Բաժիններ՝

«STARMUS VI փառատոնի հիմնական խնդիրը գիտության կոմունիկացիան է, որ գիտությունը հասցվի ժողովրդին»․ Գարիկ Իսրայելյան

Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնը լավ հնարավորություն է երկրում խթանելու գիտական տուրիզմը. ոլորտային հետաքրքիր քննարկումներից մինչև հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ համերգներ, Star party (աստղային երեկույթ). այս ամենը կարող է Հայաստան բերել օտարերկրյա զբոսաշրջիկների:

Փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը Հայաստանում զբոսաշրջային ընկերություններին անձամբ ներկայացրեց փառատոնի շնորհիվ ընձեռվելիք հնարավորությունները. հանդիպմանը մասնակցում էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը:

«Փառատոնի հիմնական խնդիրը գիտության կոմունիկացիան է, որ գիտությունը հասցվի ժողովրդին»,-նշեց Իսրայելյանը:

Գիտական փառատոնը հատկապես տպավորիչ արդյունքներ է տվել Նորվեգիայում՝ ներգրավելով մեծ թվով մարդկանց:

Կարդացեք նաև

«Հայաստանում շատ երիտասարդներ, դպրոցականներ կան, որ հետաքրքրված են տեխնոլոգիաներով, գիտությամբ: Եվ փառատոնն առաջին հերթին իրենց համար է, որ իրենց ներգրավենք: Երկրում փառատոնի անցկացման երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանի իմիջը լավացնենք: Մենք ուզում ենք երկրի համար ստրատեգիական բաներ անել»,-ասաց Իսրայելյանը:

Նա նկատեց՝ Հայաստանում հիմքը կա. երկրում մի ժամանակ եղել է շատ լավ գիտություն, տեխոնոլոգիաներ, բայց աշխարհում դրա մասին չգիտեն: Հիմա նպատակն է փառատոնով Հայաստան բերել ոչ միայն գիտնականների, այլ նաև մեծացնել զբոսաշրջային հոսքը:

Իսրայելյանը վստահ է՝ Հայաստան եկող զբոսաշրջիկները կարող են հետաքրքրվել գիտական այս փառատոնով, որի շրջանակում Հայաստան են գալու նաև շատ հայտնի երաժիշտներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, անցկացվելու է Star Party (աստղային երեկույթ):

Star Party-ներն աշխարհում շատ տարածված են: Փառատոնի շրջանակում Հայաստանում այն անցկացվելու է Գառնիում՝ բաց երկնքի տակ: Ժամը 22:00-ից հետո դրվելու են աստղադիտակներ, լինելու է կենդանի երաժշտություն, կոկտեյլ՝ մինչև ուշ գիշեր:

«Հայաստանը զբոսաշրջիկներին հիմնականում գրավում է իր վանքերով, հնություններով, պատմությամբ: Հիմա փորձենք նաև այն մարդկանց ներգրավել, որոնք հետաքրքրված են այս փառատոնով»,-ասաց Իսրայելյանը:

Զբոսաշրջիկներին Հայաստանում այս համատեքստում կարող է գրավել նաև աստղադիտարանը, Քարահունջը և շատ այլ վայրեր:

Տուրօպերատորներին ներկայացվեցին փառատոնի հագեցած օրակարգը, միջոցառումները, նաև տոմսերի արժեքները: Տուրօպերատորները STARMUS -ը շատ լավ հնարավորություն համարեցին նոր զբոսաշրջային պրոդուկտ ստեղծելու համար: Ըստ նրանց՝ այս փառատոնը կարող է գրավել և Հայաստան բերել զբոսաշրջիկների հատկապես հարևան երկրներից՝ Վրաստանից, Իրանից, այն կարող է հոսքեր ապահովել նաև Ռուսաստանից, Ղազախստանից, ինչու ոչ՝ նաև եվրոպական երկրներից:

Զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրեն Արմեն Գրիգորյանը նշեց. «Իրականում, այս փառատոնը շատ մեծ հնարավորություն է ստեղծելու: Մեր հայկական տուրպրոդուկտը հիմնականում եղել է պատմամշակութային ոլորտի, իսկ սա հիասքանչ հնարավորություն է, որպեսզի գիտական տուրիզմի մասով մենք կարողանանք առաջարկ, պրոդուկտ ձևավորել: Սա եզակի հնարավորություն է, քանի որ շատ քիչ երկրներ կարող են գիտական տուրիզմի մասով որոշակի առաջարկ անել»:

Նրա խոսքով՝ հիմա աշխատանքներ են տարվում առանձին պրոդուկտ ստեղծելու ուղղությամբ՝ փառատոնին մասնակցության ներգրավմամբ: Տուրօպերատորները պատրաստվում են տարբեր երկրների իրենց գործընկեր զբոսաշրջային ընկերությունների հետ աշխատել այս ուղղությամբ, ներկայացնել նաև այս նոր հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս