Ինտենսիվ շինարարություն Հատիս լեռան վրա. քաղաքացիների բողոքի ակցիա. գիտնականները պահանջում են հրապարակել շինարարության թույլտվությունը
Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Խաչատրյանը Հատիս լեռան գագաթից տեսանյութ էր հրապարակել իր էջում՝ նշելով, որ ինտենսիվ շինարարություն է իրականացվում տվյալ պահին:
«Անմիջապես գագաթի մոտ 3 էքսկավատոր է աշխատում, մյուսներն ավելի ներքևում են: Գագաթը լրիվ աղավաղված է, բայց ցանկության ու կամքի դեպքում հնարավոր կլինի այս ճանապարհը նորից հետ լցնել ու թողնել, որ սարը մի քանի տասնամյակում պեղումների, քամու միջոցով ամեն ինչ տեղը բերի»,- նշում է օգտատերը:
Քաղաքացիներն այսօր նաև բողոքի ակցիա են իրականացրել Հատիսի գագաթին:
Շրջակա միջավայրի նախարարությունից 168.am-ին հայտնեցին, որ գործընթացներ են սկսվել, որոնց ավարտից հետո կտրվի համապատասխան տեղեկատվություն:
ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտից կարծիք են հայտնել, որ պետք է հրապարակվեն հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը։
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց. «Ցանկացած շինարարության համար համապատասխան թույլտվություն է պետք, ինժեներաերկրաբանական հետազոտություն, իսկ Հատիս լեռան վրա, անհասկանալի է՝ ճանապարհ է կառուցվել, հողային աշխատանքներ են իրականացվել: Բնության հուշարձան է, հատուկ կարգ պետք է լինի, հատուկ թույլտվություն, և ինստիտուտի տարածած հաղորդագրությունում խնդրել ենք ներկայացնել թույլտվությունները, որոնք, ի դեպ, շատ դեպքերում ուղարկում են Գիտությունների Ազգային Ակադեմիա՝ կարծիքի համար»:
Նշենք, որ Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին կառավարության` 2008 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ` Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը` անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար իրականացվող աշխատանքներին։
«ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույլտվություն, մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանակում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում: Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը և մամուլի կողմից տարածված լուսանկարներում և տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, ինչպես նաև հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն և դառնան հասանելի անկախ փորձաքննության համար։»,- նշված է հայտարարությունում։
Հայտարարություն տարածել էր նաև Շրջակա միջավայրի նախարարությունը. «Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
Հայտնում ենք, որ արձանի տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 10-ին հանդես է եկել պարզաբանմամբ. «2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «…նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»:
Վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն նախագիծ չի ներկայացվել: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչև սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջել է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ևս տարածել էր հայտարարություն, որում ասված էր․ «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»:
Նկատենք, որ Հատիսը հանգած հրաբուխ է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան մասում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում:
Հատիսը բնության հատուկ պահպանվող տարածք է: Գոյություն ունեն լեռան Հատիս կամ Հադիս անվանաձևերի ծագման մի շարք մեկնաբանություններ։ Դրանցից մեկի համաձայն՝ Հատիս անվան հիմքում ընկած է փռյուգիական բնության մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը, որն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է հայոց թագավոր, աստված Արա Գեղեցիկին։ Ներկայացվածից բխում է, որ լեռը նախապես կապված է եղել Արայի պաշտամունքի հետ։ Հատիս լեռան գագաթին և լանջերին են գտնվում շուրջ 20 պատմամշակութային հուշարձաններ։ Լեռան գագաթին են գտնվում վաղ բրոնզեդարյան ամրոցի ավերակները։