Կգնա՞ արդյոք Արցախի հարցը Բաքվի «ֆավորիտ» հանձնաժողով
Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամմադ Սեիդովը ԵԽԽՎ նիստի ընդմիջմանը ռուսերենով, հեռակապով հարցազրույցի ընթացքում դժգոհում էր հայկական կողմից: Սեիդովը շուրջ 15 րոպե բողոքում էր, թե հայերը փախչում են, պատասխանատվությունից խուսափում են, չեն ընդունում իրենց առաջարկները, չեն համաձայնում նստել-քննարկել խնդրահարույց հարցերը: Բաքվի պատվիրակության ղեկավարը միջանցքում` վրոպական պալատի նախասրահում էր խոսում: 168.am-ի ճշտող հարցին, թե ո՞ւմ և ինչի՞ մասին էր ռուսերենով դժգհություն ներկայացնում, ռուսակա՞ն լրատվամիջոց էր, Սեիդովը չպատասախանեց: «Կդժգոհեմ՝ ում որ ցանկանամ, դա ձեր գործը չէ»,- մեր հարցին ի պատասխան նախ նետեց` փորձելով արագ հեռանալ, հետո, սակայն, շարունակեց. «Դժգոհում էի այն մասին, ինչի մասին հենց նստաշրջանի ընթացքում եմ հայտարարում: Ձեր հայերը չեն էլ ուզում լսել, անընդմեջ խուսափում են»:
Ինչի՞ց են խուսափում հայկական պատվիրակությունում, ի՞նչ առաջարկներ կան ադրբեջանցիներից, որոնք չեն ընդունվում:
Հայկական պատվիրակությունում, ըստ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի, չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, ինչ է ակնարկում Սեիդովը: Ավելի ուշ նա որոշեց արձագանքել. «Իրենց մեջ քաջություն գտնեն` պատասխանատվություն վերցնեն և ադրբեջանական պատվիրակության հետ քննարկումների նստեն: Ես հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին անձամբ եմ առաջարկել»: Ի՞նչ քննարկումների նստեն ձեզ հետ, ո՞ր օրակարգով, մեր հարցին ի պատասխան Սեիդովը պարզաբանեց. «Հայկական պատվիրակության ներկայացուցիչներին առաջարկել ենք քննարկումներ անցկացնել տարբեր հարցերի շուրջ, օրակարգային կարող են լինել՝ մեր բարեկամությունը, իրավիճակը տարածաշրջանում, տարածաշրջանի ապագան, ընթացիկ հարցերը, և մեր միջև առկա այլ խնդիրները, բայց, ցավոք, նրանք մերժում են: Եվ, դարձյալ, ձեզ, որպես մեդիայի ներկայացուցիչ, խնդրում եմ, նրանց փոխանցել իմ ուղերձը՝ քաջություն գտնել և քննարկման նստել»,-ասաց նա: Սեիդովը հիշեցրեց, որ Հակամարտությունների ենթահանձնաժողով կա և հենց այստեղ` Եվրոպայի խորհրդում կարող են կազմակերպել այդ քննարկումները:
Հիշեցնենք, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի այդ ենթահանձնաժողովը ստեղծվել է 2015 թվականին՝ անդամ պետություններում «սառեցված» հակամարտություններով զբաղվելու նպատակով: Հայկական կողմը մշտապես դեմ է եղել Արցախի հարցի կարգավորումն այլ ձևաչափեր տանելուն` պնդելով, որ ադ խնդրով զբաղվող միակ մանդատ ունեցողը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Եվ, հետևաբար, Արցախի խնդիրը այդ ենթահանձնաժողով տանելու փորձերը նախկինում մշտապես հանդիպել են հայկական կողմի դիմադրությանը:
Ադրբեջանական լոբբինգի ջանքերով ստեղծված այդ հանձնաժողովի ձևավորումից հետո, ԵԽԽՎ-ն հայտարարեց, որ նոր ենթահանձնաժողովը ոչ թե հակամարտության կարգավորման մեխանիզմ է լինելու, այլ առկա մեխանիզմներին օժանդակելու համար խորհրդարանական դիվանագիտությունն օգտագործելու նպատակ է հետապնդելու: Այդ շրջանում, դարձյալ ադրբեջանցիների նախաձեռնությամբ, այս ենթահանձնաժողովի ղեկավարմանն էր հավակնում իսպանացի պատվիրակ Շուքլա Ի Կոստան, որը համարվում էր ԵԽԽՎ նախկին տխրահռչակ նախագահ և Եվրոպական պալատում Բաքվի խոսափողը համարվող Պեդրո Ագրամունտի աջ ձեռքը: Դոն Պեդրոյի վախճանը, սակայն, շատ տխուր եղավ, հայտնի է, թե ինչպես նրան ԵԽԽՎ-ից վռնդեցին նախագահի աթոռից ու չհասցրեց մարսել Բաքվի խավիարը: Ու, այժմ էլ, ահա, Բաքվի թափանիվը դարձյալ փորձում է Արցախի հարցը այս հանձնաժողով տանել:
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ, Ֆրանսիա