասած, գահավիժում էր: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են, և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ սպասումներն ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով: Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ ծնունդների ու ամուսնությունների թվի աճը փաստացի պայմանավորելով իշխանափոխությամբ և համարելով իշխանության եկած քաղաքական խմբի ձեռքբերում:

Այնինչ այդ ցուցանիշները կարճ ժամանակ անց կտրուկ նվազեցին՝ 2020-ին աշխարհը ծնկի բերած Քովիդ-19 համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված: Ստեղծված իրավիճակը մասնագետները գնահատում են՝ որպես ժողովրդագրական աղետ:

ՀՀ ժողովրդագրական միտումներն անկախացումից հետո հիմնականում եղել են բացասական: 1993թ. սկիզբ առած ժողովրդագրական ճգնաժամը շարունակվում է մինչև հիմա: Անկախացումից մինչև 2000-ականների սկիզբը ծնունդների թիվը նվազել է մոտ 3 անգամ:

Կարդացեք նաև

Թեև ժողովրդագրական ճգնաժամի երկարամյա միտումները պահպանվում են, բայց վերջին տարիների ցուցանիշների չնչին դրական փոփոխություններն անգամ դառնում են քաղաքական շահարկումների թեմա:

2021-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնպես քաղաքական նպատակներով շահարկվում էր ծնունդների ավելացման ու մահերի նվազման ցուցանիշը, որը համարվում էր օրվա իշխանությունների ձեռքբերում, սակայն իրականում դա իշխանությունների ու նրանց վարած քաղաքականության հետ բոլորովին կապ չուներ:

Ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացուն մինչև պատերազմը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Խոստանում էր մինչև 2050թ. Հայաստանի բնակչության թիվը դարձնել 5 մլն, կյանքի միջին տևողությունը՝ 90 տարի:

Հետո այս, ինչպես պարզվեց, անիրատեսական ծրագրերը դարձան Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարություն և մեծ հանդիսավորությամբ ներկայացվեցին պատերազմից ընդամենն օրեր առաջ:

Ի՞նչ ունենք այսօր: Ինչպիսի՞ն է ժողովրդագրական վիճակը Հայաստանում: Կա՞ արդյոք ժողովրդագրական աղետ, և որքանո՞վ են ժողովրդագրական ցուցանիշները կապված քաղաքական իշխանության գործունեության հետ:

«2018թ.-ին գրանցվեց բավականին ցածր մահացություն՝ 25 645 մահ, և սա ամենացածր ցուցանիշն էր 2005թ. այս կողմ: Նույնը պահպանվեց 2019-ին, երբ գրանցվեց 26 252 մահ: Շտապեցին հայտարարել, որ մարդիկ երջանիկ են ու որոշել են չմահանալ: 2017-ին 2016-ի համեմատ գրանցվել էր 1070-ով պակաս մահ, բայց ոչ մեկը չէր շտապում հայտարարել, որ իրենց շնորհիվ մի տարում 1070-ով նվազել են մահվան դեպքերը: 2018-ին 2017-ի համեմատ 1512-ով էին նվազել մահվան դեպքերը: Դա ուներ շատ պարզ պատճառաբանություն, և այդ օրերի քաղաքական իրադարձությունները չէին կարող կտրուկ փոխել ժողովրդագրական պատկերը: Պարզապես այդ տարիներին մահանում էին Հայրենական պատերազմի տարիներին ծնվածները: 2020-ին գրանցվեց հակառեկորդ: Միանգամից նախորդ տարվա համեմատ գրանցվեց 10 000-ով ավելի շատ մահ և գրանցվեց մեր ժողովրդագրական պատմության մեջ որպես առավելագույն մահացություն գրանցած տարի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պատմական ժողովրդագրության մասնագետ, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը:

Ընդհանուր առմամբ, Միքայել Մալխասյանի խոսքով, մահացությունը՝ անկախ Քովիդի ու պատերազմի ուղղակի ազդեցությունից, աճում է միջինը 4-5 տոկոս, որն առաջիկա տարիներին շարունակական լինելու միտում ունի, որովհետև արդեն մահանում են Հայրենական պատերազմից հետո ծնվածները: Հայրենական պատերազմից հետո ծնելիությունը կտրուկ աճել է և շարունակվել է մինչև 60-ականների սկիզբ: Եթե հետհաշվարկ ենք կատարում կյանքի միջին տևողությամբ, ապա ստացվում է, որ այդ մարդիկ հիմնական մահացող տարիքային խումբն են այսօր, հետևաբար՝ բնական է, որ մահացության ընդհանուր ցուցանիշը պիտի աճի:

Ինչ վերաբերում է ծնելիության աճի միտումներին, ապա, Միքայել Մալխասյանի խոսքով,  այն սկսել է աճել 2001-ից հետո և առավելագույն ցուցանիշին է հասել 2010 թվականին՝ 44 825 ծնունդ, հետո աստիճանաբար սկսել է նվազել: Ծնունդների ցուցանիշի աննշան աճ է գրանցվել նաև 2014, 2020 և 2021թթ.: Այս և նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատությունը ցույց է տալիս, որ ծնունդները նվազել են 5.4 տոկոսով, իսկ 2020-ի հունվար-մայիս ամիսների համեմատ աճել են 6 տոկոսով:

«Եթե գնահատենք ժողովրդագրական վիճակը, ապա գտնվում ենք ժողովրդագրական ճգնաժամից ժողովրդագրական աղետի անցման փուլում: 2020-ին ծնունդների և մահերի բալանսը եղել է բացասական, 2021-ին՝ չնչին դրական, բայց ծնելիությունը գտնվում է կայուն ցածր մակարդակի վրա: Եթե անգամ ծնելիությունն ունի աճի միտում, երկարաժամկետ հեռանկարում չի կարող ծածկել մահացության աճի ցուցանիշները: Դրա համար անհրաժեշտ են ծնելիությունը խթանող պետական լրացուցիչ ծրագրեր: Այսօր իրականացվող ծրագրերը բավարար չեն»,- արձանագրում է մեր զրուցակիցը:

Մասնագետը վստահ է, որ երկու սեռերի թվաքանակի միջև մեծացող անհավասարակշռությունն անխուսափելիորեն երկարամյա բացասական ազդեցություն է ունենալու ժողովրդագրական իրավիճակի վրա:  Ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենան ժողովրդագրական իրավիճակի վրա նաև տարածքային կորուստները:

«Ժողովրդագրության մեջ գոյություն ունի «Սերբական սինդրոմ» տերմինը: Հարավսլավիայի փլուզումից հետո սերբ հասարակության մոտ ապագայի նկատմամբ հավատը՝ որպես սերբական ապագա, սկսեց զրոյանալ, և գրանցվեց ծնելիության կտրուկ անկում: Եթե այս համատեքստում դիտարկենք Արցախն ու Հայաստանը, կարող ենք մի քանի տարվա ընթացքում չափել, թե որքանով է դա արտահայտվում մեզ մոտ: Անցած տարի Արցախում առաջին 6 ամիսների կտրվածքով ծնունդների և մահերի տարբերությունը բացասական էր՝ -88: Դա բացատրվում է մի շարք հանգամանքներով՝ մեկը՝ հոգեբանական, մյուսը՝ ուղղակի ազդեցությունը, երբ մարդիկ լքում են իրենց բնակավայրը, և նրանց հաշվառման ցուցանիշները կապվում են նոր բնակավայրերի հետ: Իսկ Արցախից տեղահանված բնակչության մի մասը չի վերադարձել Արցախ, որովհետև պարզապես դա հնարավոր չէր»,- նշեց Միքայել Մալխասյանը:

Ժողովրդագրության մասնագետը վստահեցնում է, որ տարբեր պետությունների որդեգրած ժողովրդագրական քաղաքականությունը դարձել է ազգային ծրագիր կամ առնվազն ժողովրդագրական զարգացման հայեցակարգ: Դրանք ուղղակի փաստաթղթեր չեն և ներառում են համալիր միջոցառումներ՝ տնտեսական, սոցիալական, կրթական և հոգեբանական: Սա անհրաժեշտություն է մեր երկրի համար` հաշվի առնելով այն, որ մեր թշնամի հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում ժողովրդագրական միտումներն ավելի բարվոք են։

«Մեզ մոտ նման համալիր համակարգ չկա, կան սոցիալական ծրագրեր ու միջոցառումներ՝ ծնելիության խրախուսում, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցություն, երեխայի ծննդյան միանվագ և աշխատող մայրերին տրվող ամսական նպաստի բարձրացում: Սակայն սրանք բավարար չեն: Կա ժողովրդագրական ազգային ծրագրի խիստ անհրաժեշտություն: Իսկ քանի դեռ չկա նման ծրագիր, ապա ժողովրդագրական աղետալի վիճակը շարունակելու է նույն տեմպերով զարգանալ»,- եզրափակեց Միքայել Մալխասյանը:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս