40 միլիարդ դրամով ավելի հարկ է հավաքվել. այն ուղղվեց Կառավարության պահուստային ֆոնդ
Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը քննարկման ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամի չափով ավելացնելու և այդ միջոցները Կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու վերաբերյալ նախագիծը։
«Տարվա առաջին կեսը մոտենում է ավարտին, և կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին։ Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, և դա 30 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր ներառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նա ներկայացրեց այն գործոնները, որոնցով պայմանավորված է հարկային եկամուտների աճը՝ ընդգծելով, որ դրանց թվում առաջինը հարկային վարչարարության բարելավումն է․
«Դրա արդյունքում մենք ստացել ենք, թե մեկանգամյա զգալի լրացուցիչ հարկային եկամուտներ, թե պարբերաբար նաև ավելացված հարկեր։ 2021 թվականի արդյունքներով շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է, որն ազդել է 2022 թվականի հարկային եկամուտների մեծության վրա, որովհետև մենք 2022-ի ընթացքում ստանում են շահութահարկ, որը հիմնված է 2021 թվականի ֆինանսական արդյունքների վրա։ Երրորդ պատճառը, իհարկե, խտանյութերի համար պետական տուրքի գումարն է, որը մենք նախատեսել էինք 2022-ի պետական բյուջեում, բայց եղել ենք քիչ զգուշավոր, որովհետև դա ամբողջ առաջին լիարժեք տարին էր, և մենք մտածում էինք, որ հնարավոր է տարվա ընթացքում զարգացումներն ազդեն այդ մեծությունների վրա։ Մենք տարվա կտրվածքով պլանավորել էինք 50 միլիարդ դրամ, մինչդեռ այսօրվա դրությամբ արդեն 38 միլիարդ դրամ ունենք։ Առաջին կիսամյակում ունենք գնաճային միջավայր, որն ավելի բարձր է, քան տարվա բյուջեի հիմքում դրված բազային ենթադրությունները, և սա որոշակի հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման, հատկապես՝ ավելացված արժեքի հարկի դեպքում»։
Նախարարն ասաց, որ առանց այս փուլում տարվա սպասվող հարկային եկամուտների վերջնական և ճշգրիտ կանխատեսում կատարելու, նախարարությունը գնահատում է, որ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար․
«Այս փոփոխությունը կարևոր է նաև հետևյալ պատճառով՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծրագրերի քննարկումների շրջանակում, երբ ամփոփում էինք 2023-ի անելիքները, արձանագրել ենք, որ տարբեր ոլորտներում ունենք կապիտալ բնույթի ծրագրեր, որոնք ֆինանսական աղբյուր ունենալու դեպքում իրագործելի են նաև 2022-ի ընթացքում»։
Ամփոփելով խոսքը, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացքում սկսել՝ կրթության, առողջապահության, ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք հակառակ պարագայում պետք է մեկնարկեին 2023-ին։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե պահուստային ֆոնդը 40 միլիարդ դրամով ավելացնելն ինչ է ենթադրում․
«Մենք պետական բյուջեում հավելված ունենք, որտեղ նախատեսել ենք կապիտալ ծրագրեր, որոնք այդ պահի դրությամբ մեր բյուջետային շրջանակի մեջ չի տեղավորվել, և մենք պահել ենք հենց այս դեպքերի համար։ Մյուս կողմից էլ՝ մենք կարծում ենք, որ բյուջեի եկամուտներն արտառոց ոչինչ չպատահելու դեպքում ավելին կլինեն, էլի կավելանան, և մենք գիտենք՝ կոնկրետ ինչի արդյունքում։ Հիմա նախարարություններից սպասում ենք, որպեսզի նոր ծրագրեր ներկայացնեն, ինչպես ասում են՝ ճշմարտության հերթական ժամն է։ Հիշում եք բոլորդ, թե բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ինչ մեծ բանավեճեր էր տեղի ունենում, մեր բոլոր նախարարությունները պնդում էին, որ անհետաձգելի ծրագրեր կան, և այլն։ Հիմա խնդրում ենք՝ այդ անհետաձգելի ծրագրերը կբերեք, և կտեսնենք։
Ես 2 ծրագրի մասին եմ ուզում խոսել, որ արդեն սկսենք այդ ծրագրերի իրականացումը։ Նախորդ նիստերից մեկի ժամանակ ասացի, որ մենք պատրաստվում ենք Երևանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը, և հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը։ Կարծում եմ, որ այս շրջանակներում միանգամից նախագծերը պատվիրենք և նաև մեր չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք, որովհետև կա կարևոր նրբություն, նրանք նույնպես հետագա կառավարմանը շատ կոնկրետ մասնակցություն ունենան․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում